ԿարևորՔաղաքական

ՀՀ Կառավարությունը Արմեն Գալստյանին գործուղեց ՄԻԵԴ

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հայաստանի կառավարությունը ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Արմեն Գալստյանին գործուղեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Կառավարության նիստում որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

2010թ. փետրվարի 18-19-ը Շվեյցարիայի Ինտերլակեն քաղաքում տեղի է ունեցել ՄԻԵԴ ապագային նվիրված բարձրմակարդակի համաժողով, որտեղ անդամ երկրներն ընդունել են` դատարանին հավելյալ կադրերի տրամադրման անհրաժեշտությունը` անդամ երկրների դեմ ուղղված դիմումների հսկայական քանակն ու ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակով:

ՀՀ Կառավարությունը 2011թ. մեկ տարի ժամկետով ՄԻԵԴ գործուղեց Դավիթ Մելքոնյանին: Վերջինիս բարձր մասնագիտական կարողություններն ու գիտելիքները բարձր են գնահատվել ՄԻԵԴ քարտուղարության կողմից, որը դիմել է ՀՀ Կառավարությանը` Մելքոնյանի գործուղումը երկարաձգելու խնդրանքով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մելքոնյանի գործուղումը դադարեցվել է ս.թ. մայիսի 1-ին, ՄԻԵԴ քարտուղարությունը կրկին դիմել է ՀՀ կառավարության կողմից իրավաբան գործուղելու խնդրանքով:

ՀՀ Կառավարության կողմից ներկայացված երեք թեկնածուներից ՄԻԵԴ քարտուղարությունը նախապատվությունը տվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Արմեն Գալստյանին:

Back to top button