Նոյեմբերի 18-23-ը Սպիտակ տան այցելուների սրահում կցուցադրվի հայ որբերի գործած գորգը
Սպիտակ տան այցելուների սրահում նոյեմբերի 18-23-ը կցուցադրվի հայ որբերի գործած գորգը: Ինչպես հաղորդում է Asbarez-ը, մինչև գորգի ցուցադրությունը կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Դեյվիդ Վալադաոն եւ հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ մամուլի ազգային ակումբում հանդես կգան ասուլիսով եւ կներկայացնեն գորգի ստեղծման պատմությունը: Ասուլիսի ավարտից հետո կոնգրեսականները, ովքեր շուրջ մեկ տարի պայքարել են թուրքական քարոզչության դեմ եւ հասել գորգի ցուցադրության թույլտվությանը, կայցելեն Սպիտակ տուն` մասնակցելու ցուցադրույթի բացման արարողությանը:
Ցուցահանդեսը կոչվում է «Շնորհակալություն ԱՄՆ-ին. երեք նվեր նախագահներին՝ ի երախտագիտություն արտերկրում ամերիկյան մեծահոգության», որտեղ հայկական գորգի կողքին կներկայացվեն
1930 թվականին Ֆրանսիայից ստացված Սևրի ծաղկամանը` Ֆրանսիայում երեխաներին սննդով ապահովելու համար, նաև ապակու մեջ ծաղկող ճյուղը, որն ԱՄՆ ներկայիս նախագահ Օբամային են նվիրել ճապոնացիները` 2010 թվականի երկրաշարժից ու ցունամիից հետո տրամադրված օգնության համար:
Հայ որբերի գորգն ավելի քան քսան տարի պահված է եղել Սպիտակ տան նկուղում: Գորգի ցուցադրությունը մի քանի անգամ հետաձգվել է, ինչն առաջացրել է հայ համայնքի եւ մի շարք կոնգրեսականների վրդովմունքը: Հայ որբերի գորգի ցուցադրման թեման հատկապես վերջին տարիներին հաճախ է հայտնվում միջազգային ու տեղական լրատվամիջոցների էջերում, քաղաքական գործիչների օրակարգում:
Պատճառը նրա կապն է Հայոց ցեղասպանության հետ, գորգի խիստ խորհրդանշական բնույթը: Այն ընկալվում է որպես հայերի հայրենազրկման ու կոտորածների, որբ մնացած երեխաների ճակատագրի արտացոլում: Վաշինգտոնում խուսափում են գորգը հանրությանը ներկայացնելուց` փորձելով չնեղացնել թուրքերին: Թուրքիայում չեն ցանկանում, որպեսզի Հայոց ցեղասպանությունը մարմնավորող այս մասունքը հանրայնացվի եւ ամեն կերպ փորձում ենկանխել գորգի ցուցադրման ցանկացած փորձ: Գորգը հարուստ է զարդանախշերով: Հետևելով գորգի նախշերին՝ կարելի է տեսնել բույսեր և կենդանիներ, որոնք պատկերում են Դրախտը:
Գորգը գործվել է Ղազիր քաղաքում (այժմյան Լիբանանում) ՝որպես երախտիք ԱՄՆ-ի կոմից ցուցաբերած օգնության, հենց այդ պատճառով էլ այն հաճախ անվանում են Ղազիրի գորգ: