Հասարակություն

Ոչ պետական բուհերի ուսանողները պետական նմուշի դիպլոմ կարող են ստանալ մինչեւ 2016-17 ուս.տարվա ավարտը

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

2014 թվականի մայիսի 19-ին «Կրթության մասին» ՀՀ օրենքում կատարվել է համապատասխան փոփոխություն, համաձայն որի՝ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտներին իրավունք է տրվել ստանալ պետական նմուշի դիպլոմ՝ մինչև 2016-17 ուսումնական տարվա ավարտը: ԿԳՆ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանն այսօր ներկայացնելով օրենքում կատարված փոփոխությունը՝  նշել է, որ նախադեպը տեղի է ունեցել 2013 թվականին, արդյուքնում պետական նմուշ ստանալու համար դիմած 1400 շրջանավարտների 75 տոկոսին շնորհվել է պետական նմուշի դիպլոմ: Ռոբերտ Սուքիասյանը չի բացառել, որ այս նախաձեռնությունն իր հետ կարող է բերել նաև կոռուպցիոն ռիսկեր, բայց հավաստիացրեց, որ անելու են ամեն ինչ դրանք նվազագույնին հասցնելու համար:

Հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջներն ու պետական մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպություններում աշխատանքի ընդունման պայմանները, այն է՝ ունենալ պետական նմուշի դիպլոմ, «Կրթության մասին» ՀՀ օրենքում կատարվել է փոփոխություն: Փոփոխության համաձայն՝ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտներին իրավունք է տրվել ստանալ պետական նմուշի դիպլոմ՝ մինչև 2016-17 ուսումնական տարվա ավարտը:

Այս հնարավորթյունն, ի դեպ, առաջին անգամ չէ, որ տրվում է ոչ պետական բուհերի շրջանավարտներին: Առաջին անգամ ԿԳ նախարարությունը նման նախաձեռնությամբ հանդես է եկել դեռևս 2010 թվականին, նշեց ԿԳՆ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը:

Ամփոփիչ ատեստավորման քննությունների վերահանձնումը կկազմակերպվի մինչև 2016-17 ուսումնական տարվա ավարտը ու միայն այն առարկաներից, որոնցից նախորդ տարվա քննաշրջանում դիմորդները ստացել են անբավարար գնահատական: Մագիստրոսի կրթական ծրագրով ամփոփիչ ատեստավորման քննություններին կարող են մասնակցել միայն մագիստրոսի ոչ պետական դիպլոմ և համապատասխան որակավորում ունեցող շրջանավարտները: Ընհանուր առմամբ, պետական նմուշի դիպլոմ ստանալու համար նախատեսում են ունենալ ավելի քան 2000 դիմորդ:

Բայց եթե այս նախաձեռնությունը պարբերական բնույթ չի կրելու, արդյո՞ք սա խտրականություն չէ հաջորդ տարիների շրջանավարտների նկատմամբ: Ինչ առավելություն ունեն նախորդ տարիների շրջանավարտները, որոնք չունեն հաջորդները, «Ռադիոլուրի» հարցին, ԿԳՆ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետն այսպես պատասխանեց.«Նախորդ տարիների շրջանավարտները ոչնչով ավելին չեն: Նրանց ընդամենը հնարավորություն է տրվում շտկել ժամանակին ընդունված ոչ ճիշտ որոշումը, որպեսզի այսօր նրանք կարողանան իրենց տեղը գտնել աշխատաշուկայում»:

Նրանք, ովքեր նոր են ընդունվելու բուհ, թող նախապես մտածեն իրենց պետական, թե ոչ պետական նմուշի դիպլոմ է հարկավոր, որ հետագայում աշխատանքի ընդունվելիս փաստի առջև չկանգնեն, հավելեց  Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետը:

Back to top button