Հասարակություն

Այսօր Ուսանողների միջազգային օրն է

Այսօր Ուսանողների միջազգային օրն է: Այդ առթիվ Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի մոտից մեկնարկում է «Երաժշտությունն անիվների վրա» տոնական միջոցառումը։ Կոնսերվատորիայի երաժիշտ ուսանողները, երգիչ-երգչուհիները ավտոբուսով կշրջեն Երևանի բուհերի տարածքով՝ շնորհավորելով ուսանողությանը միջազգային տոնի առթիվ` քաղաքում ստեղծելով տոնական տրամադրություն։

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյան շնորհավորական ուղերձ է հղել հայ ուսանողներին՝ Ուսանողների համաշխարհային օրվա կապակցությամբ, տեղեկացում ենք ԿԳՆ կայքից։ «Աշխարհի բոլոր պետություններում ուսանողներն ակտիվ ներգրավված են ներքին և արտաքին հիմնախնդիրների լուծմանը միտված գործընթացներում։ Հայ ուսանողությունը նույնպես քայլում է մեր երկրի հասարակական կյանքի բոլոր զարգացումներին համընթաց, դրանց ակտիվ մասնակիցն ու իրականացնողն է: Մեր ուսանողությունը հայաստանյան կրթական համակարգի հիմնական հենասյուներից մեկն է, ուստի յուրաքանչյուր ուսանողից պահանջվում է՝ լինել առավել ակտիվ ու ներգրավված կրթության ոլորտում ընթացող գործընթացներում»,-ասված է նախարար Աշոտյանի ուղերձում:  Արմեն Աշոտյանը իր շնորհավորական ուղերձում հույս է հայտնել, որ կրթության և գիտության նախարարության առաջարկությունը՝ մայր բուհի ստեղծման օրը՝ մայիսի 16-ը, նշել որպես Ուսանողների և երիտասարդների օր, մոտ ժամանակում պաշտոնապես կընդգրկվի պետական տոնացույցում և նոր լիցք ու խանդավառության կհաղորդի մեր երկրի երիտասարդներին:

ՙՄեկ անգամ ևս շնորհավորում եմ ՀՀ ուսումնական հաստատություններում սովորող տեղացի ու արտասահմանցի բոլոր ուսանողներին Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ և մաղթում հաստատուն կամք, եռանդ, ուսման մեջ հաջողություններ ու բոլոր նպատակների իրականացում»:

Back to top button