ԿարևորՔաղաքական

Խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում մոտ երեսուն հարց է

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Կառավարության նախաձեռնությամբ և սահմանած օրակարգով խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում մոտ երեք տասնյակ հարց է՝ հիմնականում բյուջեին առնչվող օրենսդրական փաթեթներ և կառավարության կողմից անհետաձգելի համարված օրինագծեր: Վերջինների է թվում է նաև կառավարության վերջին արտահերթ նիստում հավանության արժանացած օրինագիծը «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին»: Արտահերթի աշխատանքը սկսվել է հենց այս նախագծի քննարկմամբ:

ԱԺ-ը կողմ է քվեարկել Կառավարության կառուցվածքի մասին օրենքում փոփոխություններին

Մինչ այդ ԱԺ-ն ձայների 70 կողմ, 6 դեմ, 31 ձեռնպահ  հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ  ընդունել է կառավարության կառուցվածքում փոփոխություն նախատեսող օրինագիծը: Դրանով, հիշեցնենք, երկու նախարարությունների միավորմամբ նախատեսվում է ստեղծել Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը, ինչպես նաև կառավարության կառուցվածքում ավելացնել  նոր կառույց՝ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն:

Ինչ վերաբերում է սահմանմերձ համայքներին աջկացության մեխանիզմներ նախատեսող օրինագծին, ապա կառավարությունն առաջարկում է պետական բյուջեի միջոցներից մասամբ փոխհատուցել սահմանամերձ համայնքների բնակիչների սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի եւ ոռոգման ջրի վարձավճարները, ինչպես նաև հողի հարկն ու անշարժ գույքի գույքահարկը:

Գործադիրի նախնական հաշվարկներով՝ արտոնությունը կվերաբերի սահմանամերձ 31 համայնքի: Նախատեսվում է, որ փոխհատուցման ծավալները և  կարգը յուրաքանչյուր տարվա համար  կսահմանելու  է կառավարությունը:

Մինչ հարցի քննարկումը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հիշեցրել է, որ սահմանամերձ համայքներին աջակցություն ցուցաբերելու առաջարկով կառավարությունը դիմել էին ԱԺ 6 խմբակցությունները, առանձին օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել նաև ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Back to top button