Տնտեսական

Երևանում են Սոչիի 12 բրենդային հյուրանոցների ներկայացուցիչները

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

ՌԴ Սոչի քաղաքի 12 բրենդային հյուրանոցների ներկայացուցիչները Երևանում են: Սոչիի և Երևանի առևտրաարդյունաբերական պալատն երի նախաձեռնությամբ Երևանում մեկնարկել է զբոսաշրջության ոլորտի  ներկայացուցիչների հանդիպում: Ռուս գործընկերները Հայաստան են եկել՝ Սոչիի զբոսաշրջության  մասին   ֆիլմի շնորհանդեսով: Խորհրդային տարիների Սոչիի ու այժմյան Սոչիի միջև տարբերությունը մեծ է, հատկապես զբոսաշրջության ոլորտի ենթակառուցվածքների մասով, վերջին վեց-յոթ  տարիներին քաղաքը անճանաչելիորեն փոխվել է, – հայտարարել է Սոչիի առևտրաարդյունաբերական  պալատի նախագահ Վադիմ Լևչենկոն:

Նա նաև նշել է, որ Սոչիում հանգստանալն այնքան էլ թանկ հաճույք չէ, «Իհարկե կան նաև հինգ աստղանի հյուրանոցներ, սակայն,  ֆինանսական միջին կարողության տեր քաղաքացին նույնպես կարող է իր հանգիստը կազմակերպել այստեղ»,- վստահեցրել է Սոչիի առևտրաարդյունաբերական  պալատի նախագահը:

Երևանի արռևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը ևս նշել է, որ հանդիպման նպատակը  երկուստեք  տուրիզմի ոլորտի զարգացումն է:

«Հանդիպումը պայմանավորված է  նրանով, որ ուզում ենք Հայաստանում զարգացնել տուրիզմը, քանի որ Սոչին որակյալ ենթակառուցվածքներ ունի, ուզում ենք կապ ստեղծել նրանց հետ: Խնդիրը միակողմանի չէ, երկկողմանի է: Տուրիստական բիզնեսի մեջ քաղաքականություն չկա, այն ազատ բիզնես է»,- ասել է  Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Անդրանիկ Ալեքսանյանը:

Back to top button