Հասարակություն

Ամփոփվեցին «Երևանյան ճարտարապետական բիենալե-2014»-ի արդյունքները

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Աշխարհի 12 երկրից շուրջ 120 ճարտարապետ են մասնակցել «Երևանյան ճարտարապետական համահայկական բիենալե-2014» մրցույթին, որի  նպատակն է համախմվել  Հայաստանի և Սփյուռքի ճարտարապետական ներուժը: Ստեղծվել էր հանձնաժողով, որը մի քանի նիստեր է անցկացրել և որոշել լավագույններին: Այսօր՝  Ճարտարապետության  Ազգային թանգարան-ինստիտուտում ամփոփվել են մրցույթի  արդյունքները: Բացի քաղաքինության նախարարությունից, դիպլոմներ են հանձնել նաև Երևանի քաղաքապետարանը, ճարտարապետների միությունն ու սփյուռքի նախարարությունը: Որևէ մասնակից լավագույն կոչմանը չի արժանացել, սակայն, բոլոր մասնակիցներն էլ հավաստագրեր են ստացել: «Պետք է հաճախ խոսենք ու ներկայացնենք ճարտարապետների աշխատանքները»,- հայտարարել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և խոստովանել, որ լիարժեքորեն  բավարարված չէ կազմակերպչական մոտեցումներից:

12 երկրից  ավագ ու միջին սերնդի 120 ճարտարապետներ  են մասնակցել «Երևանյան ճարտարապետական համահայկական բիենալե-2014» մրցույթին: Խստաբարո ժյուրին մանրակրկիտ է ծանոթացել աշխատանքներին և  որոշել, որ այս տարի  գլխավոր մցանակ չի լինելու: Մասնակիցներից լավագույններն այդուհանդերձ  տարբեր անվանակարգերում դիպոլմներով պարգևատրվեցին, նրանցից երեքն էլ քաղաքաշինության բնագավառում նշանակալի ավանդի համար ոսկե մեդալի արժանացան: Նախ,զրուցակիցս Բիենալեին մասնակցած, սակայն, չհաղթած Նարեկ Ներսիսյանն է: Նա Ստեփանավանի Սոճու Դենդրոպարկի վերակառուցման նախագծով էր մասնակցում մրցույթին, անկեղծանում է՝ հաղթելու հույս չուներ. «Ընդգրկել էի այդու բոլոր կարևոր զոնաները, որոնք պահպանել եմ, և մնացածն արդեն ավելի արդիականացրել եմ, նոր լուծումներ եմ առաջարկել: Ես առանձնապես հույս չունեի, որ կհաղթեմ, համենայնդեպս հետաքրքիր էր»:

Երիտասարդ ճարտարապետը մտահոգ է, Հայաստանում շուկան փոքր է, մտածում է արտերկրում նախ սովորելու, հետո, եթե ստացվի, նաև աշխատելու մասին, սակայն, ցանկությունը մեծ է, որ հենց Հայաստանում կարողանան աշխատել: Նարեկին գրեթե հասակակից մեկ այլ երիտասարդ Սուրեն Առաքելյանը Հայ Նախագիծ ինստիտուտում՝ Մհեր Չերքեզյանի արվեստանոցում է  աշխատում,ընկերոջ՝ Տիգրան Մարգարյանի հետ հաղթել են  «Լավագույն բնակելի շենք (բազմաբնակարան բնակելի տուն, մենատուն), անվանակաևգում՝ «Բնակելի տուն Երևանի Դավիթաշենի վարչական շրջանի 10-րդ փողոցում» և «ՀՀ Կենտրոնական բանկի նախագիծ Դիլիջան քաղաքում» նախագծերի համար: Սուրենը ԿԲ հյուրատան նախագծի հեղինակն է:

«Ինձ նախագծում դուր էր գալիս ռելիեֆի ու բնության հետ համահունչ գնալը, լավ թեքություն կար, խնդիրներ կար դրած, որ հետևի կողմից շենքը ավելի ցածր նայվեր, միաժամանակ Դիլիջան քաղաքը երևար: Ինտերիերը բավականին հետաքրքիր է, ես ներսում գտնվում եմ, բնությունն ամբողջովին տեսանելի է»:

Այս տարվա հաղթած նախագծերը կամբողջանան մեկ կատալոգում, իսկ հետագայում՝ երկու տարի անց , երբ կրկին կանցկացվի Բիենալե, հաշվի առնելով այս տարվա  թերությունները, ավելի լուրջ կմոտենան հարցին, մասնավորապես մասնակիցների համար մաստեր կլասներ կանցկացվեն, ցուցադրություններ կկազմակերպվեն, ամեն ինչ կարվի,  որ մրցույթի  բոլոր մասնակիցները ներկա լինեն: Փակագծերը բացում է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

«Պետք է հասնենք այն մակարդակին, որ Բիենալեն Հայաստանում ճարտարապետների համար լինի ամենակարևոր և ցուցադրվելու ամենապատվաբեր հարթակը»:

Իսկ «Մոմիկ» և «Տրդատ» ճարտարապետների անվան նոր Ոսկե մելադները քաղաքաշինության նախարարությունում  սպասում են ակնառու հաջողություններ գրանցած  ճարտարապետներին:

Back to top button