ԿարևորՀասարակություն

Եպիսկոպոսաց ժողովն ավարտեց աշխատանքը՝ աշխարհին ուղղված կոչով

Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովն այսօր ավարտեց աշխատանքը՝ հանդես գալով հայտարարությամբ։

Ժողովը հայտարարության մեջ դատապարտել է « Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների սահմաններին մինչ օրս ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունները, որոնց ցավալի վերջին դրսևորումը եղավ նաև եպիսկոպոսաց ժողովի գումարման օրերին  հայկական ուղղաթիռի խոցումը և հայորդիների ողբերգական կորուստը»։

Եպիսկոպոսաց ժողովի անդամները շեշտել են, որ հայ ժողովրդի «արդար իրավունքների և պահանջատիրության իրականացման ճանապարհին կարևոր հանգրվան պիտի լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի և խաղաղ կարգավորումը, համաձայն միջազգային նորմերի` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ»։

Հայտարարության մեջ նաեւ ժողովը քրիստոնյա աշխարհի կոչ է անում աղոթով միանալ Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություններին՝ «հայցելով նաև Տիրոջ օրհնությունը աշխարհում արդարության, խաղաղության ու համերաշխության հաստատման և մարդկային կյանքը փոթորկող բազում տագնապների ու մարտահրավերների հաղթահարման համար»։

Երիսկոպոսաց ժողովի անդամները միջազգային հանրությանը կոչ են անում շարունակել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործը, իսկ Թուրքիային՝ ճանաչել ցեղասպանությունը եւ վերահաստատել «մեր ժողովրդի արդար իրավունքները»:

«Եպիսկոպոսաց ժողովը նաև իր մտահոգությունն է հայտնում աշխարհի տարբեր կողմերում` մասնավորաբար Միջին Արևելքում` Սիրիայում և Իրաքում, ինչպես նաև Ուկրաինայում չդադարող հակամարտությունների առիթով, որ պատճառ են դառնում մարդկային բազմաթիվ զոհերի և ավերածությունների: Մեր զորակցությունն ենք բերում հակամարտության գոտիներում բնակվող խաղաղ բնակիչներին` այդ թվում և մեր ժողովրդի զավակներին, աղոթելով ռազմական գործողությունների շուտափույթ դադարի և աշխարհում համընդհանուր ու տևական խաղաղության հաստատման համար»:

Back to top button