Տնտեսական

ՀԲ հաստատել է 75 մլն դոլար արժողությամբ վարկի տրամադրումը Հայաստանին

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է 75 մլն դոլար արժողությամբ վարկի տրամադրումը Հայաստանին Զարգացման քաղաքականության երկրորդ գործառնության ներքո, որն ուղղված է 5 հիմնական նպատակի՝  բարեփոխումներ գործարար միջավայրում, ֆինանսների, քաղաքացիական ծառայության, սոցիալական պաշտպանության, հանրային ենթակառուցվածքների և բնապահպանական ոլորտներում: Բարեփոխումների թիվ մեկ թիրախն աշխատատեղերի ստեղծումն է: Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ մանրամասնել է։ ՙՍա եռամաս վարկի երկրորդ մասն է: Դրա տրամադրումը շարունակվում է, քանի որ հատկացվող ֆինանսական միջոցներով իրականացվող ծրագրերի ընթացքը գոհացնող է, իսկ արտաքին պարտքի չափը վտանգավոր սահմանագծին դեռ մոտ չէ: Վարկի նոր չափաբաժինն արտոնյալ պայմաններ չունի. բանկը համարում է, որ Հայաստանն այլեւս արտոնյալ մոտեցման կարիք ունեցող աղքատ երկրների շարքում չէ՚˒-ասել է Լորա Բեյլին:

Համաշխարհային բանկի մասնագետները խոսել են նաեւ տնտեսական տարբեր թեմաների մասին։ Հայաստանի՝ այս տարվա կանխատեսվող տնտեսական աճի ցուցանիշը բանկը փոքր-ինչ նվազեցրել է՝ հասցնելով 2.6 տոկոսի՝ միաժամանակ անհերքելի համարելով ռուսաստանյան տնտեսական անկման ազդեցությունը մեր երկրի տնտեսության վրա:

Բանկը փաստել է՝ Doing business –ի վերջին գնահատումների համաձայն Հայաստանը շարունակում է կորցնել իր տնտեսական գրավչությունը, որն արտահայտվում է ներդրումների շարունակական կրճատմամբ: Թեեւ ընդհանուր առումով Հայաստանն այդ զեկույցում արձանագրել է դրական տեղաշարժ 4 կետով:

Կփոխվի արդյոք Համաշխարհային բանկի եւ Հայաստանի գործակցության որակն ու մակարդակը 2015-ի հունվարի 2-ից հետո, երբ արդեն վերջնականապես հաստատվի Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը: Հարցին ի պատասխան Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարը շեշտել է՝ ոչինչ չի փոխվի ո՜չ քաղաքականության, ո՜չ ֆինանսական օժանդակության առումով: Համաշխարհային բանկի համար կարեւոր է, որ Հայաստանը հնարավորին չափ լայն տնտեսական հնարավորություններ ունենա:

Back to top button