Մովսես Հակոբյան.«Մեր հակահարվածը ավելի ցավագին է լինելու»
Hayzinvor.am-ը զրուցել է ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ բանակի, զինվորական պատրաստվածության, պատերազմի ու խաղաղության մասին։
Անդրադառնալով առաջնագծում իրավիճակին Արցախի պաշտպանության նախարարն ասել է, որ սահմանագծում լուրջ փոփոխություն չկա։ «Համապատասխան միջոցառումներ ենք իրականացնում ինչպես մեր զորքերի պատսպարման, այնպես էլ հակազդելու ուղղությամբ: Իսկ հակազդման միջոցները տարբեր են` սկսած հատուկ ստորաբաժանումների գործողություններից` վերջացրած հակազդման այլ միջոցներով»:
ԼՂՀ պաշտպանության նախարար ասել է, որ «եթե հակառակորդը շարունակի այսպես պահել իրեն, մենք նրան խորտակիչ հարված կհասցնենք այնտեղ, որտեղ նա ամենևին չի սպասում: Դա մարտավարություն է: Դրա համար Արցախի բանակի համապատասխան ծառայությունները մշտապես ուսումնասիրում են հակառակորդի թույլ և ուժեղ կողմերը, և մենք հարվածելու ենք այնտեղ, որտեղ թշնամու համար լինելու է ավելի ցավագին: Եվ դա չի նշանակում, որ մենք նրա թույլ տեղին ենք հարվածելու: Արցախյան կողմը հարվածելու է ամենից ուժեղ ու պաշտպանված տեղին, այնպես որ միանգամից մեր խնդիրները լուծենք: Մեր այդ հարվածից հետո հակառակորդը շատ երկար ժամանակ չի կարողանա ուշքի գալ»,-ասել է Մովսես Հակոբյանը: