Սպորտ

Եվրոպայի առաջնությունում հայ 8 մարզիկ շարունակում է պայքարը մեդալի համար

Արամ Մանուկյան
«Ռադիոլուր»

Ռուսաստանի Անապա քաղաքում շարունակվում է  1998-1999 թվականներին  ծնված պատանի բռնցքամարտիկների Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանը մասնակցում է 12 մարզիկով: Երեկ ռինգ դուրս եկան Հայաստանը ներկայացնող 5 բռնցքամարտիկներ, որոնցից  3-ը իրենց մենամարտերն ավարտեցին հաղթանակով:

Հատկապես գեղեցիկ հաղթանակ տոնեց գերծանր  քաշային գյումրեցի Գուրգեն Հովհաննիսյանը, ով փայլուն ոճով առավելության հասավ թուրք Սալահատին Կոչագուի նկատմամբ՝ իր համար ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

Այսօր իր  երկրորդ հաղթանակը տոնեց  75 կգ քաշային Արթիկի մանկապատանեկան մարզադպրոցը ներկայացնող Վան Մելքումյանը, ով պարտության մատնեց վրացի Տարաս Կանդելակիին:

Իր մենամարտը հաղթանակով է ավարտել նաև 48 կգ քաշային Վահե Բադալյանը, ով ուժեղ է գտնվել  Իսրայելը ներկայացնող Մալախ Ֆեդիի հետ պայքարում:

Ցավոք 46-կգ քաշային Ժիրայր Սարգսյանը և 70 կգ քաշային Հայկ Հովհաննիսյանը պարտություն են կրել և դուրս մնացել հետագա պայքարից:

Այնուհանդերձ՝ մեր 12 բռնցքամարտիկներից 8 դեռ շարունակում են պայքարը մեդալների համար, իսկ նրանցից մեկն արդեն իսկ ապահովել է առնվազն բրոնզե մեդալ:

Back to top button