ԿարևորՔաղաքական

Սերժ Սարգսյանը հանդիպել է Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հռիփսիմե Առաքելյան
«Ռադիոլուր»
Ամման-Երեւան

Ինչպես հաղորդել էինք, նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Հորդանանի Հաշեմյան թագավորությունում էր։ Մեր երկրի ղեկավարը եղել է Հորդանան գետի ափին գտնվող Հիսուս Քրիստոսի մկրտության վայրում: Նախագահ Սարգսյանը շրջայց է կատարել քրիստոնեական այդ սրբավայրում, այնուհետև գրառում կատարել պատվավոր հյուրերի գրքում. «Մաղտասում՝ Հիսուս Քրիստոսի մկրտության վայրում, հոգևորը գերակայում է, մարդն այստեղ դառնում է համամարդկայինի մի մասնիկը՝ գիտակցելով հավերժության անխուսափելիությունը»,-գրառում է կատարել Սերժ Սարգսյանը։

Հիսուս Քրիստոսի մկրտության վայրում պատվավոր հյուրերի գրքում Սերժ Սարգսյանը գրել է, որ մկրտության խորհուրդն իր մեջ կրում է նորը, հանդուրժողը և վերածնվող բարին։ «Կարծում եմ՝ սա այն վայրն է, որը կարող է փոխել մարդու աշխարհընկալումը։ Երախտապարտ եմ, որ Հորդանանը հոգատարությամբ է վերաբերվում նմանատիպ համաշխարհային սրբավայրին՝ դրանով հաստատելով քաղաքակրթությունների երկխոսության իր պատրաստակամությունը»,-գրել է նախագահ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարն այցելել է նաև հայկական Սուրբ Կարապետ եկեղեցի:

Նախագահ Սերժ Սարգսյանը Հորդանանի Հաշեմյան Թագավորություն պաշտոնական այցի շրջանակներում հանդիպել է նաեւ Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ հանդես եկել ելույթով։«Եկող 2015 թվականը քաղաքական լուրջ նախաձեռնությունների եւ ձեռքբերումների տարի պետք է դառնա Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության համար»,-ասել է Սերժ Սարգսյանը։ Նախագահը վստահություն է հայտնել, որ միայն այս մոտեցմամբ կարելի է շենացնել Հայաստանը՝  կենտրոնացնելով բոլոր կողմերի հնարավորությունները։ Նախագահ Սարգսյանը նաեւ նշել է, որ Հորդանանը դարձավ փրկության այն ափերից, որտեղ ապաստան գտան ցեղասպանութունից մազապուրծ եղած մեր հայրենակիցները։

Ներկայացնում ենք նախագահ Սերժ Սարգսյանի Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչներին ուղղված ելույթից մի հատված.

Back to top button