Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»
Ինչո՞ւ Ռուսաստանին կարելի է Ղրիմի հետ միասին մտնել ԵՏՄ, իսկ Հայաստանին չի կարելի Արցախի հետ ԵՏՄ-ին անդամակցել, այսօր ՀՀ ԱԺ եւ ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստից հետո լրագրողները հարցրել են հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին։ Վերջինս զարմացել է. «Դուք համեմատում եք Ղրիմն ու Ղարաբա՞ղը… Հասկանում եմ, որ Ղարաբաղը Հայաստանի ցավոտ թեման է, մեզ համար ևս, բայց Ղրիմի հարցում թույլ տվեք չհամաձայնել: Ղրիմը պատմականորեն ռուսական հող է, դարեր շարունակ եղել ենք մեկ տարածք, և արդյո՞ք մենք մեղավոր ենք, որ Խրուշչովը ոչ սթափ վիճակում այն հանձնել է Ուկրաինային: Ղրիմի բնակիչներն իրենք իրենց ազատ կամաարտահայտությամբ որոշեցին, որ պետք է մտնեն Ռուսաստանի կազմի մեջ»։
«Եկեք սկզբում կողմնորոշվենք Ղարաբաղի կարգավիճակում ու նոր քննարկենք այդ հարցը: Եթե դա Հայաստանի տարածք է, ուրեմն մենք ուրախ կլինենք նրան տեսնել ԵՏՄ կազմում»
Ն. Ռիժկով
Ինչպես է գնահատում միջխորհրդարանական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահը, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին եւ նույն այդ զենքով գնդակոծվում են հայկական բնակավայրերը։ Նիկոլայ Ռիժկովը նշեց, որ առիթ ունեցել բազմիցս այդ հարցին անդրադառնալու, բայց հիմա էլ ասում է, որ ինքը չգիտի, թե ինչու է այդպես, բայց մեկ բան հստակ է` խորհրդարանը չի ընդունել որևէ որոշում սպառազինության հարցով։