ՄիջազգայինՏեսանյութեր

NASA-ի անօդաչու հրթիռը արձակման ժամանակ պայթել է

Երեկ  երեկոյան NASA-ի անօդաչու հրթիռը պայթել է՝ Արեւմտյան Վիրջինիայի մոտ հզոր պայթյուն եւ հրդեհ առաջացնելով: Սակայն ինչպես հաղորդում է CNN-ը  զոհեր եւ վիրավորներ չկան:

Antares տանող հրթիռը՝ ամերիկյան Cygnus տիեզերանավով, պայթել Է NASA-ի տիեզերակայանից արձակման ժամանակ: Հրթիռի արձակումն ուղիղ եթերում հեռարձակվել է NASA-ի պաշտոնական կայքում: Պայթյունը տեղի է ունեցել մեկնարկից հետո՝ տեղի ժամանակով ժամը 18:23-ին:

ԱՄՆ-ի տիեզերական գործակալությունը նաեւ նշել է, որ աղետի պատճառների հետաքննության համար ստեղծվել է հատուկ հանձնախումբ, դրա մեջ կմտնեն NASA-ի եւ Orbital Sciences ընկերության ներկայացուցիչները, որը կառուցել է հրթիռը եւ տիեզերանավը:

Cygnus-ը պետք Է միջազգային տիեզերակայան հասցներ ավելի քան 2 տոննա բեռ, այդ թվում՝ պարեն, սարքավորանք եւ նյութեր գիտափորձերի համար:

«Ամերիկյան այս հրթիռը ներկայացվում է որպես ամերիկաուկրաինական: Իրականում այն օգտագործում է խորհրդային/ռուսական НК-33 շարժիչները, որոնք ուկրաինայում ընդամենը որոշակի ամերիկանիզացում են անցնում,ստանդարտիզացում ու դառնում AJ26-58 կամ AJ26-62: Այս հրթիռի վախճանը ավելի արագացրեց հայտնի ինժեներ ու ձեռներեց Է.Մասկի առաջարկների ու պահանջների իրականացումը: Այն է հրաժարվել Ռուսաստանից կամ այլ երկրներից նման շարժիչների ներմուծումից, ինչը բավականին ձեռնտու էր ֆինանսական տեսանկյունից: Հետաքրքիր ապագա է սպասվում Ֆալքոնին»,- ֆեյսբուքյան իր էջում նման մեկնաբանություն է արել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Back to top button