ԿարևորՀասարակություն

Դպրոցականների 36 տոկոսն անբավարար է ստացել. Կրթության պետական տեսչությունն աղաղակող խախտումներ է արձանագրում

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Կրթության և գիտության նախարարության Կրթության պետական տեսչությունն ուսումնասիրություններ է կատարել նախադպրոցական և դպրոցական հաստատություններում երկու՝ կրթության ոլորտում օրենսդրության պահանջների և ուսման որակի խախտումների ուղղություններով։ Տեսչության պետ Արամ Կարապետյանը ներկայացնելով այդ խախտումները՝ հայտնել է, որ արձանագրված բոլոր թերությունները ընդհանուր են բոլոր ուսումնական հաստատությունների համար:

Ուսումնասիրելով նախադպրոցական և դպրոցական հաստատություններում օրենսդրության պահանջների և ուսման որակի առկա խախտումները՝  կրթության և գիտության նախարարության Կրթության պետական տեսչությունը միայն 2014 թվականի ստուգումների ընթացքում արձանագրել է բազմաթիվ աղաղակող թերություններ և խախտումներ, որի արդյուքնում 30 տնօրեն և 100 մանկավարժ հեռացվել է աշխատանքից:

Տեսչության պետ Արամ Կարապետյանի տեղեկացմամբ՝ օրենսդրական  խախտումները հիմնականում վերաբերում են տնօրենների և մանկավարժների նշանակմանը: Պարզվել է, որ նրանցից շատերը ոչ միայն չեն համապատասխանում իրենց պաշտոնին, այլև համապատասխան մրցույթին չեն էլ մասնակցել։ «Մեր ուսումնասիրությունները կատարվել են Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Հրազդանում, Աբովյանում, այժմ՝ Սիսիանում: Բոլոր դպրոցներում խախտումները հիմնականում նույնն են: Տնօրենները տնօրեն են դառոնում առանց համապատասխան ստաժի, մանկավարժներին էլ ընդունում են աշխատանքի առանց սահմանված կարգի: Հենց այնպես չեն սխալվում: Տնօրենները ինչ- ինչ գոնե այդ հասարակ բանը գիտեն, որ ուսուցիչ նշանակելու համար սահմանված կարգ կա: Ում ուզում են թող նշանակեն, բայց մրցույթ անցածին պետք է նշանակեն»։

Քիչ չեն նաև կրթության որակին վերաբերող խախտումները: Տեսչության պետը հայտնեց, որ ուսումնասիրություններ կատարել են չորս առարկայից՝ հայոց լեզու, ռուսաց լեզու, պատմություն ու մաթեմատիկա: Հայոց լեզվի իմացությունն ու կրթական որակը պարզելու համար տեսչությունը դիմել է լեզվի ստուգման ավանդական մեթոդին՝ թելադրությանը, որն էլ բացահայտել է դպրոցներում կրթական որակի իրական պատկերը։ «Պարզվեց, որ թեստի և թելադրության ցուցանիշերի տարբերությունը հսկայական է: Թեստային աշխատըանքներից այս մարզերում անբավարար է ստացել ընդամենը 8 տոկոսը, թելադրությունից՝ 36 տոկոսը։ Դասարաններ են եղել, որտեղ անբավարար են ստացել 80 տոկոսը»:

Ուսումնասիրությունները նաև ցույց են տվել,  որ պատկերն ավելի վատ է ավագ դպրոցներում: Օրինակ՝ մաթեմատիկայից ավագ դպրոցում անբավարարների թիվն ավելի մեծ  է, քան՝ հիմնական դպրոցում: «ՀՀ կառավարության սահմանած չափորոշիչի պահանջները հնարավոր չէ ստուգել թեստով: Մունջ մարդը կարող է բանասիրական ընդունվել, պատմաբան դառնալ, և որևէ մեկը չի կարող լսել, թե արդյո՞ք նա կարող է պատմության լեզվով գոնե երկու նախադասություն ասել: Սա է ամբողջ խնդիրը»։

Այսպիսով՝ տեսչությունը կարող է ստուգել, արձանագրել և գնահատել, բայց վերլուծություններ անելու համար անհրաժեշտ են համապատասխան փորձագետներ, որոնք, ըստ տեսչության պետի, ոլորտում պարզապես բացակայում են։

Կարդացեք նաև

Back to top button