Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձը՝ Արցախի Հանրապետության օրվա առթիվ
Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության օրվա առթիվ: «1991 թվականի սեպտեմբերի 2-ը շրջադարձային եղավ արցախահայության կյանքում և դարձավ նրա դարավոր երազանքների իրականացման սկիզբը: Այն ազդարարեց Արցախի Հանրապետության ծնունդը, որն արդյունք էր մեր ժողովրդի երկարամյա մաքառումների ու անկոտրում կամքի: Մենք վերջապես նվաճեցինք մեր հողի վրա ազատ ու անկախ ապրելու իրավունքը, ապրելու համամարդկային ու ազգային արժեքներին, ժողովրդավարական նորմերին ու միջազգային սկզբունքներին համահունչ:
Այդ ճանապարհին մեզ սպասում էին ինչպես դաժան փորձություններ, այնպես էլ մեծ հաղթանակներ, հաղթանակներ, որոնք ձեռք բերվեցին անասելի կորուստների ու զրկանքների, մեր հերոս քույրերի ու եղբայրների թափած արյան գնով: Դրանք հնարավոր դարձան համայն հայության միասնականության ու համախմբվածության, մեր ժողովրդի անսասան ոգու ու անձնվիրության շնորհիվ: Ուղիղ մեկ ամիս առաջ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերը ցույց տվեցին, որ Արցախի Հանրապետությունն ուժեղ է ու անառիկ, քանի որ նրա սահմանին կանգնած է իր հողն ու տունը պաշտպանող զինվորը, կանգնած է ողջ հայ ժողովուրդը: Այդպես է եղել այս 23 տարիների ընթացքում, այդպես կլինի այսուհետ»,-ասված է ԲակոՍահակյանիշնորհավորականուղերձում: