Վերլուծական

Սաֆարյանը պաշտպանում է Կոմանդոսի՝ Ադրբեջանին կանխարգելիչ հարված հասցնելու գաղափարը

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կալիֆորնիայի Սենատի կողմից Ղարաբաղի ճանաչման բանաձեւը այսօր տարբեր կերպ են փորձում վերլուծել եւ քայլի իրական իմաստը հասկանալ վերլուծաբանները: Միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանն այս քայլը հիմնականում ընկալել է որպես Ադրբեջանի նախագահին ուղղված մի ազդակ: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շատ մոտ է իր իշխանության կորստին եւ հենց դա է փորձել ակնարկել Արեւմուտքը իր վերջին քայլով»,- կարծում է Ստեփան Սաֆարյանը: Հայկական դիվանագիտության որեւէ հաղթանակ Կալիֆորնիայի Սենատի որոշման դեպքում չի տեսնում հրապարակախոս-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը: Նա ընդհանրապես` «հայկական դիվանագիտություն» կոչվածի հետ շատ դեպքերում համամիտ չէ եւ այսօր էլ չի հասկանում, թե ինչ անհրաժեշտություն կար արտգործնախարարի մակարդակով մասնակցել Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը:

Արեւմուտքը Ադրբեջանի հանդեպ կիրառեց նախազգուշական պատժիչ քայլ: Միացյալ Նահանգների Կալիֆորնիայի Սենատի ընդունած բանաձեւը Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ այսպես է գնահատում Միջազգային անվտանգության հարցերի ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը: Նման եզրահանգման նա եկել է հաշվի առնելով բանաձեւի ընդունման ժամանակահատվածը:

Պատժիչ քայլ կիրառելու համար նաեւ հիմք է հանդիսացել Ադրբեջանի պահվածքը միջազգային հարթակներում: Ըստ Ստեփան Սաֆարյանի` պատճառը «այն մուննաթն» է, որով Ալիեւը միջազգային տարբեր հարթակներում պահանջում է ղարաբաղյան հակամարտությունը հանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից եւ կիրառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւը։ «Արեւմուտքի հայտարարություններից եւ դրան Ադրբեջանի արձագանքներից մենք տեսնում ենք, որ Ալիեւը անցել է ռուբիկոնը եւ, որի համար արդեն ստանում է նախազգուշական կրակոցներ իր ուղղությամբ: Արեւմուտքը հասկացնել է տալիս, որ Ալիեւը մոտենում է իր իշխանության կորստին»,- ասում է։

Ստեղծված պայմաններում Ստեփան Սաֆարյանը չի բացառում, որ Ալիեւը «դեմքը պահելու» համար հնարավոր է հետագայում կրկին հրահրի սահմանային սրացումներ։ Վերլուծաբանը այստեղ խորհուրդ է տալիս լուրջ վերաբերվել Արկադիր Տեր-Թադեւոսյանի` Կոմանդոսի վերջին հայտարարությանը: Հիշեցնենք, որ գեներալ-մայորը խորհուրդ էր տվել մեկ անգամ կանխարգելիչ հարված հասցնել Ադրբեջանին։

«Բաքվում բավականին հիսթերիկ արձագանք եղավ: Թվում է, թե պարզագույն միտք է, բայց իրականում` ոչ: Թերեւս դա Իսրայելի մոտեցումն է, ով ժամանակ առ ժամանակ նման պատժիչ գործողություններ իրականացնում է Գազայի հատվածում պաղեստինյան կողմի նկատմամբ` համարելով, որ ուրիշ տարբերակ չկա հակառակորդին որոշակի շրջանակների մեջ պահելու համար: Պետք է առնվազն քննարկումների մակարդակով դիտարկել նաեւ նման սցենարներ` շատ տեսանելի օրինակներով, որ կարող է բերել Ադրբեջանի համար, որպեսզի Ադրբեջանում հասկանան, որ այս ամենը մանկական խաղ չէ եւ կարող է տխուր ավարտ ունենալ հենց Ադրբեջանի համար»։

Հայկական դիվանագիտության որեւէ հաղթանակ Կալիֆորնիայի Սենատի որոշման դեպքում չի տեսնում հրապարակախոս-վերլուծաբան  Սարգիս Հացպանյանը։ «Անշուշտ՝ դա շատ անգնահատելի, ողջունելի եւ օրինակելի է: Տա Աստված՝ ԱՄՆ մնացած նահանգներն սկսեն ընդօրինակել նման մարդկային քայլը Կալիֆորնիայից: Եվ նաեւ, ինչու չէ, ամբողջ աշխարհը: Հենց նմանատիպ քայլերի մեկը մյուսի հետեւից գնալով է, որ պետք է արձագանքիգտնի միջազգային ատյաններում: Մեկը մյուսին նայելով ընդունի եւ այլն»,- ասում է նա։

Հացպանյանի կարծիքով՝ Կալիֆորնիայի Սենատի այս քայլը նաեւ կարեւոր է եւ հնարավոր է որոշ հետեւանքներ ունենա Հայոց ցեղասպանության 100- րդ տարելիցի հետ կապված: Բայց այս առումով Սարգիս Հացպանյանը չի հասկանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանյանի մասնակցությունը Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը` 2015 թվականի ապրիլի 24-ին Հայաստան գալու նամակ-հրավեր փոխանցելու նպատակով:

«Նախ՝ նման բանի մարդկանց չեն հրավիրում: Սգո արարողությանը չես կանչում: Ցեղասպանությունը միակ հանցագործությունն է ՄԱԿ կողմից ճանաչված, որ անժամանցելի է, ուստի ցույց է տալիս, որ սրանից 1 րոպե առաջ է տեղի ունեցել, ոչ թե 100, 300 տարի կամ չգիտեմ ինչքան: Ի՞նչ է Հայաստան պետության ցանկությունը»։

Հացպանյանի կարծիքով՝ մեծ պատվիրակությամբ Հայաստան ժամանելուց, Ծիծեռնակաբերդ բարձրանալուց եւ ծաղկեպսակ դնելուց կշահի միմիայն Թուրքիան եւ  ցուցադրաբար մարդասիրությամբ ու քաղաքակրթվածությամբ կբարձրացնի իր վարկանիշը աշխարհում։

Back to top button