Հասարակություն

Փրկարարները այս տարի փրկել են 23 կյանք, 6 մարդ խեղդվել է

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Քանի դեռ շոգը դեռ չի նահանջում` ուժեղացված ծառայություն են ջրային տարածքներում իրականացնում ջրափրկարարները: Այս տարի նրանք արդեն փրկել են 23 մարդու կյանք, բայց 4-ի դեպքում ոչինչ անել չեն կարողացել: Հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար ավագ լեյտենանտ Արմեն Ճզմաչյանը այսօր կրկին պնդեց` արտակարգ պատահարները տեղի են ունենում հենց տուժողների մեղքով:

Ամառային հանգիստը ջրային ավազաններում այս տարի զերծ չի եղել արտակարգ պատահարներից: Օրինակ` միայն Սեւանում այս տարի արդեն ջրահեղձ է եղել 4 մարդ` նախորդ տարվա 5-ի համեմատ: Այս պահի դրությամբ եղած վիճակագրությունը ներկայացնում է Գեղարքունիքի մարզի փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար ավագ լեյտենանտ Արմեն Ճզմաչյանը: «Այս տարի ջրահեղձ եղած 4 հոգուց մեկը մոտորանավակից ցատկել է ջուրը եւ չի կարողացել բարձրանալ: Դա Վարդենիսի տարածքում է տեղի ունեցել: Ծովազարդ գյուղի մոտակայքում 52 թվականին ծնված տղամարդը նավամատույցից ցատկել է ջուրը, սրտի կաթված է ստացել եւ տեղում խեղդվել: Օգոստոսի 18-ին ջրահեղձ եղավ ԼՂՀ քաղաքացի, որը չհսկվող տարածքում մտել էր ջուրը եւ ջրահեղձ էր եղել մոտ երկու մետր խորության վրա»: Բացի Սեւանա լճից ջրահեղձ են եղել նաեւ ՀՀ այլ ջրային տարածքներում: Ջրափրկարարներն ստացել են 6 ահազանգ,  դուրս ենք բերել 6 դիակ: Փրկել են 23 մարդու կյանք։

Փրկարարները չեն դադարում ահազանգել, որ դժբախտ պատահարները, որպես կանոն, հենց տուժողների մեղքով են լինում` ընդունված կանոններին չենթարկվելու պատճառով։ «Քանի որ այս տարի հանգստացողների թիվը ավելի շատ է՝ կախված եղանային պայմաններից, այդ իսկ պատճառով խորհուրդ եմ տալիս մեր ազգաբնակչությանը հետեւել փրկարարների կողմից տրված ցուցումներին, խորհուրդներին եւ հորդորներին: Հիմնականում ջուր չմտնել ոգելից խմիչներ եւ շատ սնունդ օգտագործելուց հետո, ջրային տրանսպորտից չցատկել ջուրը, չլողալ անծանոթ ջրային տարածքներում, ինչպես նաեւ զննել լողափերում ստորջրյա ռելյեֆը` ջուրը մտնելիս կամ ցատկելիս սուր ծակող կամ կտրող առարկաներից մարմնական տարբեր վնասվածքներ ստանալուց խուսափելու համար: Խորհուրդ եմ տալիս չանցնել տեղադրված լողանշանները եւ զգուշանալ հատկապես ջրային արագընթաց տրանսպորտային միջոցներից»։

Հատուկ ջրափրկարարական ջոկատը ծառայություն է իրականացնում Սեւանի միայն երեք հանրային լողափում, ինչպես նաեւ փրկարարները պարբերաբար գործուղվում են այլ ջրավազաններին մոտ տարածքներ` տարբեր միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար: Որքան էլ ցավալի է, բայց քաղաքացիներին հանգստի ծառայություն մատուցող մասնավոր ընկերություններից շատերը այդպես էլ չեն հոգում իրենց մոտ հանգստացողների անվտանգության խնդիրները` թեպետ դա օրենքով սահմանված է։

«Սեր երկրում այդ օրենքը կա, որ յուրաքանչյուր հողօգտագործող, որը օգտագործում է որպես լողափ տվյալ տարածքը, պարտավոր է ունենալ իր ջրափրկարարները, տարածքում պարտավոր է ունենալ բուժկետ, բայց որոշ լողափերում կան, որոշներում չկան: Դա մեր խնդիրը չէ, Սեւան ազգային պարկն է վերահսկում տվյալ տարածքները»։Արմեն Ճզմաչյանի ներկայացմամբ՝ ջրափրկարարների ջոկատը այս տարի կրկին համալրվել է նոր տեխնիկայով` տարվա ցանկացած եղանակին օգնություն ցուցաբերելու համար:

Back to top button