Հասարակություն

Ն. Նահապետյան. Բնապահպանները վտանգում են մեր էներգետիկ անվտանգությունը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Հայաստանում կառուցված ու դեռ նախագծային փուլում գտնվող փոքր ՀԷԿ-երի շուրջ աղմուկը չի դադարում: Հերթական լսումներն անցկացվելու են օգոստոի 20-ին՝ «Զանգեզուր Էներգո» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Արևիկ» ՓՀԷԿ-ի կառուցման շուրջ: Տեղեկատվությունը օգոստոսի 15-ին տեղադրվել է www.ecolur.org (էկոլուր տեղեկատվական կենտրոնի) կայքէջում:

Մինչ մասնագիտական եզրակացությանն ու լսումներին հերթ հասնելը, արդեն նշված է, որ Սյունիքի մարզում կառուցվելիք «Արևիկ» ՓՀԿ-ը Տաշտուն գետը կհասցնի ճգնաժամային վիճակի»: Նոր կառուցվելիք ՀԷԿ-ը ոչ առաջինն է, ոչ էլ ենթադրաբար վերջինը, որի կառուցման շուրջ կրքեր են բորբոքվելու։ Բնապահպաններն ու պարզապես ակտիվ քաղաքացիները շարունակ ու շատ հաճախ են բարձրաձայնում, մինչդեռ շահագրգիռ մյուս կողմի՝ այս դեպքում փոքր ՀԷԿ-ի կառուցման, այսպես ասենք, ջատագովների կարծիքներն ու տեսակետները ոչ միշտ են բարձրաձայնվում։

Զրուցակիցս Հայաստանի փոքր ՀԷԿ-երի միության նախագահ, Երևանի ավագանու ֆինանսավարկային ու տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանն է, ով վստահեցնում է, որ ՀԷԿ կառուցելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերում բոլոր նորմերը պահպանվում են՝ միաժամանակ խոստովանում է՝ դրանք սկսում են խախտվել կաոռւցման փուլում:

«Բայց ամենակարևորը նա է, որ չի կարելի մեկ-երկու կայանի պատճառով վերցնել ու ապականել ամբողջ ոլորտը: Ես բազմաթիվ նամակներ եմ ստացել արտերկրյա այն կազմակերպություններից, որոնք մեզ ֆինանսավորում են՝ գերմանական KFW բանկից, որտեղ նշել են՝ «մենք ֆինանսավորում ենք,որ զարգացման պրոցեսը գնա, բայց ստացվում է, որ մենք երկիրը վատ վիճակի մեջ ենք մտցնում»։ Դրա համար ես կհորդորեի, որ լրատվամիջոցները ուսումնասիրեն դեպքերը: Անընդհատ խոսում ենք բնապահպանների հետ, բայց կարծում եմ, որ իրենք ոչ մասնագիտական են հարցին մոտենում։ Իհարկե՝ ես համակարծիք եմ նրանց հետ, որովհետև մեր երեխաներն էլ են ապրում այս երկրում, մենք ոչ մեկս չենք պատարստվում ապրել էկոլոգիապես վատ երկրում. Բայց բարձրացնել այսպիսի բում և հասցնել այն կառույցներին, ովքեր մեզ ֆինանսվորում են, չի կարելի, քանի որ նրանք վտանգում են մեր երկրի էնեգետիկ անվտանգությունն ու ոլորտը»,- ասում է Նաիրա Նահապետյանը։

Բնապհպանները պնդում են՝ Հայաստանում գետերը չորանում են հենց ՀԷԿ-երի պատճառով: Նաիրա Նահապետյանը հակառակն է պնդում՝ Հիդրոկայաններն ընդհանրապես ջուր օգտագործող չեն, նրանք մի կետից՝ վերևից, վերցնում են ջուրը և ներքևում այն բաց թողնում: Մեր երկրում որևէ կառույց չի վերահսկում, որ ՀԷԿ-ի կառուցման փուլում փաստաթղթերում ամրագրված նորմերը պահպանվեն, ամեն ինչ մարդկային խղճի ու բարոյականության սահմաններում է, և զարմանալի չէ, որ մեղմ ասած, անբարեխիղճ սեփականատերերը մնում են անպատիժ։

«Կառուցման փուլում մեկ-երկու կայան ոչ ճիշտ ջրաքանակ են վերցրել, այսինքն՝ այդ հարցը լուծելի հարց է: Քանի որ ՀԷԿ-երի կառուցումը, քանի որ երկարաժամկետ է, ծրագիրը ֆինանսատար է, և մեծ գումարների հետ է կապված, կարծում եմ, նա, ով ստանում է լիցենզիան, ինքը պետք է ճիշտ կառուցի: Չկա այդպիսի մարմին, որ գա, կանգնի կողքը և ասի ճիշտ կառուցեց , թե՝ սխալ: Միությունն այդպիսի լծակ չունի։ Եթե կառուցողն անբարեխիղճ է, մեկ պրոբլեմ ենք ունենում: Կարծում եմ, որ մենք էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի հետ կկարողանանք ստեղծել այնպիսի մի կազմակերպություն, որը ՀԷԿ- երի կառուցման փուլի ժամանակ կիրականացնի վերահսկողություն։ Դա շատ կարևոր է»,- նշում է  Հայաստանի փոքր ՀԷԿ-երի միության նախագահը։

Նա չի կիսում նաև տարածված այն կարծիքը, որ սեփականատերերը փոքր ՀԷԿ-երից գերշահույթներ են ստանում: «Եկամտաբեր չէ, քանի սակագինը որոշում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, իսկ ՀԷԿ-երի սակագինն ամենացածրն է համարվում: Կարծում եմ, որ շահութաբերությունը ֆիքսված է։ Եվ արտադրանքի քանակը, և սակագինը, և սակագնի մեթոդիկան հաշվարկված է, մինչև տասը տոկոս շահութաբերություն է թողնված: Կառուցման փուլում մեծ գումարներ են ծախսվում, իսկ դրանք 12 տարվա հետվերադարձ ունեն: 12 տարի հետո է սկսվում շահույթը»։

Այդ դեպքում ինչու՞ են մարդիկ այդքան շատ ՀԷԿ- եր կառուցում։ «Որովհետև դրանք երկարաժամկետ բիզնես ծրագրեր են: Կարծում եմ, որ նրանք, ովքեր ՀԷԿ- եր են կառուցում, նրանք են, ովքեր արմատներով մխրճված են մեր հողի վրա, տեսնում են ապագան: Դա այն բիզնեսը չի, որ այսօր կառուցեցիր, վաղը ստացար ու կարող ես փակել»,- ասում է Նաիրա Նահապետյանը։

 

Back to top button