Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած աղետից մոտ 7 ամիս է անցել։ Լոռու մարզում աղետից տուժած բնակավայրերի բնակիչների մի մասը առաջիկայում կավարտի տների վերանորոգումը։
Փոխհատուցումից հիմնականում գոհ են, բայց դժգոհողներ նույնպես կան։ Վնասված ենթակառուցվածքների մի մասը ժամանակավոր, մյուսներն էլ հիմնական են վերանորոգվում։ Ալավերդի խոշորացված համայնքում՝ տանիքների, շքամուտքերի, խմելու ջրագծի, կոյուղագծերի, բակերի, ճանապարհների վերանորոգման համար մոտ 2․5 մլրդ դրամ կպահանջվի։
Հրաչյա Բարսեղյանը Ալավերդու Սանահին կայարան թաղամասի բնակիչ է։ Նրա ընտանիքն էլ, շատերի պես, տուժել է մայիսի 25-26-ին Դեբեդի վարարման պատճառով տեղի ունեցած աղետից։
«25-ի իրիկունը ես գործի էի, բայց կինս, տղաս, զոքանչս տանն էին։ Տունը մինչև 3 մետր ջուր էր լցվել։ Նրանք տանն էին, երբ ջուրը արդեն 1 մետր էր։ Կինս թոռանս գրկել, գնացել էր հարևանի տուն։ Բայց զոքանչիս հանել էին հարևանները»։
Ալավերդու այս թաղամասը աղետից ամենաշատը տուժածներից մեկն է։ Դեբեդի վարարումից հետո մի գիշերվա մեջ այն ոչ միայն ջրով էլ լցվել, այլև կորցրել էր կյանքի համար ամենակարևոր ենթակառուցվածքը՝ կամուրջը․ օրեր շարունակ թաղամաս ելումուտը ու սննդի մատակարարումը հատուկ ճոպանով էր իրականացվում։ Հասմիկ Մնացականյանը ևս Սանահին կայարանի բնակիչ է։ Ասում է՝ այդպիսի աղետ ոչ ինքը, ոչ էլ տարեցները չեն հիշում․
«Տան մեջ երկու մետր 5 սմ ջուր էր, ամբողջ տունը, գույքը, պատերից սկսած քանդվել էր։ Ոչ մի բան չի փրկվել։ Այժմ մենք վարձով ենք բնակվում նույն մուտքի հինգերորդ հարկում»։
Աղետից ավելի քան յոթ ամիս անց թաղամասի բնակիչները աղետի մասին անցյալով են խոսում։ Այժմ նրանք կառավարության տրամադրած գումարներով վերանորոգում են իրենց բնակարանները։ Ավելի ճիշտ՝ ոչ թե վերանորոգում, այլ՝ զրոյից են կառուցում․
«Պատերն ամբողջությամբ քանդել եմ, հատակը մեկ մետր բարձրացրել եմ։ 12 մեքենա հող եմ լցրել։ Այժմ էլ պատերի գործն եմ անում։ Եթե վարպետ բերեի, չէր բավարարի գումարը, բայց քանի որ ես եմ անում, բավարարում է»։
Մեկ քառակուսի մետրի հաշվով տուժած բնակիչներին վճարվում է 60 հազար դրամ՝ ասում է Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը։ Փոխհատուցման ծրագիրն ընթացքի մեջ է, բայց դեռ կան փոխհատուցում չստացած մարդիկ․
«Պատճառները թղթաբանության հետ են կապված՝ բնակիչների սեփականության իրավունքի, ժառանգության, լիազորագրերի, անհամաձայնությունների։ Ընդհանուր առմամբ, կարելի է ասել՝ մեծամասնությունը ստացել ու ստանում են։ Մարդիկ կան, որ չորրորդ փուլի գումարն են պատրաստվում ստանալ, որը գույքի գնմանն է վերաբերում»։
Ղումաշյանը գիտի՝ կան նաև դժգոհողներ․
«Միգուցե ճիշտ են դժգոհում։ Ունեցել ենք մի քանի բնակիչ, որ ունեին շատ լավ վերանորոգված բնակարաններ, բայց գումարը լիովին տրվում է, որ նորից վերանորոգեն իրենց բնակարանները»։
Քարկոփը նույնպես աղետից լրջորեն տուժած բնակավայրերից է։ Այն պահից, երբ ջուրը սկսել է հոսել կամրջով՝ հասկացել են, որ ամեն ինչ շատ լուրջ է։ Կտրվել է կապը արտաքին աշխարհի հետ։ Մոտ 30 րոպեում ոչ միայն առաջին, այլև երկրորդ հարկերի բնակիչները պետք է արագ տարհանվեին։ Հեռացել են գյուղից, իսկ մի քանի օր հետո, երբ վերադարձել են՝ տներում սարսափելի պատկերի են ականատես եղել՝ պատմում է Մարինե Ղումաշյանը․
«Տան մեջ ամեն ինչ գլխիվայր շրջվել էր, հյուրասենյակից հեռուստացույցը մուտքի մոտ էր։ Պահարանը բացվել էր ու կոշիկներն ամբողջ տնով շպրտված էին»։
Առաջիկայում այստեղ աշակերտները նոր դպրոցում կշարունակեն դասերը։ Մոտ մեկ մետր ջուր էր լցվել դպրոց՝ ասում է դպրոցի տնօրեն Մարինե Ղումաշյանը։ Երբ տիղմից մարքվել է շենքը, հասկացել են, որ հիմնովին վերանորոգման կարիք կա․
«Կառավարությունը հատկացրեց 18 մլն 940 հազար դրամ։ Վերանորոգման աշխատանքները 95 տոկոսով արված են։ Հատակն է վերանորոգվել, մնացել են դասասենյակների հատակը, պատերի հարդարման աշխատանքներ են կատարվել»։
Ալավերդի խոշորացված համայնքում՝ տանիքների, շքամուտքերի, խմելու ջրագծի, կոյուղագծերի, բակերի, ճանապարհների վերանորոգման համար մոտ 2․5 մլրդ դրամ կպահանջվի։