«Թիմ Տելեկոմ Արմենիան», շրջակա միջավայրի վրա իր գործունեության ազդեցությունը նվազեցնելու և շարունակական զարգացում ապահովելու հաստատուն որոշմամբ, մուտք է գործում երկարաժամկետ ռազմավարական ծրագրի վճռորոշ փուլ: «Թիմը», որը բաժնետոմսեր թողարկած առաջին հայկական հեռահաղորդակցային ընկերությունն է, սկսել է կայուն զարգացման դոլարային և դրամային պարտատոմսերի թողարկումը՝ ընդհանուր 75 միլիոն դոլար ծավալով։ Դրանք ուղղվելու են ընկերության ռազմավարական առանցքային ուղղությունների զարգացմանը, մասնավորապես, բջջային և ֆիքսված ցանցերի ՝ Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ենթակառուցվածքի ընդլայնմանը, ինչպես նաև վարկերի ամբողջական վերաֆինանսավորմանը։
«Տելեկոմ Արմենիա» ընկերությունը հայտարարում է անվանական ոչ փաստաթղթային Կայուն զարգացման հետ կապված պարտատոմսերի վաճառքի մեկնարկի մասին։ Սա նման պարտատոմսերի առաջին թողարկումն է ՀՀ-ի կապիտալի շուկայում։ Պարտատոմսի այս տեսակն ընտրելիս ընկերությունը հիմնվել է Կայուն զարգացման ռազմավարական նպատակի վրա, որը ենթադրում է բիզնեսի շարունակական ընդլայնում՝ շրջակա միջավայրի վրա գործունեության ազդեցությունը նվազեցնելու պարտավորությամբ։
Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն ասում է՝ ընկերության այս քայլը կարող է վճռորոշ դառնալ Հայաստանի հեռահաղորդակցության ենթակառուցվածքների արդիականացման ու դեպի կայուն թվային ապագա անցման համար։
«Ֆիզիկական և իրավաբանական ցանկացած անձ, որն ուզում է իրական ներդրում անել և ունենալ կայուն ու հստակ եկամուտներ, կարող է եռամսյակային եկամուտներ ստանալ և, իհարկե, մասնակցել կայուն զարգացման բոնդերի, որոնք մեզ հնարավորություն են տալիս և պարտավորեցնում են, որ մենք էկոլոգիապես ավելի մաքուր էներգիաներից օգտվենք և նվազեցնենք մեր թափոնային արտահայտությունները»։
Վերջին երկու տարվա ընթացքում միջազգային ստանդարտներին համապատասխան բնապահպանական կառավարման համակարգ ներդնելու արդյունքում «Թիմն» արդեն իսկ էականորեն նվազեցրել է ընկերության գործունեության ազդեցությունը շրջակա միջավայրի վրա՝ պարտավորվելով մինչև 2029 թվականը կրճատել արտանետումները 40 տոկոսով։ Ընկերության այս նախաձեռնությամբ բացառիկ հնարավորություն է ստեղծվում նաև ներդրողների համար բնապահպանական առաքելությանը մասնակցելու՝ նկատում է «Ամերիաբանկի» տնօրինության նախագահ, գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։
«Պարտատոմսերի այս թողարկումը Հայաստանի կապիտալի շուկայում խոշոր ծավալով հազվադեպ հանդիպող իրադարձություն է, որին մասնակցում են նաև Ասիական զարգացման բանկը և միջազգային այլ ֆինանսական կառույցներ: Գործարքի կարևորությունը վստահության տեսանկյունից անշուշտ լրացուցիչ ազատություն է ներդրողների համար: Myinvest–ը հնարավորություն է տալիս արժեթղթերով գործարքներ կատարել ավելի քան 30 միջազգային շուկաներում և տեղական շուկայի արժեթղթերում մշտական հասանելիություն ունենալու և հետևելու ներդրումային պորտֆելին:
«Տելեկոմ Արմենիայի» նախաձեռնությունը կարևոր է նաև Հայաստանի տնտեսության և կապիտալի շուկայի զարգացման համար՝ նկատում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ընդգծում՝ կառավարությունը կարևորում է կապիտալի շուկայի դերը մեր երկրի տնտեսության զարգացման գործում և փորձում հետևողականորեն բարձրացնել ներդրողների վստահությունը։
«Մի քանի ուղղությամբ ենք աշխատանքներ իրականացնում։ Մասնավորապես, 2024 թվականին էկոնոմիկայի նախարարության առաջարկով և Կառավարության հաստատմամբ ընդունվեց կորպորատիվ կառավարման կանոնագիրքը, որի նպատակն է բարձրացնել կորպորատիվ կառավարման մշակույթը և խթանել մեր ընկերությունների թափանցիկությունը։ Երկրորդ ուղղությունը Կառավարության աջակցության ծրագրերն են, ունենք պարտատոմսերի և բաժնետոմսերի թողարկման և վարկանիշավորման աջակցության ծրագիր»։
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը վստահ է՝ պարտատոմսերի նման ծավալի թողարկումը մեծ իրացվելիություն է ապահովելու շուկայում։ Կայուն զարգացմանն ուղղված պարտատոմսերի թողարկումը տեսակով առաջինն է Հայաստանում։ Ներգրավված միջոցներն ուղղվելու են ընկերության ռազմավարական առանցքային ուղղությունների զարգացմանը, մասնավորապես բջջային ու ֆիքսված ցանցերի, Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ենթակառուցվածքի ընդլայնմանը։