Սիրիայում իրավիճակի հարաբերական կայունացումից մի քանի օր անց էլ երկրում կենսական նշանակության որոշ գործառույթներ դեռ վերականգնված չեն։ Մասնավորապես, առայժմ փակ են բոլոր օդանավակայանները, միջազգային նշանակության քաղաքացիական ավիափոխադրումներ չեն իրականացվում, ըստ այդմ՝ չի կայանա նաև դեկտեմբերի 14-ին նախատեսված Դամասկոս– Երևան թռիչքը։ Չվերթը իրականացնող Cham Wings ավիաընկերությունից հայտնում են, որ առայժմ պաշտոնական որևէ հայտարարություն չկա, թե երբ կվերագործարկվեն ուղևորափոխադրումները։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն էլ, որպես այլընտրանք, առաջարկում է Հայաստան գալու համար օգտվել Բեյրութի միջազգային օդանավակայանից։
Դեկտեմբերի 14-ին նախատեսված Դամասկոս– Երևան չվերթով թռիչքը չի կայանա։ Սիրիայից այս պահին առհասարակ քաղաքացիական ոչ մի ինքնաթիռ օդ չի բարձրանում, հետևաբար չեղարկվել է նաև Cham Wings ավիաընկերության Դամասկոս– Երևան չվերթը։ Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը «Ռադիոլուրին» ասում է՝ պատճառն այն է, որ այդ երկրում ոչ մի օդանավակայան առայժմ չի գործում։
«Սիրիայում տրանսպորտի նախարարությունը դեռևս չի աշխատում այս անցումային իշխանության օրոք, ու իրենք դադարեցրել են Սիրիայի բոլոր արտաքին չվերթները առժամանակ։ Արտաքին չվերթ չեն սպասարկում և ոչ մի օդանավակայանում»,– ասում է Ալեքսանյանը։
Հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ ավիաընկերությունը նաև վաճառված տոմսերի գումարի վերադարձ է սկսել արդեն։ «Ռադիոլուրը» կապ է հաստատել նաև Cham Wings ավիաընկերության երևանյան գրասենյակի հետ։ Թե քանի տոմս էր արդեն վաճառվել ու որքան էր պահանջարկը լարված քաղաքական իրավիճակով պայմանավորված, գրասենյակի ներկայացուցիչը չմանրամասնեց, ասելով՝ դա հրապարակման ենթակա չէ։ Հստակ չէ նաև՝ օդանավակայանի վերագործարկումից հետո չեղարկված չվերթը կկայանա թե ոչ։
«Ոչ մի պաշտոնական տվյալ չունենք»։
France press-ի փոխանցմամբ՝ Դամասկոսի միջազգային օդանավակայանի ղեկավարը օրերս հայտարարել է, որ օդանավակայանը կվերաբացվի առաջիկա մի քանի օրերում, իսկ թռիչքները կվերսկսվեն կարճ ժամանակում։
Մինչ այդ Սիրիայից Հայաստան մեկնել ցանկացողները կարող են հարևան Բեյրութի օդանավակայանից օգտվել՝ ասում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչը։
«Բեյրութից Երևան մեկնող օդանավերը նոյեմբեր ամսվա ընթացքում շաբաթական մեկ անգամ պարբերականությամբ էին մեկնում, այժմ շաբաթական երկու չվերթ կա։ Այսինքն, սա է հիմա հնարավոր ուղղությունը, որ մարդիկ կարողանան ցանկության դեպքում դուրս գան»,– ասում է Հովհաննես Ալեքսանյանը։
Չնայած դրան, Հալեպի հայ համայնքում կարծես այլևս կազմակերպված տարհանման անհրաժեշտություն չեն տեսնում։ Հալեպահայ գրականագետ Հարութ Վարդանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմում է՝ նոյեմբերի 27-ից՝ հակամարտության սրման պահից հետո քաղաքներ ելումուտը փակ էր, շատերը իրենց կյանքը վտանգելով, դեռ այն ժամանակ դուրս են եկել Հալեպից կամ Սիրիայից, իսկ հիմա վտանգն արդեն պակասել է, ու մարդիկ վերադառնում են իրենց տները։
«Ինչ վերաբերում է օրինակ՝ Հալեպի օդանավակայանին, դա բնականաբար, փակ է։ Բնականաբար, ոմանք ցանկանում են Հալեպից հեռանալ տարբեր պատճառներով, օրինակ վախի, անհանգստության, նյութական վիճակի և այլն, կամ իրենք վաղուց էին որոշել հեռանալ։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ տարհանման մասսայական կարիք չկա»,– ասում է Վարդանեանը։
Համայնքում բոլորը սպասողական վիճակում են՝ ասում է«Ռադիոլուրի» զրուցակիցը։ Կյանքը կարծես բնականոն հունի մեջ է մտնում, չնայած ապագայի վերաբերյալ տագնապն ու անորոշությունը դեռ կա։
«Քրիստոնյա և հայ համայնքը, որ շատ փոքր «կղզի է» ընդհանուր պատկերի մեջ, մասնավոր դժվարությունների առայժմ չեն հանդիպել։ Կան լավ տրամադրություններ խաղաղ և արդար երկիր հիմնելու համար, բայց թե «մեծ» ուժերը ինչ ծրագրեր ունեն երկրի համար, դա վաղ է ասել»։
Ժամանակավոր կառավարության օրոք երկրում կենսական նշանակության որոշակի ենթակառուցվածքներ արդեն վերականգնվել են՝ ասում է Հարութ Վարդանյանը, չնայած՝ պետական հիմնարկները, դպրոցներն ու մանկապարտեզները շարունակում են փակ մնալ։
«Էլեկտրական հոսանքը թույլ է, բայց տանելի է, համացանցային ինտերնետային կապը ևս թույլ է․ երբեմն կա, երբեմն չկա, ջրի հետ կապված ևս խնդիրներ կան։ Դպրոցները, բանկերը փակ են, պետության գրասենյակները հետզհետե վերադառնում են իրենց բնականոն ընթացքին, երկրի ղեկավարության հանձնում է տեղի ունենում․ ներկա վարչապետը ու նախագահները կգործեն, բայց հետզհետե փոխանցվում է անցողական կառավարությանը»։
Սրան զուգահեռ նաև նոր երևույթներ կան երկրի տարածքում։ Օրինակ բենզինն ու վառելիքը այժմ հնարավոր է ձեռք բերել միայն թուրքական լիրայով, դրան զուգահեռ կայունացել է սիրիական դրամը՝ պատմում է հալեպահայ Հարութ Վարդանյանը։