«Բացառված է, որ որևէ ընտանիք ինքն իր համար ծախսի ավելի շատ, քան ծախսում է պետական բյուջեն, ուղղակի բացառված է»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացարձակ վստահություն ունի պետության ու քաղաքացու ծախսերը «կշռելուց» ստացված արդյունքի ճշմարտացիության հանդեպ։ Ասում է՝ Հայաստանի պետական բյուջեն Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտանեկան բյուջեի մի մասն է․ դրանից շատ ավելի մեծ գումար է ուղղվում յուրաքանչյուր ընտանիքի բարեկեցությանը, քան՝ հենց այդ ընտանիքի ներքին բյուջեից։
Փաշինյանն այս հարցի մասին խոսելու անհարաժեշտություն զգաց կառավարության նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի ներկայացրած նախագծին անդրադառնալով։ Այն վերաբերում էր սուբվենցիոն ծրագրերի համար պետական բյուջեից մարզպետների աշխատակազմերին 3 միլիարդ 395 միլիոն դրամ հատկացնելու անհրաժեշտությունը։ Վարչապետը երկար թվարկեց՝ որ բնակավայրերում ինչ աշխատանքների համար է այդ գումարը, ինչին հաջորդեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հարցը․
«Քանի՞ հազար մարդ է սրա շահառուն, իմ տպավորությամբ՝ կարող է, օրինակ, 30-40 000 մարդ լինել էս պրոցեսի շահառուն, ինչը նույնպես կարևոր է, որովհետև էս ամենը, ինչ անում ենք, մարդկանց համար ենք անում առաջին հերթին»։
Նախնական հաշվարկներ արվում են՝ պատասխանում է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Սուբվենցոն ծրագրերը հաստատող միջգերատեսչական հանձնաժողովը քննարկում է, թե, օրինակ, քանի երեխա կայցելի նորակառույց մանկապարտեզ, քանի շահառու կունենա նոր վերանորոգվող ճանապարհը կամ ջրագիծը։
«Ընդ որում, տեղեկանքը պարունակում է նաև տվյալ էն մասին, թե յուրաքանչյուր տնային տնտեսության հաշվով կառավարության էդ որոշմամբ աջակցություն ստացած ընտանիքը՝ շահառուն, որքան գումարի աջակցություն է ստանում, և դա մենք ոչ միայն որպես սոցիալական բաղադրիչ ենք դիտարկում, այլև տնտեսական, որովհետև շատ դեպքերում մենք, օրինակ, 1 հեկտարի հաշվով եթե 2 միլիոն դրամ ենք ծախսում, ոռոգման ենթակառուցվածքը բարելավում ենք, դա նշանակում է, որ էդ հեկտարի արժեքը զգալիորեն ավելացնում ենք, և դա էդ տնային տնտեսության, ընդհանուր առմամբ, տնտեսական բարեկեցության բարձրացման գործոն է դառնում»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սուբվենցիոն ծրագրերին ուղղված ծախսերն անձնապես յուրաքանչյուր ընտանիքի համար արված ներդրում է համարում։ Ասում է՝ տան արժեքը բարձրանում է, եթե ասֆալտապատվում է փողոցը, եթե տարածքում զբոսայգի կամ դպրոց է կառուցվում։ Այնուամենայնիվ, ըստ վարչապետի, պետական բյուջեի միջոցները դեռ առավելագույն արդյունավետությամբ չեն ծախսվում։
«Մենք պետք է ընդունենք, հա, ժողովուրդ ջան, պետք է ընդունենք, մենք չենք կարողանում էլի, էն մեր երազած արդյունավետության պետական բյուջեի փողերը ծախսել, չենք կա-րող-ա-նում։ Կներեք, պետք է կրկնել, մինչև սա դառնա իսկական գիտակցություն։ Հարսանիք եք անում, ծնունդ եք անում, եկեք գնանք նայենք, թե ինչքան արդյունավետ եք դուք․․․ ճշգրիտ, ինչքան դուք ձեր ընտանեկան բյուջեն հարսանիք անելիս, ընկերոջը հյուր հրավիրելիս, ինչքան դուք եք արդյունավետ ծախսում, ճշգրիտ, ճշգրիտ, մի միլիմետր ոչ ավել, ոչ պակաս, էդքան ճշգրիտ կառավարությունն է»։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը վերջին մտքի վերաբերյալ վերապահում ունի․ մենք, ասում է, սովորել ենք ավելի արդյունավետ լինել․
«Չեմ ուզում մեծամիտ հնչի, բայց ինձ թվում է՝ մեր բյուջեն մենք բավականին արդյունավետ ենք ծախսում, իհարկե, արդյունավետությունը սահման չունի, այսինքն՝ միշտ պետք է դրա արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատենք, բայց վերջին տարիներին, կարծում եմ, մենք բավական ներդրում ենք արել մեր մասնագիտական կարողությունների վրա, որը թույլ է տալիս ամեն տարի ավելի արդյունավետ ծախսել մեր գումարները, և վստահ եմ, որ մեր քաղաքացիներն էլ դա նկատում են, և հատկապես 2025 թվականի բյուջեով, որտեղ շատ ուղղություններով գումարներ չեն ավելացել, կարծում եմ՝ էդտեղ էլ հատուկ ուշադրություն ենք դարձնելու արդյունավետության բարձրացմանը, որպեսզի ծառայությունները ավելանան, որակը լավանա միևնույն գումարը ծախսելով»։
Եվ հենց այստեղ էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր խոսքով՝ «սադրանքին» տրվելով, հիշեց կառավարության շենքում վառվող ջահերը։
«Սադրեցիք, պիտի մի քանի ներքին բաների մասին խոսեմ։ Կան որոշ սրահներ, որոնք օգտագործվում են տեսախցիկով, մեկ էլ մի օր նկատեցի, որ էդ սրահներից մեկում, դե մեծ ջահեր կան, ֆիքսեցի, որ էդ սրահներում, որտեղ ես օրերով չեմ մտնում, և մարդ էլ չի մտնում, էդ ջահերը լրիվ միացրած են, այսինքն, հոսանք է միացրած։ Դա մաքսիմում 5 ամիս առաջ էր, ես մեր գործընկերներին ասի՝ ժողովուրդ ջան, էդ լույսերը ինչի՞ եք վառած պահում, եթե էդտեղ իրադարձություն տեղի չի ունենում, էդ դահլիճի լույսը ինչի՞ եք վառած պահում հիմա ու հետո հետադարձ սարսափով մտածեցի, թե նախ էս վեցուկես տարվա ընթացքում և դրանից առաջ ուրիշ վեցուկես տարիների ընթացքում ինչքան է ջահը վառվել»։
Պետության ու քաղաքացու տարբերությունն այն է, որ քաղաքացին գոնե երբեմն հիշում է, որ ամսվա վերջին պետք է վճարի կոմունալ ծախսերի համար և ավելի զուսպ է լինում ավելորդ վատնումներ անելիս։ Եվ ընկալումն այնպիսին է, որ եթե վճարողը պետությունն է, ապա մարդը դրա հետ կապ չունի՝ ասում է վարչապետը։ Եվ սա է կարևոր ուղերձը, որն ուզում է փոխանցել կառավարությունը․ սուբվենցոն ծրագրով վերանորոգված փողոցը պետությանն է, պետությունը՝ քաղաքացունը։ Դրա վատնումը ուղիղ վնաս է մարդուն ու ընտանիքին, պահպանումն ու վերանորոգումը՝ ուղիղ օգուտ։
Այս տարի սուբվենցիոն ծրագրերի համար պետական բյուջեից փոխանցվել է 29.2 միլիարդ դրամ։ Կառավարությունը պատրաստվում է մինչև տարեվերջ այդ գումարն ավելացնել՝ հույսով, որ քաղաքացին դա կընկալի որպես սեփական բարեկեցությանը նպաստող ուղիղ ներդրում։