Այս տարի լրանում է պոլսահայ բանաստեղծ Զահրատի 100-ամյակը։ ՀայԱրտ մշակութային կենտրոնում այդ առիթով բացվեց «Զահրատ 100. Կիկոյի հետ առաջ ու հետ» ցուցահանդեսը՝ կազմված նկարիչ, կոմիքսների հեղինակ Լևոն Գյուլխասյանի գծանկարներից, Զահրատի արխիվային նյութերից, լուսանկարներից։
Ցուցահանդեսի կազմակերպիչ, բանաստեղծ լրագրող Տիգրան Պասկևիչյանը և Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող, Զահրատի արխիվի մշակող և ուսումնասիրող Գոհար Գալստյանը խոսում են ցուցահանդեսի շեշտադրումների, Զահրատի պոեզիայի առանձնահատկության, հայաստանյան գրական և ընթերցողների միջավայրում բանաստեղծի ներկայության մասին։
«Ոչ բոլոր հեղինակներին հնարավոր կլիներ վիզուալիզացնել, քանի որ իր բանաստեղծությունների մեջ ինչ որ մինիմալիստական բան կա, գծանկարի ժանրը հնարավորություն է ստեղծում նույն կերպ մինիմալիստորեն ներկայացնել պոեզիան», – ասում է Տիգրան Պասկևիչյանը։
Գոհար Գալստայանը խոսելով Զահրատի հայաստանյան տպագրությունների մասին, նշում է, որ 1978 թվականին տպագրված «Մեծ քաղաքը» հատորը, որը Զահրատի առաջին երեք ժողովածուների հավաքական հրատարակությունն էր, ունեցել է 5000 տպաքանակ և անմիջապես սպառվել է։
«Կիկոն առանցքային կերպար է Զահրատի գրականության մեջ, սա ամենամարդու կերպարն է, որը թե՛ խոցելի է, թե՛ իր բարության ու երազկոտության, իր երազների ետևից ընկած մարդն է, բայց առանց դրա աշխարհը չի կարող գոյություն ունենալ», – ասում է Գոհար Գալստյանը խոսելով Զահրատի պոեզիայի հերոսի՝ Կիկոյի մասին։
«Բանաստեղծություն գրելիս մենք միշտ մեր մասին ենք գրում։ Կիկոն ինքն է, իսկ ինքը պստիկ մարդ չէր։ Եթե նա ապրեր Խորհրդային Հայաստանում, բանաստեղծ չէր լինի կամ՝ կլիներ ինչպես Արմեն Շեկոյանն էր ասում՝ «հայրենիքին քծնող» բանաստեղծներից։ Ինձ ապշեցնում է այդ մարդու գրի և մտքի թեթևությունը։ Մարդու հետ խոսող պոեզիա է Զահրատի պոեզիան», – ասում է Տիգրան Պասկևիչյանը։
Զահրատի ստեղծագործություններին հայ ընթերցողը բավարար չափով ծանոթ չէ, սակայն նա միջազգային մասշտաբների գրող է, թարգմանվել է քսաներկու լեզուներով, ներկայացվել միջազգային գրական հեղինակավոր հարթակներում։