Ամփոփվել են Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարի նախնական ընտրության արդյունքները։ Առաջատարը Սարիկ Մինասյանն է։ Նա ստացել է 253 ձայն։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության որոշմամբ՝ Գյումրիի քաղաքապետի նախնական ընտրություններին մասնակցել է 7 թեկնածու՝
Շիրակի նախկին մարզպետի խորհրդական Լևոն Անանյան,
Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորներ Դավիթ Առուշանյան, Կարեն Սարուխանյան,
ՔՊ ավագանու անդամ Շավարշ Արամյան,
Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյան,
ՔՊ երիտասարդական միության Գյումրու համակարգող Էմմա Բարսեղյան,
Միասնական սոցիալական ծառայության Գյումրու ստորաբաժանման պետ Սարիկ Մինասյան։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ին հայտարարել էր, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ից 10-ը տեղի կունենան նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով կորոշվի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն։ Փաշինյանը նշել էր նաև, որ հենց այդ ընտրված պաշտոնակատարն էլ, ամենայն հավանականությամբ, կլինի ՔՊ թեկնածուն Գյումրիի քաղաքապետի առաջիկա ընտրություններում։
Այս տարվա հոկտեմբերի 28-ին Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն ու «Բալասանյան դաշինք» խմբակցության 14 անդամները հրաժարական էին տվել։