Եվրոպական Միությանն անդամակցելու 52 351 մարդու՝ ստորագրությամբ արտահայտված ցանկությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վավեր է համարել։ Դեպի Եվրամիություն ձգտող հայաստանյան մի խումբ ուժեր, օգտվելով Սահմանադրության տված հնարավորությունից, 60 օրում բավարարեցին ավելի քան 50 000 ստորագրություն հավաքելու պահանջը։ Արդյունքում նրանց հեղինակած «Եվրոպայի միությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի» մասին օրինագիծը կարող է ԱԺ օրակարգ մտնել։ «Եվրաքվե»-ի ստորագրահավաքի շտաբի՝ ԿԸՀ-ում լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը նախագծի հետագա ընթացքի վերաբերյալ լավատեսական սպասումներ ունի։
«Մենք հույս ունենք, որ նրանք ականջալուր կլինեն 50 000 քաղաքացիների ձայնին ու նաև վարչապետի՝ քաղաքական լիդերի կոչին, որն ասեց, որ բացի այն, որ պետք է ականջալուր լինել 50 000 քաղաքացիների կոչին, այլ նաև վստահություն հայտնեց, որ եթե մենք ցանկանանք, կկարողանանք հավաքել մեր 300 000 ստորագրությունը»։
Օրենքի նախագիծը նախ կքննարկվի Ազգային ժողովի հանձնաժողովներում, ապա՝ լիագումար նիստում։ Օրենսդիրն այս իրավիճակում ունի գործողության երկու ճանապարհ՝ ընդունել նախագիծը կամ ոչ։ Երկրորդ դեպքում նախաձեռնությունը կարող է դիմել հաջորդ քայլին՝ հավաքել ևս 300 000 քաղաքացու ստորագրություն և նախագիծը ներկայացնել հանրաքվեի։ Եվրաքվեի ստորագրահավաքի շտաբի մամուլի հետ կապերի պատասխանատու Հովսեփ Խուրշուդյանը ևս հույս ունի, որ դրա անհրաժեշտությունը չի առաջանա․
«Խիստ կասկածում եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը ևս միանա, բայց իշխող կուսակցությունը կարծես թե հակված է ընդունել էս օրենսդրական նախաձեռնությունը և հուսով եմ, որ այդպես էլ կլինի և այսպես համախոհությամբ ժողովրդավարական ուժերը կշարժվեն առաջ՝ դեպի արդեն նոր արտաքին քաղաքական ուղեգծի շրջանակներում պետություն»։
Այս նախաձեռնությունը որևէ երկրի դեմ չէ ու միայն ի շահ Հայաստանի Հանրապետության է ՝ շեշտում է Հովսեփ Խուրշուդյանը։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է՝ օգտագործվել են տեխնիկածրագրային միջոցներ, իրականացվել է ստորագրությունների վավերականության ստուգում՝ այդ թվում ստորագրած ձևաթերթիկների տվյալները համադրելով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին հասանելի տեղեկությունների հետ։
«Նախաձեռնությունը ներկայացրել էր 59 742 ստորագրություն պարունակող ձևաթուղթ, բայց այդ ձևաթղթերից մուտք է արվել համակարգ 59 313-ը։ Ինչո՞վ է սա պայմանավորված, որովհետև ձևաթղթերը ունեն իրենց պահանջները, ստորագրող քաղաքացիների տվյալներն են, ստորագրություններն են, պիտի պարտադիր լինի նախաձեռնության ներկայացուցչի ստորագրությունը և համայնքային ծառայողի ստորագրությունը, որը ամբողջ էդ ընթացքում, իր ներկայությամբ հաստատում է, որ քաղաքացիները իրենք եկել են, մոտեցել են և ինքնակամ միացել են ստորագրահավաքին։ Եթե լինում էր ձևաթղթեր, իսկ էդպիսի ձևաթղթեր եղան, որ կամ ներկայացուցչի կամ համայնքային ծառայողի ստորագրություն բացակայում էր, տվյալ դեպքում այդ ձևաթուղթը չէր համարվում օրենքով սահմանված կարգով և դրանում առկա ստորագրությունները մուտք էլ չէին արվում»։
Մուտքագրված 59 313 ստորագրություններից վավեր են եղել 51 850-ը։ Սա պարզել է համակարգը՝ ստուգելով քաղաքացիների ներկայացրած տվյալները և թողնելով միայն այն մարդկանց ստորագրությունները, որոնք, ըստ օրենքի, համարվում են քվեարկելու իրավունք ունեցող։ Իսկ համակարգը գործարկվել է անցած տարի։
«Երբ որ խնդիրը մեզ մոտ ծագեց, և Երևանի ավագանու ընտրությունների հետ զուգահեռ մենք պիտի նախաձեռնության ստորագրությունները ստուգեինք ու երկար քննարկումների արդյունքում մենք մինչև ստորագրահավաքը կավարտվեր, մեր մասնագետներին՝ ծրագրավորներին խնդրեցինք, որպեսզի իրենք ստեղծեն մի համակարգ, որտեղ հնարավոր կլինի փակ համակարգում ներբեռնել ընտրողների տվյալները, հետո արդեն անհատների, օպերատորների կողմից, ստորագրող անձի տվյալները մուտքագրելով տեսնել ինքը ընտրող հանդիսանում է, թե ոչ»։
Այսպես, որոշումն այս պահին Ազգային ժողովի դաշտում է։ Հիշեցնենք՝ վարչապետը բազմիցս շեշտել է, որ Հայաստանն ամենաբարձր մակարդակով է հաստատել ԵՄ-ին մերձենալու քաղաքական կամքը։ Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անհրաժեշտ է հասկանալ նաև ԵՄ-ի տրամադրությունները, որը գուցե պատրաստ չէ ընդունել Հայաստանին։