«Կառուցապատողների հայկական ասոցիացիան» ամփոփում է մասնագիտական ձևակերպմամբ «սև ուրբաթի» տարին։ Այսպես են անվանել հիփոթեքային վարկի սպասարկման համար եկամտային հարկի վերադարձի հնարավորության վերջին տարին։ Շուրջ 8 տարի գործող արտոնության վերջին տարին շուկայում հաջող են համարում․ 2023թ շահագործման է հանձնվել շուրջ 900 հազար քառակուսի մետր բնակելի տարածք, այս տարի այս թիվը կհասնի 1 միլիոն քառակուսի մետրի։ Իսկ 2025-ը ոլորտում համարում են կայունացման ու նոր մարտահրավերներին դիմակայելու տարի, սակայն համոզված են՝ շուկայում նվազում ու գնանկում է լինելու։
«Սև ուրբաթի» տարին մոտենում է ավարտին։ «Կառուցապատողների հայկական ասոցիացիա»–ում այսպես են անվանել 2024 թվականը՝ եկամտահարկի վերադարձից օգտվելու հնարավորության վերջին տարին։ Ասոցիացիայի խորհրդի անդամ Արմեն Սաքապետոյանն ասում է՝ այս տարի կառուցապատողների համար բացառիկ տարի էր։
«Այս տարի անխտիր բոլոր կառուցապատողները երջանիկ էին, ուրախ էին, քանի որ շատ լավ իրացում ու տեմպեր ունեին։ Այս տարին մենք ամփոփում ենք՝ եկող տարվա մարտահրավերներին պատրաստվելով։ Պատկերավոր ասած՝ եկամտահարկի վերադարձի ծրագիրը գործել է շուրջ 8 տարի, դա մի «պարարտանյութ» էր, որը մենք անընդհատ լցնում էինք ծառի տակ և եկող տարվանից այս պարարտանյութը չի լինելու»,– ասում է Սաքապետոյանը։
Հունվարից հետո մայրաքաղաքում արդեն կգործեն հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների մասով եկամտային հարկի վերադարձի օրենսդրական փոփոխությունները։ Դրանց համատեքստում կառուցապատման տեմպերը հավանաբար չեն նվազի, իներցիոն կշարունակվեն, սակայն իրացման ծավալների նվազում կլինի։ Ասոցացիայում կանխատեսել են՝ ոլորտում գնանկում էլ կլինի։
«Գներն արդեն իջնում են, դուք երևի նկատած կլինեք, կառուցապատողները բազմաթիվ ակցիաներ են իրականացնում, զեղչեր են իրականացնում։ Ըստ էության, պահանջարկի նվազմամբ նաև գները կիջնեն, բայց դրանք, իհարկե, չեն կարող այնքան իջնել, որ դառնան շատ մատչելի, քանի որ մյուս կողմից էլ ավելանում են հարկերը, տուրքերը, հանրային ծառայություն մատուցող ընկերությունների կողմից միացման վճարները։ Այսինքն, մի կողմից գինը բարձրանում է, մյուս կողմից՝ իջնում»։
Ոլորտում 2025-ն անվանում են կայունացման տարի․ պիտի փորձեն բարենպաստ ընթացքին հաջորդող ճգնաժամը կասեցնել։ Սաքապետոյանն ասում է՝ շեշտն ուղղված է լինելու մարզերում կառուցապատման խթանմանը։ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով հարկային արտոնությունը մայրաքաղաքից կտեղափոխվի մարզեր։ Մասնավորապես, 2027-ի հունվարի1-ից հիփոթեքային վարկերի մասով եկամտահարկը չի վերադարձվի եթե անշարժ գույքը գտնվում կամ կառուցվելու է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի ու Կոտայքի մարզերում։ 2029-ից այս ցանկին կմիանան նաև Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերը։
Ժամանակահատվածը, որ նախատեսված է մարզային կառուցապատման համար, շատ փոքր է՝ կարծում է կառուցապատող ընկերության հիմնադիր Տիգրան Հարությանյանը, պնդում՝ սա ևս խնդիրներ ու շուկայի զգալի նվազման պատճառ կլինի։
«Վստահ չեմ, որ կկարողանանք բավականաչափ ծավալ տեսնել մարզային կառուցապատման մեջ, որը կկոմպենսացնի Երևանի շինարարությունը, այսպիսով, մենք կունենանք և շինարարության և կառուցապատման անկում»,– ասում է Տիգրան Հարությունյանը։
Անցնող 2024-ը ոչ միայն «սև ուրբաթի», այլ նաև այս ընթացքին բնորոշ խնդիրների տարի է եղել՝ փաստում է կառուցապատող ընկերության հիմնադիր Տիգրան Հարությանյանը։ Անցնող տարում տուրքերն են ավելացել, մրցակցությունն է մեծացել։
«Խնդիրներից են տուրքերի բարձրացումները, մենաշնորհային ծառայությունների, կազմակերպությունների կողմից միացման վճարների թանկացումները և որոշ դեպքերում նույնիսկ դրանց այնքան բարդ լինելը, որ հնարավորություն չի լինում միացումներ ստանալու, և նոր քաղաքաշինական պրոյեկտները այդ առումով վտանգված են»։
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա»–ում փորձում են նոր ծրագրեր մշակել ու նաև առաջարկությունների փաթեթ ներկայացնել գործադիր ու օրենսդիր մարմիններին Հարկային օրենսգրքի փոփոխություններից հետո մարզերում ծավալվելիք կառոցապատումը ավելի գրավիչ դարձնելու համար՝ մանրամասնում է Սաքապետոյանը։
«Մենք ունենք շատ հետաքրքրիր ծրագրեր մարզերում։ Մարզեր ասելով խնդրում եմ չհասկանանք Բագրևանդի աջ կամ ձախ կողմը, մարզեր ասելով մենք նկատի ունենք գոնե երևանամերձ քաղաքները՝ Աբովյան, Հրազդան, Աշտարակ, Արտաշատ ու փորձում ենք այս ծրագրերը տեղափոխել ավելի հեռավոր մարզեր, իհարկե այնտեղ գնունակության խնդիր կա։ Բանակցում ենք կառավարության հետ, որ նոր խթանիչ գործիքներ ներդրվեն, որպեսզի կառուցապատումը շարունակվի ու իրականացվի մարզերում։ Ամեն դեպքում նպատակն այն է, որ մենք կարողանանք կառուցապատումը գրավիչ դարձնել նաև մարզերում»։
2023թ․ շահագործման է հանձնվել շուրջ 900 հազար քառակուսի մետր բնակելի տարածք, այս տարի թիվը կհասնի1 միլիոն քառակուսի մետրի։ Այս տեմպերը պահելով միայն հնարավոր է շուրջ10 տարի հետո հրաժեշտ տալ խորհրդային բնակֆոնդին՝ ասում է «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ խորհրդի անդամը։
«Կարծում ենք՝ հաջորդ մեր բումը լինելու է ռենովացիայի ծրագիրը, որով մենք մեր քաղաքացիներին հանելու ենք մաշված, հին, խարխուլ, վթարային տներից և վերաբնակեցնելու ենք արդեն նոր բնակարաններում։ Այս պահին քննարկվում է Աջափնյակ համայնքում մի հատված՝ 5.6 հեկտած առանձնացնելու հարցը։ Այս ընտրությունը պայմանավորված է նաև Մետրոյի նոր կայարանի կառուցմամբ»,– պատմում է ասոցացիայի ներկայացուցիչը։
Ասոցացիացիայում այժմ սպասում են գործադիրի հետ քննարկումներին․ ծրագիրը հաջողելու դեպքում նախատեսում են հետագայում այն նաև Երևանի մյուս թաղամասերում կիրառել։