Ամանորին ընդառաջ վիզա ստանալու ավելացող պահանջարկին զուգահեռ մեծանում են նաև խարդախության զոհ դառնալու ռիսկերը։ Ոլորտի փորձագետները հորդորում են դիմել բացառապես վստահելի ընկերություններին կամ ուղիղ դեսպանատուն։ Նաև վիզաների ազատականացման գործընթացն է թյուր կարծիք ձևավորել, թե վիզա ստանալն արդեն իսկ ավելի դյուրին և անխոչընդոտ է դարձել։ Մինդեռ ոչ միայն հերթերն են պահպանվում, այլև հերթը հասնելուց և փաստաթղթերը ներկայացնելուց հետո էլ դեռ հարց է՝ վիզա կստանա՞ն, թե՞ ոչ։ Խարդախություններից խուսափելու համար ԱՄՆ դեսպանատունը ևս հաղորդագրություն է տարածել, հայտնելով, որ Միացյալ Նահանգները երբեք կապ չի հաստատում առցանց կամ սոցիալական հարթակներում վիզաներին առնչվող ծառայություններ առաջարկելու համար։ Դեսպանատունը կոչ է անում վիզաների հետ կապված խաբեության թիրախ կամ զոհ դառնալու դեպքում անմիջապես հաղորդում ներկայացնել։
Մինչ պատկան կառույցները աշխատում են վիզաների ազատականացման ուղղությամբ, ՀՀ շատ քաղաքացիներ կարծում են, որ դրանով պայմանավորված՝ դժվարություններն արդեն անցյալում են, և վիզա ստանալն անհամեմատ հեշտացել է։ Մինչդեռ այս թյուր կարծիքը կարող է մեծ գումարներ, ժամանակ և նյարդեր արժենալ, նկատում է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը։
«Որոշակի գործընթաց, առաջընթաց կա, բայց պետք է հերթագրվեն, ամիսներ հետո նոր հերթը հասնի, որպեսզի կարողանան փաստաթղթերը ներկայացնել, և դեռ հարց է՝ այդ վիզան կստանան, թե չեն ստանա։ Որոշ անհատներ, միգուցե կազմակերպություններ, առիթից օգտվում են, և նման խոսակցություններ կան, որ հերթ են կարողանում ինչ-որ ձևով վերցնել։ Բայց համոզված եմ, որ ցանկացած խարդախություն, կամ չարաշահումներ արդյունք են ոչ հիմնավորված հերթերի»։
Հաշվի առնելով նաև Ամանորին ընդառաջ վիզա ստանալու մեծացող պահանջարկը՝ կարող են ավելանալ նաև վիզա տրամադրելու առաջարկ անող անհատներն ու կազմակերպությունները։ Մինչդեռ այս պահին Եվրամիության որևէ երկրի վիզա ստանալու համար դեսպանատներում ազատ ժամ չկա՝ առնվազն առաջիկա ամիսների համար։ Օրերս էլ ԱՄՆ դեպանատունն էր հաղորդագրություն տարածել, հայտնելով, որ Միացյալ Նահանգները երբեք առցանց կամ սոցիալական հարթակներում վիզաներին առնչվող ծառայություններ չի առաջարկում։ Նաև կոչ էր անում վիզաների հետ կապված խաբեության թիրախ կամ զոհ դառնալու դեպքում անմիջապես հաղորդում ներկայացնել։
Անհարմար իրավիճակում չհայտնվելու համար, առհասարակ, լավ կլիներ չվստահել անհայտ ծառայություններին, կարծում է տուրիզմի փորձագետ Մեխակ Ապրեսյանը։ Նա հորդորում է չկորցնել զգոնությունը, դիմել բացառապես վստահելի տուրիստական ընկերությունների կամ անմիջապես դեսպանատուն։
«Եթե ուզում եք մեկնել որևէ երկիր՝ հանգստի, գնացեք այնտեղ, որտեղ ավելի հեշտ է գնալ, որտեղ ավելի շատ են հարգված մեր քաղաքացիների իրավունքները և դժվարություններ չեն ունենում, նրանց հանգիստը չի սկսվում չարչարանքներից և չի սկսվում վիզայի համար տարբեր դժվարություններ անցնելուց ։ Համոզված եմ, որ այլընտրանք շատ կա»։
Վիզա ստանալու գործընթացը Հայաստանում միշտ էլ խնդրահարույց է եղել: Սակայն, հաշվի առնելով վիզաների ազատականացման մասին լավատեսական հեռանկարները, ոլորտի փորձագետները լիահույս են, որ վիզային ռեժիմը կվերանա, և շուտով Հայաստանի քաղաքացիները կկարողանան եվրոպական երկրներ և ԱՄՆ մեկնել առանց մուտքի վիզաների։
«Շատ մեծ հույս ունենք, որ վիզաների ազատականացման գործընթացը գնում է իր հունով, և հնարավոր սեղմ ժամկետում մեր քաղաքացիները արժանիորեն կկարողանան ազատորեն մուտք գործել եվրոպական երկրներ, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, և հասանելիությունը ցանկացած երկիր մեր քաղաքացիների համար կլինի դյուրին, հեշտ, անխոչընդոտ: Սա առաջին հերթին հարգանք է մեր երկրի և մեր ժողովրդի նկատմամբ»:
Թեև վիզաների ազատականացումը երկարատև և բանակցային կարևոր գործընթաց է, այն, ինչպես ասում են, սարերի հետևում չէ։ Հստակ ժամկետների մասին պատկերացումներ առայժմ չկան, բայց Հայաստանը պատրաստ է բանակցելու այնքան ժամանակ, մինչև բավարարի սահմանած չափանիշները, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։ Մինչև հիմա թերևս ամենաարագը այս գործընթացը հաղթահարել են Մոլդովան և Վրաստանը, այն էլ 4-5 տարում։ Ի դեպ՝ կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրումը ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի առանցքային պայմաններից մեկն է, ընդգծում է փոխնախարարը.
«Մենք այս գործընթացը սկսել էինք ավելի վաղ, նույնիսկ վիզաների ազատականացման մեկնարկից։ Գիտեք, վիզաների ազատականացման մեկնարկը տրվել է այս տարվա սեպտեմբերի 9-ին Երևանում: Ոչ միայն կենսաչափական անձնագրերի, այլև մյուսների փորձը հաշվի առնելով, այսպես ասած, մեր տնային աշխատանքը անելով, մեզ համար եզրակացություններ ենք արել, թե ինչերն են կարևոր այս նպատակին հասնելու համար և արդեն որոշակի գործողություններ իրականացրել ենք»։
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ, կենսաչափական համակարգի ներդրումը պետք է իրականացվի պետություն-մասնավոր գործընկերության ճանապարհով, ինչը ենթադրում է երկփուլանի մրցույթ որակավորման և առաջարկի հարցում։ Այս պահին ունենք որակավորված 3 ընկերություն ։ Առաջիկայում նրանք կներկայացնեն իրենց առաջարկները, ինչից հետո հանձնաժողովը կգնահատի առաջարկները, ընտրելով դրանցից մեկը։
«Մոտավորապես մարտի վերջին մենք կունենանք այն ընկերությունը, որի հետ համագործակցաբար պետք է ներդնենք նոր համակարգը: Կունենանք նաև երկամսյա ժամկետ պայմանագրի վերջնական բանակցման համար հաղթած ընկերության հետ, որից հետո գործընկեր կազմակերպությունը կունենա մեկ տարի ժամկետ ամբողջությամբ համակարգը ներդնելու համար: Ինչը, ըստ էության, նշանակում է, որ մենք մոտավորապես 2026թ.-ի գարնանը կունենանք արդեն ներդրված կենսաչափական համակարգ»:
Բիոմետրիկ տվյալների առկայության դեպքում միգրանտներին հայտնաբերելը ավելի դյուրին կլինի, իսկ սահմանված ժամկետերի խախտման պարագայում նրանց մուտքի արգելքը կազմակերպելը ևս ավելի դյուրին կլինի, ինչն էլ կդառնա կանխարգելիչ գործիք։ Արտագաղթը կանխելու համար կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվելու նաև ՀՀ–ում։ Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի քաղաքացիները հիմնականում ապաստան են հայցում ԵՄ–ում առողջապահական խնդիրներով պայմանավորված։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի խնդիրը նախևառաջ առողջապահական համակարգն է, որի որակական փոփոխությունների ուղղությամբ կառավարությունն աշխատում է։ Արմեն Ղազարյանը դժվարանում է ասել, թե ՀՀ քաղաքացիները Եվրոպա են նախընտրում, թե ԱՄՆ, քանի որ դրանք անօրինական միգրանտներն են, իսկ անօրինական միգրացիան այն դաշտն է, որտեղ չկան հստակ տվյալներ։
Արմեն Ղազարյանը նաև հստակեցնում է․ վիզաների ազատականացումը ոչ թե աշխատելու հնարավորություն է ենթադրում, այլ պարզապես կարճաժամկետ այցելություն է շենգենյան վիզաների փոխարեն։ Ի դեպ ԵՄ–ն պարբերաբար խստացնում է միգրացիոն քաղաքականությունը։ Դրա մասին է վկայում նաև այս տարի եվրոպական խորհրդարանի հաստատած միգրացիայի և ապաստանի պակտը, որը ենթադրում է բավականին խստացումներ միգրացիոն օրենսդրության մեջ, այդ թվում՝ անհիմն ապաստանի հայցերի արագ մերժման և վերադարձի կազմակերպման գործընթացներ։
Կացության պայմանները նաև ԱՄՆ–ն է խստացնում։ Նախագահ Դոնալդ Թրամփը նույնիսկ ցանկանում է չեղյալ հայտարարել ԱՄՆ տարածքում ծնվածների համար քաղաքացիության իրավունքը։ «Մենք պետք է դրան վերջ տանք։ Սա ծիծաղելի է»,- NBC հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է ընտրված նախագահը։ Նա չի բացատրել, թե ինչպես է պատրաստվում հրաժարվել ամերիկյան Սահմանադրության 14-րդ ուղղումից։ Միայն նշել է, որ եթե կարողանա, ապա դա կանի «գործադիր միջոցառումների» միջոցով։