ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Սիրիայի ապագան ու անցումային կառավարության ձևավորման մարտահրավերները

Սիրիայում անցումային կառավարություն ձևավորելու գործընթացը հանգեցրել է նշանակալի փոփոխությունների, որոնց մասին տեղեկությունները տարբեր միջազգային լրատվամիջոցներից են ստացվել։ Al Jazeera-ն, Reuters-ն ու Tasnim-ը հաղորդել են, որ Սիրիայի ընդդիմությունը երկրի նոր անցումային կառավարության ղեկավար է նշանակել Մուհամմադ ալ-Բաշիրին։ Ըստ փորձագետների, նույնիսկ այս նոր անցումային կառավարության ձևավորումը չի կարող երաշխավորել այն, որ Սիրիան կվերադառնա լիովին կայուն վիճակի՝ հաշվի առնելով թե՛ ներքին, թե՛ միջազգային գործոնները։ Այսօր Սիրիայի հարցով դռնփակ նիստ է գումարել ՄԱԿ-ի ԱԽ-ն։ Անվտանգության խորհրդի անդամները առաջիկա օրերին կաշխատեն Սիրիայի վերաբերյալ հայտարարության վրա։ Այս մասին, ըստ Reuters գործակալության, դռնփակ հանդիպումից հետո տեղեկացրել են ԱՄՆ և ՌԴ դիվանագետները:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները քննարկել են իրավիճակը Սիրիայում, կարևորելով այդ երկրի տարածքային ամբողջականությունը և բնակչության պաշտպանությունը։ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կողմ են այս հարցերում համատեղ աշխատանքին։ Հաղորդվում է, որ ՄԱԿ-ում Չինաստանի դեսպան Ֆու Կոնգը խորհրդի նիստից հետո ասել է՝ «իրավիճակը պետք է կայունացվի, և պետք է լինի ներառական քաղաքական գործընթաց, ինչպես նաև չպետք է լինի ահաբեկչական ուժերի վերածնունդ»:

Ապստամբների հարձակումը, որի հետևանքով տապալվել է Ասադը, նախաձեռնել էր «Հայաթ Թահրիր ալ Շամ» խմբավորումը: Նախկինում այն հայտնի էր որպես Ալ Քաիդա ահաբեկչական խմբավորման պաշտոնական թևը Սիրիայում՝ մինչև 2016 թվականին հարաբերությունների խզումը: Reuters-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի ԱԽ դիվանագետները հայտնել են, որ «Հայաթ Թահրիր ալ Շամ»-ին պատժամիջոցների ցուցակից հանելու վերաբերյալ որևէ քննարկում չի եղել։

Тasnim-ի, Reuters-ի և Al Jazeera-ի հրապարակումների համաձայն՝ անցումային կառավարություն ձևավորելու համար Սիրիայի ընդդիմության կողմից նշանակված Ալ-Բաշիրը նախկինում ղեկավարել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում ապստամբների կողմից վերահսկվող տարածքները։

Այժմ նա պետք է ապահովի անցումը՝ կանխելու համար երկիրը խորը քաոսի մեջ ընկնելուց, հայտնել են սիրիական լրատվամիջոցները։

Սիրիայի վարչապետ Մուհամեդ ալ-Ջալալին դեկտեմբերի 9-ին համաձայնել էր իշխանությունը փոխանցել ընդդիմությանը։ Reuters-ի հաղորդմամբ՝ ընդդիմության գլխավոր հրամանատար Աբու Մոհամմադ ալ-Ջոլանին հանդիպել է նաև Սիրիայի ներկայիս իշխանությունների հետ՝ քննարկելու անցումային կառավարությունը։ Ըստ աղբյուրների՝ իշխանության փոխանցման գործընթացը կտևի մի քանի օր։

Սիրիայի նոր անցումային կառավարությունը ղեկավարելու ընթացքում Մուհամադ ալ-Բաշիրը պետք է իրականացնի երկրի վերականգնման գործընթացը՝ միաժամանակ ապահովելով երկրի տարածքային ամբողջականությունը և բնակչության անվտանգության երաշխիքները։

Փորձագետները նկատում են, որ ընդդիմության որոշ խմբեր և զինյալներ այժմ խաղաղ բնակչության հանդեպ դրական մոտեցում են ցուցաբերում՝ հայտարարելով, որ իրենց պայքարը միայն Ասադի իշխանության դեմ է եղել։

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի մեկնաբանությամբ՝ Սիրիայում իշխանության են գալու այն ուժերը, որոնց հիմա աշխարհը համարում է զինյալ ընդդիմադիրներ։ Ըստ նրա՝ հիմա վաղ է պնդումներ անել, թե այդ ուժերը քրիստոնյաների կամ էթնիկ այլ խմբերի նկատմամբ բռնություններ չեն կիրառի.

«Շատ խնդիրներ կան դեռևս և, ի դեպ, շատ վաղ է գնահատականներ տալ։ Իմ ընդհանուր սպասումն ամեն ինչից հետևյալն է՝ դժվար կլինի, որ Սիրիայում ամեն ինչ հարթ ընթանա»։  

Անդրադառնալով հայ համայնքին, թուրքագետն ասում է, որ այս պահին անմիջական վտանգ չի սպառնում, քանի որ այն զինյալները, որոնք մտել են Հալեպ ու Քեսաբ, կապվել են հայկական կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ եկեղեցու և վստահեցրել, որ հայերի անվտանգությունը երաշխավորում են։ Սաֆրաստյանի խոսքով՝ սա դրական սպասումներ առաջացնում է, բայց պետք է տեսնել, թե հետո ինչ զարգացումներ կլինեն։

Ասադների իշխանությանը վերջ դրած աբստամբ ընդդիմադիրները նաև ազատ են արձակել քաղբանտարկյալներին, ինչի մասին միջազգային մամուլն է գրել։

Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, բոլոր դեպքերում, Արևմուտքը կխոսի Սիրիայի նոր ռեժիմի հետ, բայց, միաժամանակ, հարվածներ կհասցնի այն ուժերին, որոնք կասկածվում են ԻՊ-ի հետ կապ ունենալու մեջ։ Նույնն անում է նաև Իսրայելը՝ ոչնչացնելով Սիրիայի զենքի պաշարները, որոնք անցնում են այս նոր ուժերի ձեռքը՝ նկատեց թուրքագետը։

«Սա վկայում է այն մասին, որ Իսրայելը չի վստահում այս նոր ուժերին։ Այսինքն, կա նաև անվստահություն և՛ Իսրայելի կողմից, և՛ ԱՄՆ-ի կողմից։ ինչի՞ մասին էԱրևմուտքը, այո՛, կխոսի այդ նոր ռեժիմի հետ, բայց, Այստեղ պետք է ճշտում մտցվի։  Սա վկայում է այն մասին, որ Իսրայելը չի վստահում այս նոր ուժերին, այսինքն՝ կա նաև անվստահություն թե՛ Իսրայելի, թե՛ ԱՄՆ-ի կողմից»։

Այնուամենայնիվ, առաջիկա ժամանակահատվածում Սիրիայում կարող են ի հայտ գալ նաև քաղաքական լարվածություններ։ Քաղաքագետ Արմեն Այվազյանը և թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նկատում են, որ տարբեր խմբավորումներին Թուրքիայի կամ այլ պետությունների կողմից աջակցությունը կարող է հանգեցնել նոր բարդությունների։

Թուրքիայի աջակցությունը վայելող զինված խմբավորումները միատարր չեն, հետևաբար մեծ հարց է, թե հետագայում ինչ վարքագիծ կդրսևորեն, նկատում է քաղաքագետ Արմեն Այվազյանը։

«Թուրքամետ ուժերի ձեռքում են գլխավոր քաղաքները, բացի քրդական շրջանից։ Բայց թե հետագայում ինչպես կզարգանան իրադարձությունները, շատ բարդ է ասել։ Դրուզները, որոնք ապրում են Սիրիայի հարավում՝ Իսրայելի հետ սահմանին, չի բացառվում, որ առհասարակ անջատվեն և ստեղծեն մի առանձին քվազիպետություն՝ իսրայելյան հովանավորության ներքո։ Իսրայելն էլ արդեն, գիտենք, ներխուժել է Սիրիա։ Չի բացառվում, որ Իրանը ստեղծի նոր ուժ՝ Հեզբոլլահի պես»։

Հարց է նաև, թե թուրքական ազդեցությամբ գործող խմբավորումներն իրենց հետագայում ինչպես կդրսևորեն։ Անկարան մտել է մի երկիր, որն անակնկալներ կմատուցի նրան՝ կարծում է Այվազյանը։

Կարդացեք նաև

Back to top button