ԿարևորՀասարակություն

Անունը կա, ամանում չկա. Նորակերտում գազատարը կառուցվել է 3 տարի առաջ, բայց մինչ օրս չի շահագործվել

Նորակերտի նորակառույց թաղամասի բնակեցումից 22 տարի է անցել, բայց մինչև հիմա թաղամասը չի օգտվում կապույտ վառելիքից: Համայնքների խոշորացումից առաջ տեղական բյուջեի հաշին թաղամասում գազատար է կառուցվել, բայց մինչև օրս չի շահագործվել, քանի որ չկան համապատասխան փաստաթղթեր ու կադաստրի վկայական: Արդեն մի քանի տարի խնդրին լուծում չի տրվում:

Փարաքար համայնքի Նորակերտ գյուղի ծայրամասային 4-րդ փողոցը զրկված է բնական գազից. 3 տարի առաջ կառուցված գազատարից չեն օգտվում: Բնակիչները կես կատակ, կես լուրջ ասում են՝ անունը կա, ամանում չկա: Անգամ չգիտեն՝ խողովակներում գազ կա, թե ոչ, նայում են ու տարբեր ենթադրություններ անում.

«Խողովակները կան, բայց գազ չկա: Չեն միացնում էլի, ուրախացել էինք, բայց ինչ օգուտ»։      

«Գազն է, բայց չենք իմանում մեջը կա, թե՞ չկա, որ տները գազ քաշենք: Խողովակները բերել են»:

«Էս գազը որ քաշել են, ինչի համար են քաշել, որ բնակիչները գազ ունենան: Եթե չեն միացնում, ո՞ւմ է պետք: Ասում են՝ անորակ, սխալ խողովակներ են, պետք է փոխվի: Հիմա մենք չենք իմանում՝ ինչ է: Ասում են՝ խողովակները չունեն այն հաստությունը, որը նախատեսված է գազի մատակարարման համար»:

Նորակառույց 4-րդ փողոցի տնամերձ հողամասերը բաժանվել են դեռ 90-ականներին ու աստիճանաբար բնակեցվել: Ենթակառուցվածքներից լուծվել է գիշերային լուսավորության, խմելու և ոռոգման ջրի խնդիրը, իսկ գազի հարցը մնացել է անլուծելի: Մինչև համայնքների խոշորացումը հուզող խնդրին ականջալուր է եղել Նորակերտի նախկին գյուղապետը ու որոշել գազիֆիկացնել թաղամասը: Շինարարությունը սկսել են 3-4 տարի առաջ, ավարտել, բայց թաղամասի բնակիչներին կապույտ վառելիքը դարձյալ մնացել է անհասանելի: Մինչև օրս հեղուկ գազ են օգտագործում:

«Ճիշտ է, այս ապահին խողովակները կան, բայց դեռ չենք օգտվում: Չգիտենք, թե ինչ է պետք անել, որ մենք գազ ունենանք: Մենք տանը ունենք բալոններ, որը լցնում ենք, միացնում գազին, օգտագործում ենք, մինչև տեսնենք, թե երբ բնական գազ կլինի»:

«Սովորական գազի բալոններ են, լիցքավորում ենք, բերում, միացնում գազին, օգտագործում: Կամ 3կգ-ոց, 5կգ-ոց փոքր գազերն ենք տանում, լիցքավում ենք, բերում, օգտագործում: Այսօր գազը լիցքավորել ենք 1 կգ-ը 210 դրամով»:

Հեղուկ գազից բացի մի քանի բնակիչներ ջրատաքացուցիչներ են տեղադրել կենցաղային մյուս խնդիրները կարգավորելու համար, սակայն ձմռան ամիսներին դրանք այնքան էլ չեն արդարացնում: Տները շարունակում են ջեռուցել փայտի վառարաններով:

«Ուրախացել էինք, որ գազ կունենանք: Նորմալ կապրենք, էլ չենք մտածի՝ վա՜յ, գազը պրծավ, ճաշը մնաց կիսաեփ: Փաստորեն գազի խողովակները քաշել են, բայց մենք չենք օգտվում»:

Հոկտենբերին դիմել են և՛ Նորակերտի վարչական ղեկավարին, և՛ Փարաքար համայնքի, բայց մինչև հիմա պատասխան չեն ստացել: Գազամատակարարումը դարձել է անլուծելի թնջուկ: Գազատարի շահագործման համար չկան համապատասխան փաստաթղթեր՝ ասում է Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալ Կարապետ Արթենյանը.

«Այն ժամանակ իրենք փաստաթղթերը մինչև վերջ չեն հասցրել կազմել, չեն տարել, չեն գրանցել, վկայական չեն հանել: Արդեն 4 տարի է անցել, մենք փորձում ենք կապվել շինարարի հետ, գտնենք՝ ով է, բերենք, այս թղթերը հավաքենք, հետո նոր հասկանանք, թե ոնց ենք մուտք անում, որ վկայական հանենք, դիմենք գազպրոմին»:

Գազատարի շահագործման համար բացակայում են մի շարք փաստատթղթեր, ավարտական ակտեր: Միայն դրանց կարգավորումից հետո կշահագործվի գազատարը: Կարապետ Արթենյանն ասում է, որ սա երկարատև, աշխատատար գործընթաց է, բայց հիմա Փարաքար համայնքը ղեկավար չունի: Մոտ մի ամիս առաջ Լյուդվիգ Գյուլնազարյանը հրաժարական էր տվել, նոյեմբերի 11-ին էլ իր զբաղեցրած պաշտոնից ազատվել է Նորակերտի վարչական ղեկավար Հասմիկ Գարսևանյանը:

Կարդացեք նաև

Back to top button