ԿարևորՀասարակություն

ԵԽ-ի կողմից հաստատվել է ՆԳՆ-ի հետ իրականացվող ծրագրերի շարունակական ֆինանսավորումը և դիտարկվել որպես առաջնահերթություն

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին, հայտնում են ՆԳ նախարարությունից։

Մաքսիմ Լոնգանգեն հայտնել է, որ Եվրոպայի Խորհրդի կողմից հաստատվել է ՆԳ նախարարության հետ իրականացվող ծրագրերի շարունակական ֆինանսավորումը և դիտարկվել որպես առաջնահերթություն։

Մաքսիմ Լոնգանգեն բարձր է գնահատել Ոստիկանության գվարդիայի ուղղությամբ ունեցած բացառիկ համագործակցությունը, պատրաստակամություն է հայտնել շարունակելու փոխգործակցությունը ստորաբաժանման ձևավորման, ենթաօրենսդրական դաշտի մշակման և ծառայողների վերապատրաստման գործընթացում՝ ընդգծելով օրենսդրական դաշտում գրանցված համատեղ ձեռքբերումները։

Ոստիկանության գվարդիայի կայացման գործում ՆԳ նախարարն ընդգծել է ոչ միայն օրենսդրական դաշտի լավարկման աշխատանքների կարևորությունը, այլև հետևողական և արդյունավետ կիրառումը։

Անդրադառնալով Հայաստանում ուժի կիրառման նոր ստանդարտին՝ Արփինե Սարգսյանը ընդգծել է խոշտանգման և վատ վերաբերմունքի այլ դրսևորումների արձանագրման մեխանիզմերի կիրառման, Ոստիկանության, Քննչական կոմիտեի և Շտապօգնության անձնակազմի համատեղ վերապատրաստումների արդյունավետությունը։

ԵԽ գրասենյակի ղեկավարն անդրադարձել է նաև ՄԻԵԴ-ի և Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի կողմից ՆԳՆ ոլորտում արձանագրված ձեռքբերումներին։ Կողմերը քննարկել են նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ոլորտում համագործակցության, ընտանեկան և գենդերային բռնության կանխարգելման, ԼՂ-ից տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման հարցեր։

Կարդացեք նաև

Back to top button