ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Սպառված կառո՞ւյց, թե՞ կոնսերվացված գործիք․ երբ կարող է վերագործարկվել ԵԱՀԿ ՄԽ-ն

Եթե այսօր ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ երեք երկրները՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան չեն կարողանում մի սեղանի շուրջ նստել ու բանակցել, չի նշանակում, որ դրա անհրաժեշտությունն առաջիկայում չի առաջանա՝ ասում են փորձագետները՝ կառույցի լուծարման մասին Բաքվից հնչած հերթական հայտարարությանն անդրադառնալով։ Նրանց գնահատմամբ՝ ՄԽ-ն թեև չի գործում, բայց չի սպառել իր անելիքը․ այն պետք է առնվազն լուծի հաջորդ կառույցի իրավահաջորդության հարցը։

ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելուն ուղղված Բաքվի ջանքերը հաջողության չպետք է հասնեն՝  համոզված են հայ փորձագետները։ Կառույցի լինել–չլինելու հարցը կրկին հրատապություն է ձեռք բերել Մալթայում կայացած ԵԱՀԿ  արտգործնախարարների համաժողովից հետո, որի շրջանակում Ադրբեջանի արտգործնախարար  Բայրամովը հերթական անգամ խոսել է ԵԱՀԿ ՄԽ–ի լուծարման մասին։ Քաղաքագետ Արա Պողոսյանը կարծում է, որ այս թեզը բխում է Ղարաբաղյան հակամարտության էջը փակված համարելու  ադրբեջանական մոտեցումից։

«Իրականում, թեև Ադրբեջանում մեզ վստահեցնեն և ողջ աշխարհին վստահեցնեն, որ Արցախի հարց գոյություն չունի և այդ հարցն արդեն լուծված է, միևնույն է, եթե նույնիսկ Հայաստանի Հանրապետությունում համաձայնեն, որ այդ հարցը լուծված է, դերակատարները այս կամ այն իրավիճակում պարբերաբար խնդիրը նորից կաշխուժացնեն ու կդարձնեն ակտուալ։ Դա պայմանավորված է միջազգային շահերով»։

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Քեյթ Ֆերոն օրերս Մալթայում հայտարարել էր, որ կազմակերպությունը կկարողանա նպաստել հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին, եթե Երևանը և Բաքուն նման ցանկություն հայտնեն։ Ադրբեջանի արտգործնախարարի կարծիքով, սակայն,  Մինսկի գործընթացին առնչվող ԵԱՀԿ կառույցները հնացել են։ Նա միջազգային կառույցներին կոչ էր արել  չվնասել հայ-ադրբեջանական բանակցություններին՝ Երևանի հետ երկկողմ շփումները համարելով հարաբերությունների կարգավորման միակ կենսունակ ձևաչափ։

44-օրյա պատերազմից հետո պաշտոնական Բաքուն պարբերաբար խոսում է Մինսկի խմբի անարդյունավետության ու ժամանակավրեպ լինելու մասին, մինչդեռ հայկական կողմն այն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է համարում։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի գնահատմամբ՝ հայկական կողմը կոնֆլիկտն ավարտված չի համարում, Խաղաղության պայմանագիրը դեռ ստորագրված չէ, այլ հիմնավորումներ ևս կան։

«Իհարկե, Հայաստանի իշխանությունները հասկանում են, որ այս պահին, երբ տուրբուլենտ վիճակ է աշխարհում, ՄԽ–ի արևմտյան համանախագահներն ուղղակիորեն չեն խոսում Ռուսաստանի հետ, և այդ թեման առաջ տանելը անիմաստ է: Դրա համար հիմա ավելի շատ երկկողմ ձևաչափով են բանակցում Ադրբեջանի հետ: Դրանից Ադրբեջանը օգուտ է քաղում՝ ասելով, որ այլևս մենք երկկողմ ձևաչափով բանակցում ենք Հայաստանի հետ և կարիք չկա եռակողմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ներքո հանդիպել և բանակցել, ուզում է ասել, թե մենք երկուսով կարող ենք լեզու գտնել: Սակայն սա միայն քարոզչական բնույթ ունի, իրականությունն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի լուծարվել և չի լուծարվելու, քանի դեռ հակամարտությունը չի լուծվել: Եվ որոշ ժամանակ հետո նորից այդ խմբի առանցքային երեք համանախագահող երկրները հավաքվելու են և փորձելու են արցախահայության հարցով ինչ-որ նոր առաջարկներ անել»։

Աշխարհում զարգացումներն ընթանում են գլոբալ բախումների սրման և միջազգային նոր իրավակարգի հաստատման ուղղությամբ։ Թեև Մինսկի խումբն այսօր չի գործում, բայց այն կարող է լուծել նոր կառույցի իրավահաջորդության հարցը՝ համոզված է քաղաքագետ Արա Պողոսյանը՝

«Նախ, չենք կարող հույս ունենալ բացառապես այն հանգամանքի վրա, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի պահպանումը ինքնին մեզ համար հնարավորություն է Արցախի խնդրի համար պլատֆորմ ունենալու և այս կամ այն իրավիճակում դա վերաբացելու, դա ինքնին երաշխիք չէ։ Բայց պահպանումը այս ձևաչափի առնվազն այսօր, ես կարծում եմ, որ անհրաժեշտություն է այն իմաստով, որ առնվազն հետագայում հնարավորություն կարող է ձևավորվել Մինսկի խմբի իրավահաջորդ կառույց ունենալու, եթե այն այս պահին պահպանվի»։

Մինչ Բաքուն շարունակում է պնդել ՄԽ–ի լուծարման հարցը, հայնի դարձավ, որ ԵԱՀԿ նոր գլխավոր քարտուղար է դարձել Թուրքիայի նախկին արտգործնախարար, ՄԱԿ-ում Թուրքիայի նախկին մշտական ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուն։ Թեև փորձագետները նշում են, որ կառույցն ունի գործունեության հստակ սկզբունքներ, բայց նաև չեն բացառում, որ թուրք պաշտոնյայի նշանակումը հայկական մոտեցումներն առաջ մղելու հարցում լրացուցիչ ջանքեր է պահանջելու։

Կարդացեք նաև

Back to top button