Ռազմական բախումների հարաբերական մեղմացումից հետո սիրիական քաղաքներում, հատկապես մայրաքաղաքում տագնապ ու շարունակվող անորոշություն է։ Անորոշ ու սպասողական վիճակում են նաև հայ համայնքի ներկայացուցիչները։ Նրանք «Ռադիոլուրի» հետ զրույցում պատմում են, որ տեղահանվածներից շատերն արդեն վերադարձել են իրենց տներ, սակայն անհայտ է, թե ինչ են անելու հետո։ Հայ համայնքում խոսում են նաև զանգվածային տարհանման անհրաժեշտության մասին, մինչդեռ պաշտոնական Երևանը հայտնում է, որ սիրիահայերի անվտանգ տարահանման հնարավորություն այս պահին չկա։
Սիրիական քաղաքներում իրավիճակը համեմատաբար հանդարտ, բայց ծայրահեղ անորոշ է՝ «Ռադիոլուրին» պատմում է Դամասկոսում ապրող Հակոբ Խաճարյանը։ Այն, ինչ եղավ վերջին օրերին, դժվարանում է բառերով նկարագրել։ Ասում է՝ 2 միլիոնից ավելի բնակչություն ունեցող մայրաքաղաքում խուճապ ու անորոշություն է։
«Եթե հիմա պիտի նկարագրենք, լավ է, այսինքն վտանգ չկա, մեզ վտանգ չի սպառնում, նեղություն չեն տվել, բայց մեր մտահոգությունը վերջի մասին է, վերջը ինչ պիտի լինի․․․ Այս մի քանի օրը՝ ամսի 8-ից սկսած, ոչ մեկը վնաս կամ նեղություն չի տվել ոչ հայկական եկեղեցիներին, ոչ հայկական կազմակերպություններին, բայց մենք նաև ապագայի մասին ենք մտածում»,– պատմում է Հակոբ Խաճարյանը։
Ասում է՝ թեև զինյալները խոստացել են չվնասել քրիստոնյաներին, բայց ոչ ոք երաշխիք չունի, որ թուրքական աջակցությունը վայելող ուժերի հետ հայ համայնքն ապահով կլինի։
«Հիմա լավ է, բայց ապագան ինչպիսին կլինի, ինչպես կվարվեն մեզ հետ, ոչ ոք չգիտի, ի վերջո սա իսլամիստական կառավարություն է, ու ինչպես կվարվի մեզ հետ չգիտենք, մութ է»։
Սննդի, պարենի սուր խնդիր այս պահին քաղաքում չկա՝ նշում է «Ռադիոլուրի» զրուցակիցը։ Շատերը տանը պահեստավորած սնունդ ունեն, որով փորձում են բավարարվել։ Խաճարյանն ասում է՝ խանութների մի մասում առևտուրն արդեն թուրքական լիրայով կամ դոլարով է արվում։
«Իմ կարծիքով՝ այս երկրներում հայերն արդեն անելիք չունեն, քանի դեռ թրքական հպատակություն կա երկրում․․ չեմ կարող ասել, թե որքան ապահով կլինի ապագան»,– ասում է «Ռադիոլուրի» սիրիահայ զրուցակիցը։
Այս պահին ճանապարհները բաց են, չնայած անցակետեր կան։ Սիրիայում գործող հայկական կազմակերպությունները, սակայն, պարբերաբար կոչ են անում՝ զգույշ լինել, տներից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Խաճարյանն ասում է՝ շատերն են ցանկանում են դուրս գալ երկրից, շատերն էլ այս օրերին փորձում են փաստաթղթային հարցեր լուծել։
«Բայց ժողովուրդը մի քիչ վախի մեջ է, զենք շատ կա ճանապարհների վրա, բանակը զենքերը թողել ու հեռացել է․․․ շատերի ձեռքին զենք կա, տեղաշարժվելը շատ ապահով չէ։ Ես կարծում եմ, եթե շատ անհրաժեշտ բան չկա, տեղաշարժվել, տնից դուրս գալ պետք չէ, չնայած ճանապարհները գործում են»։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ դեկտեմբերի 14-ին Sham Wings ավիաընկերությունը երկար դադարից հետո կվերագործարկի Դամասկոս– Երևան չվերթը։ Դեկտեմբերի 8-ից հետո մայրաքաղաքի օդանավակայանը ևս գտնվում է հակակառավարական ուժերի վերահսկողության տակ։ Հայաստանում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ այս պահին չվերթի չեղարկման կամ հետաձգման վերաբերյալ որևէ հայտարարություն չկա։
«Բոլոր պետական կառույցները, այդ թվում օդանավակայանը, այս պահին գտնվում են նոր ուժերի իշխանության ներքո։ Հույս ունենք, որ շատ արագ կվերականգնվի կարգ ու կանոնը երկրի ներսում և չվերթները տեղի կունենան։ Առայժմ այլ բան հայտարարված չէ, բայց հայտնի է, որ այս պահի դրությամբ բացվել է Հորդանանի սահմանը, Իրաքի սահմանը, անգամ Թուրքիայի սահմանը»,– ասում է Ալեքսանյանը։
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տվյալներով՝ հալեպահայ որոշ ընտանիքներ էլ արդեն վերադարձել են Հալեպ։
«Այս օրերին նկատելի է, որ մեր հայրենակիցներից շատերը վերադառնում են իրենց բնակավայրեր, մասնավորապես տեղյակ ենք, որ տասնյակ հալեպահայեր ապահով վերադարձել են ու հաջողությամբ անցել են անցակետերը։ Այս պահի դրությամբ իրավիճակը կայուն չէ, ու շատ կարևոր է, որ մեր հայրենակիցները զգույշ լինեն ու մնան տներում»։
Հիմա ամենավատ ու ամենալարված վիճակը հենց մայրաքաղաքում է․ Հակոբ Խաճարյանը, որ ծանոթներ, ընկերներ ու բարեկամներ ունի նաև մյուս հայաշատ քաղաքներում, ասում է՝ հայ համայնքը միասնական է, մարդիկ փորձում են օգնել իրար, թեև բոլորի մտահոգությունը նույնն է։
«Ես կարծում եմ, որ լուրջ աշխատանք պետք է տանել, հատկապես Հայաստանի կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որ տարհանում կազմակերպվի, իհարկե բոլոր նրանց համար, որոնք ցանկանում են։ Պետք է ձև գտնել, որ բոլորը Երևան գնան, որ կարողանան նաև իրենց ունեցվածքը տեղափոխել»,– սիրիահայ եզրափակում է Հակոբ Խաճարյանը։
Տարհանում կազմակերպելն այս պահին ապահով չէ՝ կարծում են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում, բայց նաև վստահեցնում՝ առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ են կազմակերպել այդ գործընթացը։