ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Խաղալու հետ խաղ անել պետք չէ․ խաղային ոլորտի աճը շարունակում է օրախնդիր մնալ

Չնայած խաղամոլության դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկված միջոցներին՝ շահումով խաղերի ոլորտը շարունակում է մտահոգիչ աճ գրանցել։ Միայն 2024-ի հունվար-սեպտեմբերին, նախորդ տարվա նույն շրջանի համեմատ, շահումով խաղերի կազմակերպման ոլորտի աճը կազմել է 10 տոկոս՝ գերազանցելով 201.5 միլիարդ  դրամը կամ օրական շուրջ 2 միլիոն դոլարը։ Մասնագիտական շրջանակներում արձանագրում են, որ օրենսդրական վերջին կարգավորումները  դրական ազդեցություն ունեցել են, բայց  մտահոգիչ վիճակագրությունը դեռ օրախնդիր է։

Հայաստանում տնտեսության «մշակույթ, զվարճություններ և հանգիստ» ճյուղն ամենաակտիվն է զարգանում՝ ՀՆԱ-ում տեսակարար կշռով գերազանցելով անգամ հանքարդյունաբերությանը և ֆինանսական ոլորտին․ գնահատումը տնտեսագետ Նարեկ Կարապետյանինն է։ «Ռադիոլուրի» զրուցակիցը նկատում է, սակայն, որ «հաջողության պատմության» այս տպավորությունը խամրում է, երբ պարզ է դառնում, որ գործնականում այդ անվանման տակ հենց խաղային ոլորտն է։ Տարբեր աղբյուրների տվյալների վերլուծությամբ՝ բուքմեյքերական գործունեությունը դեպի իրեն է կողմնորոշել տնտեսության զգալի ռեսուրսներ, որոնք այլ հավասար պայմաններում կարող էին որպես ներդրում օժանդակել արտադրողականության ավելացմանը՝ արձանագրում է Նարեկ Կարապետյանը։

«Ընդհանրապես, խաղային ոլորտը Հայաստանում չափազանց մեծ դեր ունի։ Իր կշիռը, համեմատական վերլուծության դեպքում, օրինակ, եվրոպական երկրների հետ, ամենաբարձրներից է։ Հետևաբար, մեզ մոտ տնտեսության մեջ ոլորտի աճի չափազանց մեծ միտում կա, որը ոչ միայն որոշակի ռիսկեր է առաջացնում, այլև՝ բացասական սոցիալական ազդեցություններ, տնտեսության մնացած հատվածի ռեսուրսների փոշիացում։ Այսինքն՝ այս ոլորտը բավականին շատ խնդիրներ ունի։ Ընդ որում, այն ժամանակ, երբ համեմատում էի, միջինում իրենք ավելի քիչ հարկ էին վճարում իրենց ստեղծած ավելացված արժեքի համար»։

Մի քանի թիվ․ 2022-ին ՀՀ պետբյուջեի եկամուտները կազմել են 1.9 տրիլիոն դրամ։ Խաղադրույքները նույն տարում գրեթե եռակի ավելի են եղել՝ շուրջ 5.3 տրիլիոն դրամ։ Ի դեպ՝ այս գումարից պետության «օգուտը» 0.38 տոկոս է եղել․ վճարված հարկերը կազմել են 20 միլիարդ դրամ։ Մինչդեռ, ըստ տնտեսագետի, տրամաբանական կլիներ ոլորտից ակնկալել ավելի բարձր հարկեր։

Դեռ «Խաղային գործունեության կարգավորման մասին» նախագծի քննարկումների ընթացքում այն ժամանակ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հավաստիացնում էր, որ նախագծի ընդունման դեպքում խաղային ոլորտի ընկերությունների շրջանառությունները և խաղադրույքների ծավալներն իրապես ստուգելի և վերահսկելի կդառնան։ Իսկ միջազգային տեխնիկական չափորոշիչները, ըստ Բադասյանի, պարտադիր պետք է դառնան ոլորտի բոլոր տնտեսվարողների համար։

«Նախագծով նախատեսում է ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ, ինչը ենթադրում է կազմակերպիչների տեղեկատվական համակարգերի ծրագրային միջոցների և տվյալների բազայի միացումը խաղային ոլորտների կառավարման մոնիթորինգային կենտրոնին։ Փոփոխությունները թույլ կտան ապահովել ոլորտի թափանցիկություն, կազմակերպիչների նկատմամբ՝ աննկատ վերահսկողություն, նրանց իրական շրջանառությունների վերաբերյալ տեղեկատվության ստացում, շահառուների շահերի պաշտպանություն»։

Բացի ինտելեկտուալ խաղերից՝ մնացած բոլոր շահումով հաղերը, այդ թվում՝ մանկական խաղային ապարատները, համարվում են շահումով խաղեր։ 
Օրենքով արգելվում է «օտարերկրյա պետություններում կազմակերպված վիճակախաղերին մասնակցությանը հնարավորության ստեղծումը, ինչպես նաեւ այդ խաղերի գովազդումը Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի  հասանելի ամբողջ համացանցի տիրույթում»:

Կարգավորումներով՝ խաղադրույք կատարողների շրջանակի սահմանափակումներ կան․ դրանց չեն կարող մասնակցել պետական սոցիալական աջակցության ծրագրերից օգտվողները և սոցապահովման կացարաններում բնակվողները։

Տնտեսագետ Նարեկ Կարապետյանն օրենսդրական  կարգավորումների դրական ազդեցությունը նկատում է, բայց մտահոգիչ վիճակագրությունը դեռ օրախնդիր է համարում։

«Նախ գովազդների հետ կապված սահմանափակումներ մտցվեցին: Հիշեք՝ մի պահ չափազանց ագրեսիվ գովազդներ  կային այս ոլորտի կազմակերպությունների կողմից։ Այդ գովազդի լուրջ սահմանափակումներ մտցվեցին,  այնուհետև ավելացան այլ տեսակի սահմանափակումներ՝ հաշիվների հետ կապված, որոնք կարծես թե պետք է որոշակիորեն սահմանափակեին այս ոլորտի ավելցուկային աճը, բայց, այնուամենայնիվ, այս ոլորտի աճի միտումներ կան»։

Խնդիրը խորհրդարանում էլ քննարկումների պակաս չունի։

Միայն այս հունվար-սեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակի  համեմատ շահումով խաղերի կազմակերպման ոլորտի աճը կազմել է 10 տոկոս՝ դառնալով 201.5 միլիարդ դրամ կամ շուրջ 520 միլիոն դոլար, օրական՝ շուրջ 2 միլիոն դոլար։ 2023-ին  միայն խաղատների գործունեությունն ունեցել է աննախադեպ աճ՝ 2,7 անգամ․  մտահոգիչ թվերը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս  Ավետիսյանն է հնչեցնում։

 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն էլ իր հարցը կառավարության ղեկավարին է ուղղում՝ ձևակերպելով, որ օնլայն խաղատները թալանով են զբաղված։  Համաձայնելով ընդդիմադիր պատգամավորի դիտարկմանը` վարչապետ  Փաշինյանն, այնուամենայնիվ, հիշեցնում է, որ օրենսդրական փոփոխություններ և վերահսկողական մեխանիզմներ են ներդրվել։

«2018 թվականից հետո կոնկրետ միջոցներ են ձեռնարկվել. առաջինը՝ գովազդն ամբողջությամբ արգելվել է Հայաստանի Հանրապետությունում, գրասենյակները համատարած փակվել են: Մեր քաղաքական կամքի շնորհիվ: Ի դեպ՝  ոչ ոք չի հիշում, որ երբ հեղափոխության ժամանակ քայլում էինք Մեծ Պառնի գյուղի մոտ, ասացինք, որ այդ գազալցակայանների խաղային տերմինալները գալու ենք փակելու: Եկանք, փակեցինք։ Պարզ է՝ ոչ ոք չի հիշի, որ ասվել է, արվել է, կատարվել է, բայց նաև ձեր հարցի և ձեր մտքերի ընթացքի հետ եմ համաձայն այն առումով, որ այստեղ դեռ շատ բան ունենք անելու՝ ընդհանուր առմամբ ավելի պատշաճ չափով հարկելու և պետական բյուջեի համար եկամուտներ գեներացնելու առումով»:

Մհեր Սահակյանը չի հերքում՝ գրասենյակները փակվել են, բայց շահումով խաղերը շարունակում են մարդկանց այսպես ասենք «տուն մտնել» արդեն հեռախոսների միջոցով։

«Հեռախոսի միջոցով ամեն մարդ իր սենյակից, իր տնից կարողանում է ավելի հանգիստ մտնել, խաղալ, պարտվել, ու չկան ոչ մի էական սահմանափակումներ, որ պետությունն ազդի։ Խնդիրն այստեղ այն է, որ իրականում մեր հասարակության մեջ ամենավտանգավոր երևույթներից մեկն է թմրամոլության հետ համատեղ»։

«Ձեր ասածն ընկալում եմ նաև ուղերձ։ Այն, ինչ դուք ասում եք, ես լիարժեք կիսում եմ։ Մեկ դիտարկում անեմ միայն, որ այդ խնդիրը միայն մեր երկրում չէ: Խնդիրը շատ երկրներում կա, բայց բանն այն է, որ որքան երկրում սոցիալական խնդիրը  սուր է, այնքան է այդ խնդիրը ավելի սուր է արտահայտվում, որովհետև նրանք, ովքեր փող ունեն և պարտվում են իրենց ունեցած փողի մի մասը, դա ուրիշ երևույթ է: Բայց երբ մարդիկ փող չունեն և պարտվում են իրենց չունեցած փողը և պարտքեր են կուտակում, դա լրիվ ուրիշ երևույթ է: Եվ այդտեղ համաձայն եմ ձեզ հետ, և անհրաժեշտ հանձնարարականները  տրված են, որպեսզի մենք այդ ուղղությամբ աշխատենք»,– ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հեշտ չի լինելու՝ խոստովանում է վարչապետը։ Նոր տեխնոլոգիաներ պետք է ներդրվեն։ Իրականում  ոլորտը կարող է նաև դրական ազդեցություն ունենալ տնտեսության վրա, բայց  միայն այն դեպքում, եթե խաղացողն այդ երկրի քաղաքացին չէ՝ կարծում է Նարեկ Կարապետյանը։

«Երբ իր ֆոկուսը լինի ոչ թե տեղական շուկան, այլ ծառայությունների արտահանումը, տնտեսության համար  որոշակի եկամուտներ կգեներացնի։ Հիմա էլ է դա դրսևորվում, բայց առաջին տպավորությամբ՝  ոլորտն ավելի շատ ներքին պահանջարկի վրա է հիմնված, քան արտաքին պահանջարկի»։

Եթե կարգավորումներն ավելի խստացվեն, շուկան կարող է ամբողջությամբ դուրս տեղափոխվել, ինչը ևս ցանկալի լուծում չէ, ուատի տնտեսագետը կարծում է, որ լավագույն լուծումը հասարակության հետ տարվող աշխատանքն է։ 

Հոկտեմբերի դրությամբ ՀՀ–ում լիցենզիա ունի 5 խաղատուն, 3 վիճակախաղեր և  ինտերնետ շահումով 4 խաղ։

Կարդացեք նաև

Back to top button