Դեկտեմբերի 9-ին՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի ընդունման օրը, ինչպես նաև դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավունքների օրը, ԵԽԽՎ իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովն իր աշխատանքային նիստերը գումարում է Հայաստանում։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այս նիստերի անցկացումը Հայաստանում կապում է ոչ այնքան խորքային քաղաքական, որքան աշխատանքային հնարավորությունների հետ։ Վարդանյանը պարզաբանել է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի համապատասխան հանձնաժողովները տարին մեկ անգամ արտագնա նիստեր կազմակերպելու հնարավորություն ունեն։ Այս տարի այդ հնարավորությունը ընձեռվել է Հայաստանի Հանրապետությանը։ Երևանում անցկացված այս նիստին քննարկվել են նաև ԼՂ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում քննարկվում են հարցեր, որոնք կարող են տեղափոխվել ԵԽԽՎ լիագումար նիստեր։ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը, սակայն, այդ օրակարգում ընդգրկելու քիչ հավանականություն կա։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պարզաբանում է, որ այդ հարցերը նախկինում բարձրացվել են մի շարք զեկույցներում, որոնք արդեն իսկ ընդունվել են ԵԽԽՎ-ի կողմից: Հայ պատգամավորը շեշտում է, որ Ադրբեջանում պահվող ռազմագերիներին առնչվող հարցերը մշտապես բարձրացնում են:
«Մենք չենք կարող օրակարգ ձևավորել, բայց, իհարկե, ունեցել ենք քննարկում այսօր, և օրակարգային հարցերից մեկը եղել են այն իրավական և մարդասիրական հետևանքները, որոնք կապ են ունեցել Արցախում Ադրբեջանի ռազմական օպերացիայի արդյունքում տեղի ունեցածի հետ։ Բայց մենք քննարկել ենք դա փակ ռեժիմում։ Պահանջել ԵԽԽՎ-ից բաներ, որոնք վերջինիս մանդատից դուրս են, կամ հնարավոր չէ իրականացնել մի փոքր անարդյունավետ կլինի մեր կարծիքով։ Քննարկումը կա, բայց որոշում կայացնելու հարցերն այդքան հեշտ չեն։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում նման հարցեր քննարկելու համար նախ պետք է ունենաս օրակարգային հարց, որը պետք է հստակ ձևակերպում ունենա, թե դու ինչ ես նախատեսում։ Պետք է նշեմ, որ ռազմագերիների հետ կապված հարցում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, կարծես թե, ամեն ինչ, ինչ հնարավոր է, արել են»։
Սա ասելով՝ Վլադիմիր Վարդանյանը նկատի ունի և՛ ընդունված բանաձևերում ձևակերպված հստակ պահանջները, և՛ կառույցում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների դադարեցումը։ Այս կառույց վերադարձի համար Ադրբեջանը պետք է ԵԽԽՎ հստակ պահանջները կատարի, բայց այդ ուղղությամբ առաջընթաց, ըստ պատգամավորի, դեռ չի երևում։
Առհասարակ, քաղաքական այս կառույցի որոշումների կատարումն, ըստ էության, պետք է ապահովեն իրավական մարմինները։ ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշում է, որ Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցը հիմնականում քննարկվում է քաղաքական օրակարգում, սակայն այս հարցով նաև իրավական պահանջներ են ներկայացվել միջազգային ատյաններում։
«Իրավական դաշտում մենք դրա մասին ժամանակին պահանջ ներկայացրել ենք թե՛ Արդարադատության միջազգային դատարանում, և թե՛ Եվրոպական դատարանում՝ վերադարձի հարցի հետ կապված: Ցավոք, դրանք օտարները համարում են իրենց անմիջական առարկայական իրավասությունից դուրս»։
Կիրակոսյանի խոսքով՝ իրավական գործընթացները հիմնականում ուղղված են գերիների նկատմամբ իրավական երաշխիքների ապահովմանը, մինչդեռ նրանց վերադարձի հարցն ավելի շատ լուծվում է քաղաքական հարթակում։
Իրավական հարթակում այժմ տարբեր դատարաններում քննվում են տարբեր գործեր, որոնցից ոչ մեկը վերջնական վճռի դեռ չի հասել։ ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի փոխանցմամբ՝ Եվրոպական դատարանում կա 4 միջպետական գործընթաց ընդդեմ Ադրբեջանի և երկու միջպետական գործընթաց՝ ընդդեմ Հայաստանի։
«Չորս միջպետական գործընթացները Հայաստանի կողմից, որոնք Եվրոպական դատարանում տարվում են ընդդեմ Ադրբեջանի, վերաբերում են 44-օրյա պատերազմին և դրան հաջորդող ժամանակահատվածին, վերաբերում են գերեվարված անձանց նկատմամբ իրականացված ապօրինի դատական պրոցեսներին, ազատությունից ապօրինի զրկելուն, վերաբերում են ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներկայությանը և դրա հետևանքով մարդու իրավունքների կոպիտ խախտումներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանմանը և դրան ուղեկցող բոլոր խախտումներին՝ սկսած Լաչինի միջանցքի արգելափակումից, Լաչինի միջանցքում տեղի ունեցող զարգացումներից, որոնք սկսվել էին դեռ 2022 թվականի երևի սկզբից, բուն բլոկադայի գործընթացը, դրանից հետո նաև բռնի տեղահանման ողջ ընթացքը և դրան հաջորդող պրոցեսը։ Դա մեր միջպետական չորրորդ գանգատն է․ դրանք ներկայացված են ընդդեմ Ադրբեջանի և վերաբերում են բավականին մեծ թվով անձանց ու պրոցեսների»։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում հնարավոր համարեց խաղաղության համատեքստում միջազգային դատական ատյաններից հայցերի հետկանչումը, ընդգծեց նաև, որ դա պետք է գործի հայելային տարբերակով, այսինքն՝ Ադրբեջանը նույնպես պետք է հրաժարվի իր դատական հայցերից։
ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այս փուլում չի մեկնաբանում միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու հարցը։ Չի ցանկանում նաև խոսել այն մասին, թե այդ թեմայով քննարկում ունեցե՞լ է վարչապետի հետ և թե առհասարակ հաշվարկվե՞լ են այդ որոշման հնարավոր ռիսկերը․
«Չեմ մեկնաբանում այդ հարցերը, որովհետև այդ հարցերն ավելի շատ քաղաքական դաշտում են, ինձ չեն վերաբերում։ Չեմ ուզում արտահայտել իմ դիրքորոշումը, որովհետև կստացվի՝ կմեկնաբանեմ։ Ճիշտ կլինի այս պահի դրությամբ զերծ մնալ։ Հիմա աշխատում են, այս պահին նման հարց չկա դրված, շարունակվում են մեր հայցերը, այդ գործերի քննությունը, շարունակվում են ընթացակարգային քայլերը, որոնք անհրաժեշտ են հայցերի քննությունն ապահովելու համար։ Այս պահի դրությամբ ես նման որոշում չունեմ»։
Եղիշե Կիրակոսյանը հրաժարվում է մանրամասներ հայտնել նաև այն հարցի վերաբերյալ, թե հայկական կողմը նախատեսո՞ւմ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ Հաագայի քրեական դատարանում ներկայացնել հայց Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումների գործով։ Կիրակոսյանն ասում է, որ չի կարող բարձրաձայնել հարցեր, որոնք կարող են ներքին քննարկումների առարկա լինել։
ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը միաժամանակ մեծապես կարևորում է Հայաստանի՝ Հռոմի կանոնադրությանը միանալը, որովհետև վստահ է, որ ցանկացած իրավական գործընթաց՝ լինի Արդարադատության միջազգային դատարանում, թե Միջազգային քրեական դատարանում, ունեցել և ունենալու է շատ կարևոր անվտանգային նշանակություն։