ԿարևորՄիջազգային

Որտե՞ղ է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը

Սիրիացի ապստամբները վերահսկողության տակ են վերցրել Դամասկոսը՝ հայտարարելով Բաշար ալ-Ասադի իշխանության տապալման մասին, որը, ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի, հրաժարական է տվել և լքել երկիրը։

Euronews-ը գրում է, որ ավելի վաղ Սիրիայի պետական ​​հեռուստատեսությունը հերքել էր այն պնդումները, թե շաբաթ օրը նախագահը փախել է երկրից՝ հայտնելով, որ նա դեռ Դամասկոսում է։

Ուրբաթ օրը բրիտանական Telegraph թերթը հայտնել է, որ Ասադի ընտանիքը փախել է Ռուսաստան։ The New York Times-ն էլ գրել է, որ Ասադը փախել է Դամասկոսից անհայտ ուղղությամբ:

Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խմբի ղեկավար Ռամի Աբդուրահմանը AP-ին ասել է, որ Ասադը կիրակի առավոտյան լքել է Դամասկոսը, այս մասին հաղորդել է նաև Reuters-ը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրները:

FlightRadar24.com-ը ցույց է տվել, թե ինչպես է Ил 76 ինքնաթիռը մեկնում Դամասկոսի օդանավակայանից, երբ ապստամբները գրավում էին քաղաքը։

Հաղորդվում է, որ ինքնաթիռը թռչել է արևելք՝ դեպի Իրաքի հետ Սիրիայի սահմանը, հետո թեքվել է հյուսիս-արևմուտք: Հոմսն անցնելուց հետո այն շրջել է ընթացքը, և թռիչքից մոտ մեկ ժամ անց ինքնաթիռին հետևող ազդանշանը կորել է: Ոչ մի անկախ աղբյուր չի հաստատել, թե ով է եղել ինքնաթիռում։

Reuters-ը, հղում անելով սիրիական աղբյուրներին, ենթադրում է, որ անհետացումը կարող է պայմանավորված լինել հետագծման համակարգի անջատմամբ կամ ինքնաթիռի խոցմամբ:

Հաղորդվում է, որ անհետացման պահին ինքնաթիռը սկսել է կորցնել բարձրությունը, արագությունը կտրուկ նվազել է՝ 819 կմ/ժ-ից հասնելով 64 կմ/ժ-ի:

Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը, վկայակոչելով իսրայելական աղբյուրը, հայտարարել է, որ Ասադը շաբաթ գիշերը թռել է Սիրիայում տեղակայված ռուսական բազա՝ մտադրված լինելով փախչել Ռուսաստան:

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում գրել է, որ Ասադը փախել է Սիրիայից՝ ասելով, որ «Ռուսաստանն այլևս հետաքրքրված չէ նրա պաշտպանությամբ»։

The Wall Street Journal-ը հաղորդում է, որ Ասադը իր ընտանիքի հետ Մոսկվայում է:

Միևնույն ժամանակ, Բլումբերգը ենթադրում է, որ ինքնաաքսորի համաձայնագիրը կարող է ներառել Ասադի տեղափոխումը նախ իր վերահսկողության տակ գտնվող տարածք, ապա՝ Թեհրան:

«Այս պնդումներից ոչ մեկը չի ստուգվել: Մոսկվան մնում է ամենապաշտոնական աղբյուրը, թեև Ասադի ստույգ վայրը դեռևս պարզ չէ»,- գրում է Euronews-ը:

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Բաշար ալ-Ասադը հրաժարական է տվել նախագահի պաշտոնից և լքել Սիրիան սիրիական հակամարտության տարբեր կողմերի հետ բանակցություններից հետո՝ ընդգծելով, որ Ռուսաստանը չի մասնակցել այդ բանակցություններին։

Հաղորդվում է, որ Ասադը հեռանալուց առաջ հրահանգներ է տվել իշխանության խաղաղ փոխանցման համար:

Կարդացեք նաև

Back to top button