Բրազիլում Հայաստանի դեսպանության կազմակերպմամբ և Բրազիլի Առևտրի սոցիալական ծառայության (SESC – Serviço Social do Comércio) Սան Պաուլոյի մասնաճյուղի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Բրազիլի մասնաճյուղի (UGAB Brasil) աջակցությամբ Հայաստանի պետական ջազ նվագախումբը ելույթ ունեցավ Sesc Avenida Paulista-ի լեփ-լեցուն դահլիճում` ներկայացնելով հայ անվանի երգիչ, երգահան Շառլ Ազնավուրի կատարումները՝ հիացնելով բրազիլացի հանդիսատեսին:
Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգին հնչեց ֆրանսիական շանսոնի և ժամանակակից հայկական ջազի` նվագախմբի յուրահատուկ գործիքավորումը: Ազնավուրի լավագույն կատարումները նոր շունչ ստացան Ինգա Արշակյանի և Գոռ Սուջյանի բացառիկ երաժշտական և ստեղծագործական ունակությունների շնորհիվ:
Համերգին ներկա էր Բրազիլում Հայաստանի դեսպան Արմեն Եգանյանը, որն իր խոսքում ընդգծեց Հայաստանի և Բրազիլի միջև մշակութային փոխանակումների կարևորությունը՝ բարձր գնահատելով նվագախմբի դերը այս գործում:
«Այս համերգը երաժշտության համամարդկային լեզվի վկայությունն էր, մշակույթները կամրջող և սրտեր գերող»,- ասաց դեսպան Եգանյանը: