ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Էրդողանի պանթյուրքիստական նկրտումները՝ տարածաշրջանային ազդեցության նոր խաղաքարտ և սպառնալիք խաղաղության համար

Թուրքիայի պանթյուրքիստական քաղաքականությունը, որը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետևողականորեն առաջ է մղում, շարունակում է իր ազդեցությունը տարածել ամբողջ տարածաշրջանում: Այս քաղաքականությունը ոչ միայն համահունչ է Թուրքիայի պատմական ամբիցիաներին, այլև ուղղված է նոր աշխարհաքաղաքական հավասարակշռություններ ձևավորելուն՝ ընդգծելով նրա դիրքը Մերձավոր Արևելքում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասում են «Ռադիոլուրի» զրուցակիցներ Ռուբեն Սաֆրաստյանը և թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Էրդողանի պանթյուրքիստական դիսկուրսն ու ծրագրերը լայն ու տարբեր առումներով նաև ծանր ազդեցություն են ունենում տարածաշրջանային անվտանգության վրա՝ դրսևորվելով, մասնավորապես, թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինքի ամրապնդմամբ, Կենտրոնական Ասիայի հետ տնտեսական և մշակութային կապերի խորացմամբ, ինչպես նաև Հայաստանի և Իրանի դեմ ուղղված որոշ նախաձեռնություններով: Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի գնահատմամբ՝ էրդողանի այդ ամբիցիաների հետևանք է նաև այն ամենը, ինչ տեղի է ունենում Սիրիայի հյուսիսում ու Հալեպում։

«Սկսած 1920-ականներից՝ թուրքական քաղաքական մտածողության մեջ եղել է՝ այն տարածքները, որոնք իրենց գծած «Ազգային ուխտի» սահմանից դուրս են, այս կամ այն կերպով դարձնել իրենց թիրախ։ Դրա մեջ էր Կիպրոսը, որի կեսը նվաճեցին 1974-ին, դրա մեջ է Հալեպը, դրա մեջ է Մոսուլը, Նախիջևանի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» կոչվածը և այլն, և այլն։ Հալեպը Թուրքիայի համար սիմվոլիկ նշանակություն ունեցող թիրախ է, հատկապես՝ Էրդողանի համար. որպես նախկին Օսմանյան կայսրության տարածք, որպես տարածք, որը պետք է իրենց գծածով լիներ Թուրքիայի Հանրապետության մեջ։ Սա լիովին թուրքական և ազգային-պատմական և կոնկրետ էրդողանական ծրագիր է, որը կյանքի է կոչվում։ Բայց ինչո՞ ւ է հիմա հարմար։ Նախ՝ աշխարհում խաղի կանոններ չկան, և աշխարհի քաղաքական առևտրի կանոնները փոխված են»։      

Այդ գործընթացները դիտարկվում են ոչ միայն Թուրքիան որպես տարածաշրջանային գերտերության վերակառուցման միջոց, այլև որպես մրցակցային գործոն Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի տարածաշրջանային ծրագրերի դեմ:

Այս առումով թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանն ընդգծում է պանթյուրքիզմի գաղափարական և պատմական հիմքերի դերը։

«100 տարի է, որ այդ պանթյուրքիստական գաղափարները կան։ Հիմա այդ պանթյուրքիզմ ասվածը նոր բովանդակություն է ստանում Թուրքիայի համար։ Թուրքիան ունի հնարավորություն համաշխարհային թատերաբեմում հանդես գալ որպես մի պետություն, որը ղեկավարում է, ըստ էության, մի կազմակերպություն, որի ՀՆԱ-ն բավական մեծ է աշխարհում։ Դա բխում է ներկայիս Թուրքիայի ընդհանուր արտաքին քաղաքական ռազմավարությունից, որը հետևյալն է՝ Թուրքիայի դիրքը աշխարհում դարձնել ավելի բարձր, քան  իրականում կա»։   

Այս համատեքստում ուշագրավ է Թուրքիայի ԱԽ-ի վերջին նիստում Անկարայի արձագանքը Երևանի և Բաքվի հայտարարություններին։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ անցկացված՝ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով տարածված հայտարարության մեջ ասվում է.

«Թուրքիան ակնկալում և ցանկանում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական զարգացումները հանգեցնեն խաղաղության պայմանագրի կնքմանը»։

Հայտարարության մեջ նշվում է, որ մշտական խաղաղության հաստատումը բխում է տարածաշրջանի բոլոր դերակատարների շահերից:

Թուրքիան պաշտոնապես՝ ամենաբարձր մակարդակով էլ մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ քայլեր կանեն, երբ ստորագրվի Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը։

Թուրքագետ, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ եթե նույնիսկ ստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, ինչին Թուրքիան մեծ նշանակություն է տալիս, միևնույնն է, Թուրքիան չի գնա հայ-թուրքական հարաբերությունների ամբողջական կարգավորման։

«Եթե պայմանագիրը ստորագրվի, Թուրքիան որոշակի քայլեր կձեռնարկի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առումով, բայց, իմ համոզմամբ, լրիվ չի գնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Ինչ-որ մի բան կպահի իր ձեռքում, որ Հայաստանի վրա ճնշում գործադրի և դրա միջոցով հասնի «Զանգեզուրի միջանցքի» էքստերիտորիալ կարգավիճակի»։

Հայաստանյան փորձագետները՝ Ռուբեն Սաֆրաստյանը և Ռուբեն Մելքոնյանը, կոչ են անում ավելի ակտիվորեն գնահատել Թուրքիայի պանթյուրքիստական քաղաքականության հնարավոր հետևանքները և միջազգային հարթակներում գտնել զսպման մեխանիզմներ։

Կարդացեք նաև

Back to top button