ԿարևորՏնտեսականՔաղաքական

Վարչապետը՝ Արմավիրի մարզում (լրացված)

լրացվել է ժամը 18։43- ին

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով Արմավիրի մարզի Արազափ, Ալաշկերտ և Սարդարապատ համայնքներում  հետևել  է գյուղատնտեսական  աշխատանքներին,  հետաքրքրվել բերքի իրացման խնդիրներով, լսել գյուղացիներին և խոստացել աջակցել նրանց: Հովիկ Աբրահամյանը եղել է նաև պահածոների արտադրության «Լևոն» ՍՊԸ-ում, որտեղ արտադրանքի 90 տոկոսն արտահանվում է, իսկ 10 տոկոսը տրվում բանակին: Գործարանը ֆինանսկան խնդիրներ ունի և 3 ամսվա աշխատավարձի պարտք:

Վարչապետը անդրադարձել է նաև վերջին օրերի քաղաքական իրադարձություններին և նշել, որ երկու երկրների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն էլ կողմանկից են  հրադադարին ու   խաղաղ բանակցությունների միջոցով խնդրի լուծմանը՝ արձանագրելով, որ այս գիշեր եղել է միայն 45 կրակոց։

Արմավիրի մարզի Արազափ համայնքում շուրջ 640 հա մշակովի հողերում հիմնականում մշակում են պոմիդոր, պղպեղ, սմբուկ, սեխ և ձմերուկ, որոնք արդեն հասել են և մտել շուկա: Իրացման խնդիրները գրեթե լուծված են, այն կազմակերպվում է մոտակա մեծածախ առևտրի շուկայում: Դժգոհությունը իրացման ցածր գնից է:

Արազափցիները ոռոգման ջրի խնդիր գրեթե չունեն, Արազափի համայնքի ղեկավար Մանվել Հարությունյանը տեղեկացրեց, որ Արաքսից ինքնահոս եղանակով տրվող ջուրը եռօրյա մատակարարմամբ կարողանում են ոռոգել հողատարածքները, իսկ ոռոգման ցանցից հեռու գտնվող շուրջ 140 հա հողերը օրերով ծարավ են մնում: Համայնքում 3 խորքային հոր կա, մեկր կվերագործարկվի 1-2 օրից, սակայն դա բավարար չէ, քանի որ մեկ խորքային հորը սովորաբար կարող է ոռոգել մինչև 35 հա տարածք: Գյուղացիները ևս 1 խորքային հոր ունենալու պահանջ ներկայացրեցին վարչապետին:

Արազափցիները կատակեցին. Աղասի Խանջյանից հետո երկրորդ պաշտոնյային տեսնելով իրենց համայնքում՝ առիթից օգտվեցին երկրորդ խնդրանքն էլ ներկայացրին, համայնքին անհրաժեշտ է մեկ տրակտոր, որին վարչապետը դրական արձագանքեց՝ 50-50 տոկոս ներդրմամբ:

Կառավարության ղեկավարը միաժամանակ նշեց, որ սակավաջրության պայմաններում պետք է ոռոգման ջուրն արդյունավետ օգտագործել, իսկ խորքային հորերի վերագործարկաման աշխատանքի դիմաց կառավարությունը 1 միլիարդ 550 մլն դրամ է տրամադրել էլէկտրաէներգիայի ծախսը փակելու նպատակով:

Վարչապետի աշխատանքային երկրորդ կանգառը Ալաշկերտն էր, որտեղ հիմնական զբաղմունքը խաղողագործությունն է, մշակում են տեխնիկական և սեղանի սորտեր: Այս համայնքում դարձյալ ոռոգման ջրի խնդիր ունեն: Խաղողի բերքն առատ է, մշակությունը թանկ, սակայն վաճառվում է էժան։ Բացի այդ՝ իրացման, ինչպես նաև մեխանիզացիայի խնդիրներ ունեն: Վաղարշակ Հովհաննիսյան 5 հա խաղողի այգի ունի, իրացնում է Վրաստանում, բայց սահմանը հատելու դիմաց 20000 դրամ գումար են պահանջում, նույնիսկ դատարկ բեռնատար մեքենայով անցնելու համար:

Ալաշկերտում վարչապետ Հովիկ Աբրահամյանին աղ ու հացով դիմավորեցին խաղողագործներն ու մանկապարտեզի 2 սան, նրանք իրենց պահանջն ունեին, մանկապարտեզի շենքը կիսախարխուլ է: Շենքը հին է, 1970-ական թվականներին է վերանորոգվել, ունի 60 երեխա 2 խմբում: Մանկապարտեզի վարիչ Լաուրա Ազարյանը նշեց, որ պայմաններ չկան, մի կերպ են պահում, իսկ Ալաշկերտի տեղական բյուջեն չի բավարարում հիմնանորոգման աշխատանքներ կազմակերպելու համար:

Սարդարապատցիները դարձյալ դժգոհեցին մթերման ցածր գներից, ինչպես նաև վարկերի տոկոսադրույքներից, ՄԱՊ- գործարանն էլ գյուղացիներին դեռ չի վճարել մթերվող բերքի գումարը:

Վերջում կառավարության ղեկավարը այցելեց Արմավիր քաղաքի գյուղմթերքներ վերամշակող ձեռնարկություն, որտեղ տարբեր տեսակի պահածոներ են պատրաստում: ,Լևոնե ՍՊԸ գործադիր տնօրեն Դավիթ Հարությունյանը տեղեկացրեց, որ գործարանն այժմ ֆինանսական լուրջ խնդիրներ ունի , աշխատողներին էլ պարտք է 3 ամսվա աշխատավարձ, բանվորներն օրավարձով են աշխատում՝ 3000 դրամ: Գործարանի արտադրանքի տասը տոկոսը բանակին է տրվում, 90 տոկոսը՝ արտահանվում է:

Ծանոթանալով 4 համայնքում և մեկ վերամշակող ձեռնարկությունում առկա խնդիրներին՝ վարչապետը խոստացավ հնարավորին չափով աջակցել գյուղացուն՝ զարգացնել գյուղատնտեսությունը, թեթևացնել գյուղացու հոգսերը, իսկ վերամշակող ձեռնարկությունների հետ բանակցությունների արդյունքում բարձրացնել նաև մթերվող բերքի գները: Ոռոգման նպատակով էլ վերագործարկվող 112 խորքային հորերին ավելացնել ևս 7- ը։

Վարչապետը թվարկեց նաև պետական աջակցությունները, որոնք ուղղվում են գյուղացուն. 14 տոկոսով տրվող գյուղատնտեսական վարկերում նախատեսվում են փոփոխություններ, կառավարությունը 4 տոկոսի փոխարեն սուբսիդավորելու է 6 տոկոսը, որպեսզի գյուղացին վարկը մարի 8 տոկոսով:

Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ նաև Սոչիում նախագահների բանակցություններին։ ,Այն ինչի ականատեսը եղանք, կարծես թե երկու նախագահներն էլ կողմնակից են հրադարարին և խաղաղ բանակցությունների միջոցով խնդրի լուծմանը։ Այս գիշեր եղել է 45 կիրակոց, որը համեմատաբար քիչ է, նախկին 4500 կրակոցի դիմաց։ Եվ Արցախում, և Տավուշի մարզում այս գիշեր եղել է խաղաղե,- ասաց վարչապետը։

Back to top button