Նա կարծել է, թե բժշկությունն անհասանելի ու բարձր կետում է, բայց նվիրումն ու ձգտումը դարձրել են անհասանելին հասանելի։ Վստահ է՝ բժշկությունը մասնագիտություն չէ, այն առաքելություն է, որը չունի ժամային գրաֆիկ ու հանգստյան օրեր։
Կարևորը՝ վերջնարդյունքն է, որը կգոհացնի և՛ բժշկին, և՛ բուժառուին։ Բուժառուի ջերմ հայացքն ու շնորհակալությունն ամեն ինչ արժեն։ Բժշկի առօրյան պարզ է ու բարդ՝ անկանոն ժամային գրաֆիկ ու լարված աշխատանք, ծանր վիրահատություններ, գոհացնող արդյունք։
Բժշկությունն ամբողջությամբ ռիսկ է։ Կարծում է, որ յուրաքանչյուր բժշկի համար կարևոր փորձառություն է շտապ օգնությունում որոշ ժամանակ աշխատելը։ Ցանկացած բարդության ժամանակ կարևոր է ինքնատիրապետումը չկորցնելը և սառը դատողությունը։
Յուրաքանչյուր բարդ վիրահատությունից հետո առանձնանում է սենյակում և մտորում, նոր առաջացած հարցերի պատասխաններն է փորձում գտնել։ Կարծում է, որ հարցերի ամենաազնիվ պատասխանները կարող է տալ հենց ինքը։
Կարևոր է ինքդ քեզ հետ օբյեկտիվ լինելը։ Լինել նաև օբյեկտիվ բուժառուի ու նրա հարազատների հետ, որքան էլ խնդիրը բարդ լինի։ Կարևորը լուծումներն են և բժիշկ-բուժառու համատեղ աշխատանքը, որի հիմքում վստահությունն է։
Ազատ ժամանակ եթե ունենում է, նախընտրում է այն անցկացնել ընտանիքի անդամների և ընկերների հետ։ Օրն ավարտում է երաժշտություն լսելով։ «Արթմեդ» բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի ծառայության ղեկավար Ռաֆայել Ավետիսյանի հաջողության նոտան։