Վերնատուն

Հայզենբերգի քվանտային մեխանիկան և փիլիսոփայությունը՝ հայերեն․ «Վերնատուն»

Թարգմանիչ, խմբագիր Խաչիկ Գրիգորյանը խոսում է գերմանացի ֆիզիկոս, քվանտային մեխանիկայի հիմնադիր Վերներ Հայզենբերգի «Մասը և ամբողջը» ինքնակենսագրական գրքի մասին։ Սա Հայզենբերգի երրորդ գիրքն է, որը հայերեն թարգմանել և հրատարակել է «Անկյունաքար» հրատարակչությունը։

«Հայզենբերգը մի անձնավորություն է, որ տեսել է երկու համաշխարհային պատերազմներ, երկրորդում շատ լուրջ դեր է խաղացել կամ՝«ձգտել է չխաղալ», երբ նրան ուզում էին գերմանական ատոմային ռումբ ստեղծելու գործում ներքաշել։ Մի մարդ, որ անցավ այդ ամենի միջով, չգաղթեց, չհեռացավ, այլ մնալով Գերմանիայում այդ բոլոր դժվարությունները կրեց և պատերազմից հետո իր հսկայական փորձառությունը, նաև՝ հասարակական իմաստով ներդրեց»,-ասում է Խաչիկ Գրիգորյանը։

Թարգմանիչը նշում է, որ Վերներ Հայզենբերգը, 1925 թվականին, 24 տարեկան հասակում, քվանտային մեխանիկայի մեջ հսկայական ներդրում է ունեցել, եղել է ամենաերիտասարդ Նոբելյան մրցանակակիրը, մրցանակի արժանանալով 31 տարեկան հասակում։

2025 թվականը, ՄԱԿ-ը հայտարարել է Քվանտային գիտության և տեխնոլոգիաների տարի՝ կարևորելով այդ հսկայական գործը։

Հայզենբերգի ինքնակենսագրական գիրքը կազմված է 20 գլուխներից, որտեղ հեղինակը քվանտային տեսության սկզբունքներից ելնելով՝ շոշափում է ոչ միայն ֆիզիկայի, այլ փիլիսոփայության, կրոնի, հասարակական և այլ հարցեր։ Նա գիտնական էր, որի մեջ միավորված էր հումանիտար ու բնական գիտակարգերը։

Խաչիկ Գրիգորյանն ասում է, որ այս գիրքը և՛ իր, և՛ ֆիզիկայի, և՛ 20-րդ դարի ողբերգական իրադարձությունների մասին է, նաև՝ գիտնականի տեղի մասին է․ արդյո՞ք գիտնականն իրավունք ունի ազատորեն հայտնագործություն անել և իր հայտանագործությունը հանրայնացնել։ Պատերազմից հետո դա դառնում է Հայզենբերգի գլխավոր թեման՝ կործանված Գերմանիայի գիտության վերականգնումը և այն առավել վերահսկելի ու մարդկային դարձնելը։

Կարդացեք նաև

Back to top button