ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Տարեցտարի ավելի քիչ մարդ է մեկնում Գերմանիա բուժվելու. գերմանացի ուռուցքաբան

Երևանում մեկնարկել է Հայ-գերմանական ուռուցքաբանության դպրոցի 6-րդ կոնֆերանսը, որի շրջանակներում Գերմանիայի տարբեր համալսարանական կլինիկաների պրոֆեսորներ և առաջատար մասնագետներ հանդես են գալու դասախոսություններով: Գերմանացի մասնագետները, բացի դասախոսություններից, կմասնակցեն նաև քննարկումների՝ կլինիկական դեպքերի վերաբերյալ։ 2015 թվականից արտերկրի մասնագետների հետ համագործակցությունը, ըստ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի, փաստացի որակական փոփոխություն է հաղորդել ոչ միայն բժշկական համալսարանին, այլև ամբողջ առողջապահական համակարգին, և արդյունքը, ինչպես փաստել են մասնագետները, ավելի հմուտ բժիշկներն են, ավելի արդյունավետ բուժումը։

Մինչ քաղցկեղով հիվանդ բազմաթիվ բուժառուներ բուժում են փնտրում այլ երկրներում, Գերմանիայի մասնագետները արդեն մի քանի տարի է՝ իրենց փորձը բերում են Հայաստան։ Գլուխ–պարանոցի ուռուցքներից մինչև գինեկոլոգիա․ ոչ միայն հայ մասնագետներն են փորձառություն ստացել Հայաստանի սահմաններից դուրս, այլև հենց իրենք՝ գերմանացի բժիշկներն են հյուրընկալվել Հայաստանում՝ տեղում փոխանցելու մասնագիտական հմտությունները։ Այսօր էլ առանձին իրավիճակներում, երբ արտասահմանցի գործընկերների խորհրդի կարիքն ունեն, կապի են դուրս գալիս, փորձում են միասին գտնել լուծումներ, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Օնկոլոգիայի կլինիկայի ղեկավար Լիլիթ Հարությունյանը:

«Մենք ունենում ենք տարբեր երկրներից և տարբեր քաղաքներից մասնագետներ, որոնք գալիս են իրենց փորձը փոխանակելու: Մենք էլ իրենց հետ քննարկում ենք մեր հիվանդների, բժշկական դեպքերը և կլինիկական հարցերը: Բավականին արդյունավետ համագործակցություն է ստացվում: Մենք վերապատրաստումներից հետո հնարավորություն ունենք նաև նրանց հետ կապի դուրս գալու: Բարդ և ոչ միանշանակ կլինիկական դեպքերի ժամանակ քննարկում ենք բուժման տակտիկական հարցերը և դիմում նրանց: Դա բավականին մեծ դերակատարում ունի թե՛ մասնագետների կրթման մեջ, թե՛ մեր պացիենտների բուժման որակի և արդյունքների մեջ»:

 Հայ–գերմանական ուռուցքաբանության դպրոցը ստեղծվել է հաշվի առնելով ոլորտում առկա բազմաթիվ խնդիրները։

Հաննովերի բժշկական դպրոցի գիտահետազոտական աշխատանքների գծով պրոֆեսոր Յորգ Հայերնը ընդգծում է՝ արդյունքն ակնհայտ է. ոչ միայն պացիենտներն են սկսել ավելի հաճախ գնալ հետազոտման, այլև մասնագետներն են ավելի հմուտ, ավելի պատրաստված։

«Վերջին 10 տարիներին, որ ես գալիս եմ Հայաստան, նկատում եմ հայ մասնագետների կողմից ուռուցքաբանական աջակցության դրական դինամիկա, ուստի բուժման ոչ պակաս արդյունք են ապահովում նաև հայ մասանգետները Հայաստանում։ Եվ դա նշանակում է, որ տարեց տարի ավելի քիչ թվով մարդիկ կարիք ունեն Գերմանիա տեղափոխվել բուժման նպատակով։ Բացառիկ դեպքեր են լինում դա էլ որպես կանոն, արդեն բարդացած դեպքերն են լինում»։

Հաշվի առնելով, որ ամբողջ աշխարհում քաղցկեղով հիվանդների հետ առավել հաճախ բուժքույրերերն են աշխատում և հենց նրանք են հետևում, որ հիվանդները հետևեն բժիշկի ցուցումներին, շատ կարևոր է նաև բուժքույրերի վերապատրաստումը։ Ի վերջո ճշգրիտ ախտորոշումից և բուժումից բացի նաև բուժքույրական մասնակցությունն է կարևոր հիվանդի ապաքինման ճանապարհին։ Հայ–գերմանական դպրոցում նաև նրանց չեն մոռացել։

Հայաստանի բուժքույրերի միավորման նախագահ Գեղանուշ Ստեփանյան․

«Հոգեբանական աջակցությունը հիվանդներին, պացիենտի խնամքը, դրա վրա մենք շատ ենք շեշտը դնում: Եվ այո, ես վստահ կարող եմ ասել, որ մեր բուժքույրերը սահուն տիրապետում են իրենց հմտություններին: Ես ինքս հաստատություններում հանդիպում եմ բուժքույրերի հետ, և աշխատանքի ընթացքում գործնական պարապմունքներում ու իրենց շփման կուլտուրայում կան որոշակի նորմեր: Վստահ ասում եմ՝ այո, մեր բուժքույրերը շատ սահուն տիրապետում են իրենց աշխատանքին, հիվանդների հետ աշխատելուն, և ամենակարևորը՝ աջակցությանը հոգեբանորեն՝ և՛ բուժառուին, և՛ իր հարազատներին»։

Քաղցկեղային հիվանդությունների թիվն աճում է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Համեմատելիս հայաստանյան պատկերն անգամ ավելի հուսադրող է, քան, օրինակ, զարգացած երկրներում։ Հիվանդացության աճը նորմալ է՝ նկատում են օնկոլոգները, նորմալ չէ, երբ քաղցկեղը ուշ է հայտնաբերվում։ Իսկ այս առումով Հայաստանը մտահոգիչ ցուցանիշներ ունի, ասում է բժշկական համալսրանաի պաթոլոգիայի ամբիոնի ղեկավար Փառանձեմ Խաչատրյանը։

«Կարծում եմ՝ շատ ավելի ճիշտ կլիներ պրոֆիլակտիկ առողջապահությանը գնալ: Մենք դեռ չունենք այդ կուլտուրան զարգացած, որ կարողանանք ավելի շուտ դիմել, քաղցկեղի ավելի վաղ շրջաններում կարողանանք հայտնաբերել և պայքարել դրա դեմ: Բայց կարծում եմ՝ առողջապահական համակարգի զարգացման, ապահովագրության  ներդրմանը զուգընթաց գնալով, ավելի հանրային մոտեցումները, ընկալումը կմեծանա ու պարբերաբար պրոֆիլակտիկ հետազոտությունների կգնան, հետևաբար, շատ ավելի վաղ փուլերում կհայտնաբերենք և շատ ավելի հեշտ կլինի բուժել»:

Վաղ ախտորոշումը հիմնականում բուժման լավ արդյունք է ապահովում։ Հատկապես ծխախոտ և ալկոհոլ օգտագործողներին մասնագետները հորդորում են ավելի հաճախակի գնալ հետազոտման, քանի որ քաղցկեղի առաջացման պատճառներից են նաև ոչ առողջ ապրելակերպը, ճարպակալումը, գենետիկան, սթրեսը։

Կարդացեք նաև

Back to top button