Հասարակություն

Արվեստի ու բնության դասեր՝ ամառային ճամբարում

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»

Տավուշի մարզի Կողբ գյուղի գեղարվեսի դպրոցի սաների ամառային հանգիստը տարբերվում է մյուս դպրոցականների հանգստից: Նրանք արդեն տասը տարի է ինչ մեկամսյա ակտիվ հանգիստ են կազմակերպում Տավուշի անտառներում, վրանների տակ:

Վրանային ճամբարականները այս կերպ մոտիկից շփվում են բնության հետ, ստեղծագործելիս ներշնչվում բնապատկերներով և սիրում բնությունը՝ ստանձնելով բնապահպանի դերը: Տարեցտարի վրանային ճամբարի մասնակիցներ են դառնում նաև հանրապետության մյուս մարզերի երեխաները։

Տավուշի մարզի Կողբ գյուղի գեղարվեստի դպրոցն ամառային հանգստն իր անունն ունի՝ լիագումար սիմպոզիում, որտեղ կրթօջախի սաները հաճույքով գալիս ու մնում են անտառում, կազմակերպում հագեցած առօրյան, դրսևորում իրենց ունակությունները:

Կողբի արվեստի դպրոցում սովորում են ոչ միայն Կողբ գյուղի, այլ նաև հարակից բնակավայրերի տաղանդավոր աշակերտները: Բաղանիս գյուղից Կամո Հովակիմյանը 14 տարեկան է, նկարչական խմբի սան է, սիրում է բնություն նկարել և ցանկանում է դառնալ հայտնի նկարիչ։

Կողբի գեղարվեստի դպրոցի ուսուցիչ Արա Ղուլիջանյանը նշեց, որ երեխաներն ապրում են վրանների տակ, իրենց առօրյան կազմակերպելու համար կան նվազագույն պայմանները՝ խոհանոց, տաղավար, մահճակալներ, ջուր : Երեխաները սիրով եմ մասնակցում վրանային ճամբարներին:

Սննդի խնդիր չունեն, խոհանոցում սահմանված է հերթապահություն, օգնում են խոհարարին, մաքուր են պահում շրջապատը, մասնակցում են բնապահպանական ու արվեստի պատմության դասընթացներին, կազմակերպում են մրցույթներ, որոնցից մեկը՝ «Բնությունը և ես» խորագրով, մասնակցում են բոլոր ճամբարականները, այդ թվում՝ ուսուցիչները:

Ունեն նաև փոստ, որտեղ երեխաներն անում են իրենց առաջարկությունները, դիտողությունները: Ուսուցչուհի, կազմակերպիչ Աննա Նասիբյանը տեղեկացրեց, որ Կողբի արվեստի դպրոցի երեխաները նաև բնապահպաններ են, մաքրում ու խնամում են շրջապատը: Կենցաղային աղբն էլ տեսակավորում են։

Դե իսկ օրն ավարտվելուն պես՝ հավաքվում եմ խարույկի շուրջ. երգում, նվագում։

Back to top button