Եվրահանձնաժողովը որոշել է 798 միլիոն եվրոյով տուգանել Meta ընկերությանը՝ մեղադրելով մրցակցային օրենսդրությունը խախտելու մեջ։
Meta-ն Facebook-ի ինտերֆեյսում ներառել է իր կոմերցիոն վիրտուալ հարթակը` Facebook Marketplace: Ըստ ԵՄ կառավարության, դրանից հետո այլ ծառայությունների կոմերցիոն գովազդների համար ստեղծվել են մրցակցային ոչ բարենպաստ պաjմաններ:
Meta-ն անարդար է համարում Եվրահանձնաժողովի որոշումը և մտադիր է բողոքարկել։
Մրցակցության հարցերով եվրահանձնակատար Մարգրետ Վեստագերը, մեկնաբանելով տուգանքը, ասել է, որ Մետան միտումնավոր սահմանափակել է գովազդային այլ ծառայությունների իր հետ մրցելու հնարավորությունը:
Եվրահանձնաժողովի անդամն ասել է, որ Meta-ն պետք է դադարեցնի այդ գործելաոճը։
Meta-ն հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը որևէ ապացույց չի ներկայացրել, որ Facebook-ի մենյուներում Facebook Marketplace-ի առկայությունը որևէ կերպ վնասել է մրցակիցներին կամ հաճախորդներին:
«Այս որոշումը կայացնելիս Եվրահանձնաժողովն անտեսել է շուկայի իրողությունները», — ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Եվրահանձնաժողովը 800 միլիոն տուգանքի մասին որոշում է կայացրել՝ հիմնվելով 2021 թվականին «Մետայի» մրցակիցների բողոքից հետո իր իսկ սկսած հետաքննության արդյունքների վրա։