ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Պիցցայից մինչև գազավորված ըմպելիք․ Հայաստանում երեխաների սննդակարգը «առողջացնելու» քայլերը 

10 տարի առաջ Տավուշի մարզի Բերդ համայնքի նախադպրոցական հաստատություններում փոխվեց սննդացանկը։ Փոփոխություններն առաջիկայում կհասնեն Արագածոտնի մարզ։ Հայ օգնության ֆոնդի կողմից իրականացվող ծրագրի պատճառը երեխաների շրջանում սակավարյունության և թերսնման ոչ սփոփիչ ցուցանիշներն էին։ Սրան զուգահեռ Առողջապահության նախարարությունից խոստանում են լուծել դեռահասների կողմից էներգետիկ և գազավորված ըմպելիքների չարաշահման հարցը։

Տապակած կարտոֆիլ, մակարոնեղեն, պիցցա․ սննդաբաններն ահազանգում են՝ երեխաներին ոչ թե արագ, այլ առողջ սնունդ է հարկավոր։

Գաստրոէնտրոլոգ Վարդանուշ Պետրոսյանն ասում է՝ անառողջ սնվելու խնդիրը լուծելու համար գումարը անհրաժեշտ է, բայց ոչ բավարար:

«Քաղաքի ամենաթանկ դպրոցներից մեկում էի, հսկայական գումար էին տալիս, բայց միևնույն է մակարոն, մակարոն և էլի մակարոն։ Երբ  ինչ–որ մանկապարտեզի ասում ես ճաշացանկը փոխենք, ասում են, մեր երեխաները չեն ուտի, բայց փորձը ցույց է տալիս, որ երեխաները շատ լավ ուտում են ամեն ինչ, մանկապարտեզը լավագույն տեղն է նրանց սննդային վարքագիը փոխելու համար»:

Հայ օգնության ֆոնդը 2013թ.-ին «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագրի շրջանակում նախադպրոցական երեխաների շրջանում սակավարյունության և թերսնման ցուցանիշների վերաբերյալ հետազոտություն է իրականացրել։ Կառույցի առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանը մանրամասնում է՝ կատարված ուսումնասիրությունը գոտեպնդվելու առիթ չէր տվել։

«Բավականին բարձր էին գնում միջազգային ցուցանիշների համեմատ մինչև 6 տարեկան երեխաների մոտ սակավարյունության ցուցանիշը, աճի դանդաղման ցուցանիշը»։

Ուսումնասիրությունից 1 տարի հետո Տավուշի մարզի Բերդ համայնքի 18 բնակավայրերի մանկապարտեզներին բարեգործական կազմակերպությունը օգնեց ճաշացանկը փոխելու հարցում։ 10 տարվա ընթացքում տարբերությունը զգաց շուրջ 1200 երեխա։ Տան սննդացանկի մասով խնդիրները նույնպես շատ էին։

«Օրինակ, իրենց բակի բանջարեղենը օգտագործելու փոխարեն խանութից չիպս գնել և երեխային տալը, ձու տալու փոխարեն «սնիկերս» տալը։ Անդրադարձ անեմ մայրերից մեկի ասածին, որ ինչ-որ ժամանակ հետո երեխան տուն էր գալիս մանկապարտեզից և ասում՝ ես մանկապարտեզի ճաշից եմ ուզում, մանկապարտեզի աղցանից եմ ուզում։ Մենք շատ դժվարությամբ կարողացանք, օրինակ, որոշ մանկապարտեզներում ներդնել էդ աղցանների մշակույթը՝ որոշակի ածխաջրերով հարուստ»։

Բարեգործական կազմակերպության ծրագրի գործընկերն է Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Կիմ Հեքիմյանը: Առողջապահության ոլորտի մասնագետն արդյունքները դրական է գնահատում, նշում՝ պատրաստվում են ճաշացանկն «առողջացնել» նաև Արագածոտնի նախադպրոցական հաստատություններում։

«Բոլորը հիմա տաք ճաշ տալու կարիք ունեն, և ոչ միայն բուլկի ու մի բաժակ կաթ, այլ իսկապես սննդարար ճաշ, բայց մտածված՝ լոբով օրինակ, որովհետև մենք գիտենք, որ լոբին, ոսպը հարուստ են միկրոսննդով։  Մենք ամեն ինչ պետք է անենք, որ օպտիմալ սնունդ տանք մեր երեխաներին՝ առաջին օրից: Դա կրծքով կերակրելն է՝ մայրական կաթն է: Բայց, մեր հիվանդանոցներն էլ պետք է իրենց դերը կատարեն, պետք է քաջալերեն մայրերին կրծքով կերակրեն և ոչ թե անմիջապես սկսեն արհեստական կաթով»։

Հայաստանի Առողջապահության ազգային ինստիտուտը 2021 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ ուսումնասիրել է հայկական 5 առաջատար հեռուստաալիքներով սննդի և ըմպելիքի գովազդները՝ պարզելու ինչպիսի քարոզչություն է տարվում մինչև 16 տարեկաներ եխաների շրջանում  ճարպերի, աղի և շաքարի բարձր պարունակությամբ արտադրանքի վաճառքը խթանելու համար։

Կառույցի ներկայացուցիչ Դիանա Անդրեասյանը մանրամասնում է՝ 316 եթերային ժամի ընթացքում  դիտարկվել է 5165 գովազդային հոլովակ:

«Երբ մենք գնահատում էինք, ի սկզբանե մեզ հետաքրքիր էր, թե սննդամթերքի և ըմպելիքների գովազդի տոկոսն ինչքան է: Այն կազմում էր համարյա թե  31%–ը: ԱՀԿ-ի կողմից  սննդային մոդելի պրոֆիլի հիման վրա մենք գնահատում էինք՝ արգելված է սննդամթերքը երեխաների համար, թե ոչ: Քանի որ այնտեղ ներառված են 17 կատեգորիաներ, որոնցից 5-ն արգելված են՝ դա շոկոլադն է, հրուշակեղենն է, գազավորված ըմպելիքներն են, հյութերն են և սառեցված ըմպելիքները՝ պաղպաղակը : Պարզեցինք, որ շոկոլադի և հրուշակեղենի գովազդը կազմում է 30%, գազավորված ըմպելիքները՝ 20%, թեյը, սուրճը՝ 16%, պոպկորն, արածաղիկ, բուսայուղեր՝ 5.6%»:

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ  Լենա Նանուշյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում համաձայնում է՝ 16 տարեկանից ցածր խմբի սննդակարգում խնդրահարույց է գազավորված և էներգետիկ ըմպելիքների չարաշահումը։

«Երեխաների շրջանում բավականին բարձր է քաղցր գազավորված ըմպելիքների օգտագործումը և տեսնում ենք՝ ինչ ագրեսիվ մարքեթինգ է իրականացվում հեռուստատեսությամբ, տարբեր սոցցանցերում։ Պարզ է, որ երեխաները պետք է ծնողներից պահանջեն գազավորված ըմպելիքները, ծնողներն էլ շատ հաճախ չհասկանալով դրա առողջական հետևանքները, գնում են։  Դրանով պայմանավորված ունենում ենք քաշի ավելացում երեխաների ու նաև իհարկե շաքարային դիաբետի հետ կապված խնդիրներ»։

Առողջապահության ոլորտի պատասխանատուն հայտնում է՝ նախարարություննաշխատում է գործընկերների հետ այն ուղղությամբ, թե ինչպես դեռահասների շրջանում  նվազեցնել վնասակար ըմպելիքների օգտագործումը։

Պաշտոնյան առաջիկայում հնարավոր է համարում օրենսդրական փոփոխությունները, այդ արտադրատեսակների մասով հարկերի ավելացումը։

Կարդացեք նաև

Back to top button