ԼուրերԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հաագայում Հայաստանը «4։1» հաշվով հաղթեց Ադրբեջանին․ ինչո՞ւ է Բաքուն վախենում դատական գործընթացներից

Որ Ադրբեջանը հանցավոր դիտավորությամբ է գործել 2020-ին, ապացուցում են ադրբեջանցի զինվորականները։ Իրավապաշտպան Աննա Մելիքյանն ասում է՝ փաստահավաք աշխատանքներին ամենաշատը օգնել են ադրբեջանական տելեգրամյան ալիքների կամ սոցիալական այլ ցանցերի  հրապարակումները պատերազմական հանցագործությունների մասին։

«Շուրջ 80 քաղաքացիական անձանցից, որոնք համարվում են զոհված, շուրջ կեսը սպանվել է դիտավորության արդյունքում։ Նրանց մեծ մասը տարեց, հաշմանդամություն ունեցող մարդիկ էին, նաև՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող։ Առնվազն 7 կին, ըստ արձանագրված տվյալների, ենթարկվել են խոշտանգման՝ գլխատումների և այլ բռնության մինչև սպանվելը։ Իրենց մասին քիչ է խոսվել, բայց 2022-ին, երբ կին զինծառայողները դարձան համանման վերաբերմունքի զոհ, նոր սկսեցին խոսել, որ ոչ միայն տղամարդիկ են եղել դաժանագույն պատերազմների զոհ, այլև կանայք»։

Ադրբեջանը հմտանում է ոչ միայն greenwashing-ի, այլև peacewashing-ի գործում՝ իմիտացիա ստեղծելով, թե իր համար կարևոր են մարդու իրավունքները։ Մինչ Բաքվում քննարկվում են կլիմայի փոփոխության հարցերը, Երևանում թվերով ու փաստերով արձանագրվում է՝ ի՞նչ փոխվեց Արցախում նախորդ 4 տարիներին։ Պատերազմական հանցագործություններին հաջորդած էթնիկ զտումներն այդ փոփոխության գագաթնակետն էր՝ ասում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ու հավելում՝ երբ 120 000 հազար հայ, այդ թվում՝ 30 000 երեխա, ամեն օր գոյության կռիվ էր տալիս, աշխարհն Արցախին միայն գեղեցիկ ձևակերպումներով հայտարարություններ էր ուղարկում։

«Իրապես զարմանալի է, թե ինչպես կարող է աշխարհն ուղղակի սնանկ, ոչինչ չասող հայտարարություններով այդ ամենին արձագանքել՝ առանց կոնկրետ գործողությունների։ Երբ աշխարհի աչքի առաջ 120 000 մարդ, այդ թվում 30000 երեխաներ ամենօրյա ռեժիմով ենթարկվում էիւն նման տառապանքների։ Ես շատ լավ հիշում եմ խոսակցությունս արցախցի տարեց կնոջ հետ, ով երիկամների խնդիր ուներ, և դիալեզ հնարավոր չէր Արցախում իրականացնել, կինը լացում և ասում էր՝ ավելի լավ է ես մեռնեմ այստեղ, քան ինձ տեղափոխեն և ճանապարհին առևանգվեմ ադրբեջանցիների կողմից։ Ահա այն պարզ օրինակը, որով կարելի է հասկանալ՝ ինչ երկընտրանքի առաջ էր կանգնած Արցախի ժողովուրդը, ինչպիսի վատթարագույն վիճակում էր»։ 

2020-ից հետո գերեվարվել է առնվազն 300 հայ, նրանցից 210-ը հայրենադարձվել է, այժմ պաշտոնական տվյալներով 23 հայ է պահվում Բաքվի բանտերում, նրանցից 5-ը գերեվարվել են 44-օրյա պատերազմի արդյունքում, մյուսները՝ այդ թվում Արցախի ռազմաքաղաքական 8 ղեկավարները, 2023-ին՝ արցախցիների բռնի տեղահանության ժամանակ։ Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանն ասում է՝ այս թվերի հետևում անմեկնելի մարդկային դաժանություն կա․ խոշտանգումների դեմ պայքարող որևէ միջազգային մեխանիզմ դեռ ի վիճակի չի եղել անցնելու ադրբեջանական բանտախցերից ներս։ Ավելին՝ ԿԽՄԿ-ի աշխատակիցների այցերը որևէ կերպ չեն ապահովագրել այնտեղ պահվողներին խոշտանգումներից ու վատ վերաբերմունքից․

«Դրանց հաճախակիությունը չի կարող ապահովագրել խոշտանգումներից կամ վատ վերաբերմունքից զերծ մնալու հնարավորությունը։ Ֆիզիկական բռնության ինտենսիվությունը պատկերացնելու համար պարզապես արձանագրենք, որ առանձին անձանց մահը վրա է հասել հենց բռնությունների արդյունքում, մենք ունենք արձանագրված դեպքեր, երբ պարբերական ծեծի և այլ բռնությունների հետևանքով անձը փակ հաստատությունում գտնվելու ժամանակ սպանվել է»։

Այս ամենի ականատեսն են եղել նաև իրավաբանները։ Սահակյանն ասում է՝ Բաքվում պահվող հայերի իրավունքները պաշտպանողները Ադրբեջանում լիցենզիա ստացած և վախի մթնոլորտում աշխատող փաստաբաններն են, իսկ հայրենադարձված գերիների հետ զրույցները ցույց են տվել, որ վերջինները ոչ միայն չեն տեսակցել ու քննարկել դատական գործի մանրամասները, այլև անուղակիորեն նպաստել են պետական խտրական քաղաքականությանը։

«Անգամ խոցելիության մի քանի հատկանիշ ունեցող գերիներին, ինչպիսիք են տարիքը և սեռը, հատուկ պաշտապանություն չի տրամադրել։ Գրեթե նույն ինտենսիվությամբ նրանք արաժանացել են վատ  վերաբերմունքի՝ չլինելով զինվորականներ, լինելով, օրինակ, իգական սեռի ներկայացուցիչ կամ տարեց»։ 

Ըստ միջազգային իրավունքի՝ թվարկված գործողությունները ցեղասպանությո՞ւն, թե՞ էթնիկ զտում են՝ հարցին միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը պատասխանում է՝ Ադրբեջանը փորձում է դրանք տեղավորել «պատերազմի էֆեկտ» կապակցության մեջ, այնինչ 2 օր առաջ Արդարադատության միջազգային դատարանը փաստեց՝ Ադրբեջանը գործել է էթնիկ զտումների համատեքստում։

«Ադրբեջանը դատական վարույթներում, այդ թվում նաև 2 օր առաջ Արդարադատության միջազգային դատարանի 2 որոշումներում, այդ  ամբողջը փորձում է ներկայացնել որպես պատերազմի էֆեկտ։ 2 պետությունները պատերազմում են, բնականաբար պետք է թշնամանան, և բնականաբար այնտեղ քաղաքներ և գյուղեր պետք է ավերվեն, դիտավորության նպատակը փորձում է քողարկել։ Բայց դրանք քաղաքական բանակցություններ չեն, որտեղ բանակցությունը շահում է նա, ով ավելի շատ քաղաքական ռեսուրս ունի, այստեղ նորմի գերակայություն է տիրում։ Ինչո՞ւ է Ադրբեջանը այդքան շատ վախենում դատական գործընթացից, որովհետև դատական գործընթացում ճշմարտությունը բացահայտվում է հեշտությամբ։ Այն, ինչ մենք տեսանք՝ 2 օր առաջ Հայաստանը կարելի է ասել 2 գործերով էլ շահեց»։

Ղազարյանն ասում է՝ Ադրբեջանը 2 օր առաջ Հաագայում ֆուտբոլային խոշոր հաշվով պարտվեց Հայաստանին՝ ի տարաբերություն քաղաքական պայմանավորվածությունների, իրավական նորմերն ավելի հեշտ են ճշմարտությունը ջրի երես հանում, այստեղ, ասում է մասնագետը, Հայաստանը կարող է հասնել նաև արցախցիների՝ վերադարձի իրավունքի իրագործմանը։

«Դրանով են շատ լավ այս դատական գործընթացները, որտեղ գերիշխում է նորմը։  Օրենքի գերակայությունը, որտեղ նույնիսկ պատերազմի դաշտում պարտված պետությունը կարող է ֆուտբոլային հաշվով ասած «4։1» հաշվով պարտության մատնել Ադրբեջանին, դա երկու օր առաջ Արդարադատության միջազգային դատարանում մենք տեսանք, որտեղ Ադրբեջանի բազմաթիվ միֆեր ցրվեցին և Հայաստանը որոշակի առավելություններ ձեռք բերեց, այդ թվում նաև վերադարձի իրավունքի մասին»։

Առաջին հայացքից բնապահպանության հետ աղերս չունեցող քննարկման առիթը շվեդ հայտնի բնապահպան, ակտիվիստ Գրետա Թունբերգի՝ Հայաստան այցն է։ Նա Բաքվի համաժողովին մասնակցելու փոխարեն եկավ Երևան ու հայտարարեց՝ երկիրը, որ էթնիկ զտումներ է իրականացնում հայերի դեմ, ոտնահարում մարդու իրավունքները, իրավունք չունի խոսելու կլիմայական արդարությունից։

«Այն շարունակական տառապանքը, որի միջով անցնում են հայերը՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի արդյունքում, այն խոշտանգումները, բռնի տեղահանումները, որոնց միջով մարդիկ անցել են, անընդունելի է, ավելի անընդունելի է այն, որ աշխարհը մնում է լուռ և թույլ տալիս Ադրբեջանին կանաչով լվանալ իր հեղինակությունը»։ 

Թունբերգը վաղը ակցիա կիրականացնի Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի առջև՝ դարձյալ  COP29-ի թեմայով։

Կարդացեք նաև

Back to top button