Ալիևի՝ սեփական վարկանիշը բարձրացնելու ջանքերին զուգահեռ նվազում է COP29-ին մասնակցող երկրների թիվը։ Դեռ կարելի է ասել նոր սկսված միջազգային համաժողովի ողջ շեշտադրումը, ինչպես և սպասվում էր, հակահայկական քարոզչությունն է։ Թիրախում է նաև Ֆրանսիան, մեղադրանքներ են հնչել Փարիզի հասցեին, ինչը անընդունելի են համարել թե՛ Ֆրանսիայի շրջակա միջավայրի նախարարը, և թե՛ ԵՄ բարձր ներկայացուցիչ Բորելը։
Ադրբեջանում կլիմայի փոփոխության գլոբալ համաժողովին մասնակցող երկրները սատարում են բռնապետական Ադրբեջանին ու նրա նախագահ Ալիևին, համոզված է քաղաքագետ Արա Պողոսյանը։ Նա «Ռադիոլուրի» հետ զրույցում, վերլուծելով համաժողովում Ալիևի և Բաքվի այլ պաշտոնյաների հակահայկական ելույթները, շեշտում է՝ Ալիևն այն վերածել է սեփական PR վարկանիշը բարձրացնելու միջոցի։
«Ի սկզբանե ակնհայտ էր, որ Ադրբեջանում կազմակերպվող COP29 համաժողովը վերածվելու է այսպես ասած՝ ալիևյան բենեֆիսի։ Ալիևը փորձելու է այստեղ լուծել բացառապես ադրբեջանական հարցեր, ներադրբեջանական նաև խնդիրներ։ Այն, ինչ որ մենք տեսնում ենք, ըստ էության հաստատում է այն, ինչը մենք նախորդիվ պարբերաբար խոսում էինք, որ սա ընդամենը Ալիևի համար հնարավորություն է անձնական PR իրականացնելու, սեփական խնդիրները լուծելու և այլ պետությունների հետ հաշվեհարդարներ տեսնելու համար»:
Ֆրանսիայի շրջակա միջավայրի նախարար Ագնես Պանիեր-Ռունաշերը հայտարարում է Բաքու չմեկնելու, կլիմայի փոփոխության գլոբալ համաժողովին չմասնակցելու մասին ։
Նա անընդունելի է համարում Ալիևի մեղադրանքները Ֆրանսիայի հասցեին՝ գաղութատիրության և մարդու իրավունքների ոտնահարման համար։ «Նախագահ Ալիևի խոսքերն ընդդեմ Ֆրանսիայի և Եվրոպայի, Բաքվում COP29-ի ընթացքում՝ անընդունելի են», — Ֆրանսիայի Սենատում ասել է Ֆրանսիայի շրջակա միջավայրի նախարարը, հակադարձելով, որ Ալիևը կլիմայի փոփոխության դեմ պայքարն օգտագործում է սեփական ամոթալի օրակարգը առաջ մղելու համար։
Խոսքը Նոր Կալեդոնիայի կղզիներում կես տարի առաջ կազմակերպված բողոքի ցույցերի մասին է։ Դրանք վերաճել էին անկարգությունների և ուղեկցվել հրկիզումներով ու սպանություններով։ Տեղի բնակիչները իբր բողոքում էին Ֆրանսիայի որոշման դեմ, ըստ որի՝ կղզում բնակություն հաստատած Ֆրանսիայի քաղաքացիներն արդեն իրավունք ունեն մասնակցելու ընտրություններին։ Նրանք մտավախություն ունեին, որ Փարիզը այդպիսով փորձում է մեծացնել իր ազդեցությունը ։ Նոր Կալեդոնիայում անկարգություններ հրահրելու համար Ֆրանսիան մեղադրում է Ադրբեջանին։
Ալիևn Արցախում իր իսկ նախաձեռնած էթնիկ զտումները քողարկելու համար մեղադրանքներ է հնչեցրել Փարիզի հասցերին և դժգոհել , որ Ֆրանսիային չմեղադրեցին ո՛չ Եվրահանձնաժողովը, ո՛չ Եվրախորհրդարանը, ո՛չ էլ Եվրախորհուրդը։
Քաղաքագետ Արա Պողոսյան․ «Վերջին հակահայկական և հակաֆրանսիական հայտարարությունների ֆոնին, տարօրինակ էր, որ նաև ծափողջյուններ եղան դահլիճում, ինչը իսկապես ցավալի է, հատկապես այն իմաստով, որ շատ երկրներ դարձել են մասնակիցը ալիևյան այդ խեղկատակության»։
Ալիևի մեղադրանքներին արձագանքել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ Նա X-ում գրել է, որ այդ հայտարարությունները կարող են խաթարել կլիմայի փոփոխության կոնֆերանսի կարևոր նպատակները և Ադրբեջանի՝ COP29-ում նախագահության վստահելիությունը․
«Մենք աջակցում ենք Ֆրանսիային և Նիդեռլանդներին։ ԵՄ-ն և նրա անդամ երկրները կլիմայի գլոբալ ֆինանսավորման ամենամեծ ներդրողն են՝ աջակցելով գործընկերներին ողջ աշխարհում կլիմայի փոփոխության դեմ պայքարում: Մենք դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների հարձակումները ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների վրա, որոնք բախվում են երկրում մարդու իրավունքների ճգնաժամային իրավիճակին» ։
Քաղաքագետ Արա Պողոսյանի համոզմամբ՝ հակաֆրանսիական քարոզչությունը COP-ի շրջանակներում, պատասխանն է Փարիզի կողմից ՀՀ նկատմամբ դրական վերաբերմունքի։ Նա համոզված է, որ Բաքվի համաժողովում հնչած հակահայկական ու հակաֆրանսիական քարոզչությունն անհետևանք չի մնա․
«COP29 իր ոգու և նպատակների մեջ Բաքվում տապալված է։ Կարելի է ասել, որ ծառայում է բոլորովին այլ նպատակների համար, որոնք աղերս չունեն COP29-ի նախապես հանրահռչակած նպատակների հետ։ Այդ պատճառով դա ազդեցություն կունենա հետագա գործընթացների վրա։ Ես կարծում եմ՝ լինելու է նախադեպային այս համաժողովների նկատմամբ վստահության իմաստով։ COP29 շատ կասկածելի համաժողովի է վերածվել, կարելի է ասել, որ այս պահին սպասարկում է բռնապետական ռեժիմին, սպասարկում է ցեղասպանություն իրականացրած իշխանության շահերը։ Մեծ ցավ կարելի է ապրել այն իմաստով, որ COP-29 հետագա նման համաժողովների վրա ստվեր է գցելու»։
COP-29-ից ընդամենը չորս օր է անցել, սակայն աղմուկը բարձր է ու նպատակներն՝ ակնհայտ։ Մի շարք երկրների ու միջազգային կառույցների ղեկավարներ հրաժարվել են մասնակցել համաժողովին։ Այդ թվում՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենը, ԱՄՆ նախագահ Բայդենը, Գերմանիայի կանցլեր Շոլցը, Կանադայի վարչապետ Թրյուդոն, ՌԴ նախագահ Պուտինը։ Մի քանի ժամ առաջ էլ նման որոշում է կայացվել Արգենտինան։