Ովքե՞ր են ադրբեջանցի մասնագետների հետ աշխատող հայ հիդրոլոգներն ու ինժեներները։ Շրջակա միջավայրի նախարարությունը փորձում է հասկանալ, թե համատեղ ինչ խմբի մասին է խոսել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը։ Վերջինը սոցցանցային գրառմամբ տեղեկացրել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի հիդրոլոգների ու ինժեներների խումբը ԱՄՆ-ի ակտիվ աջակցությամբ անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման համալիր սխեմա է մշակում։ Մինչ Երևանում կհասկանան, թե ինչ աշխատանքի մասին է խոսքը, հայ մասնագետները ընդգծում են՝ ջրային պատերազմը սկսված է, Հայաստանը պետք է կարողանա ճիշտ կառավարել իր ռեսուրսները։
Շրջակա միջավայրի նախարարությունից «Ռադիոլուրին» փոխանցում են՝ այս պահին Հայաստանի ու Ադրբեջանի հիդրոլոգների համագործակցություն կամ միասին իրականացվող որևէ ծրագիր չկա։ Նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները ներգրավված չեն նման աշխատանքներում։ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբինն էր X–ի էջում գրել։
«Ադրբեջանի և Հայաստանի հիդրոլոգների և ինժեներների խումբը ԱՄՆ-ի ակտիվ աջակցությամբ անդրսահմանային գետերի ջրային ռեսուրսների կառավարման համալիր սխեմա է մշակում»։
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը միջազգային գործընկերներին հարցումներ կուղարկի՝ պարզելու հայտարարության հիմքերը։ Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից չեն մեկնաբանում, հորդորում են հարցերն ուղղել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատուն։
Հայ մասնագետները, սակայն, մեջբերելով Ադրբեջանի նախագահի տարբեր հայտարարություններ ու ելույթներ, ընդգծում են՝ այդ երկրում ջրի խնդիր կա։ Ընթացիկ տարվա ապրիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ելույթ ունենալով Շիրվանի ջրանցքի հիմնարկեքի արարողությանը, անկեղծացել էր՝ Ադրբեջանի համար առաջնային խնդիր է ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը։
Հայ մասնագետները համաձայն են՝ Ադրբեջանն իսկապես ջրային ռեսուրսների խնդիր ունի։ Հիդրոլոգ Բենիամին Զաքարյանը «Ռադիոլուրի« հետ զրույցում ասում է․
«Ադրբեջանը ջրային ռեսուրսների խնդիրներ ունի իր երկրում։ Գուցե որոշ հատվածներում գետերի հունը փոխել ու փորձեր անի։ Ջրային պատերազմը սկսվել է, Հայաստանը պետք է բանիմաց ձևով կառավարի իր ռեսուրսները»։
Սա ենթադրում է նոր ջրամբարների կառուցում, որպեսզի ջրերն ամբարվեն հենց մեր երկրում՝ բացատրում է մասնագետը։ Կիրանց ու Ոսկեպար գետերի վերին հատվածներում, օրինակ, պետք է փոքր ջրամբարներ կառուցել ։
Զաքարյանի փոխանցմամբ՝ Հայաստանի ջրային ռեսուրսները հիմնականում ձևավորվում են մեր երկրի տարածքում, և Հայաստանը կարող է պահել ու օգտագործել դրանք։ Ջրային ռեսուրսների պահպանման ու կառավարման պլանը գրվում է վեց տարին մեկ։ Գնահատվում են ավազանի վիճակը, ռիսկերը, վերլուծվում է, թե այն որքան պետք է պահպանվի։ Որոտանն ու Ողջին՝ Սյունիքում, Արփան՝ Վայոց Ձորում, Հախինջան, Աղստև, Տավուշ գետերը՝ Տավուշի մարզում։ Թվարկած բոլոր գետերը Հայաստանում են ձևավորվում, բացառությամբ՝ Որոտանի ակունքներից մեկի, որը սկիզբ է առնում Քարվաճառից։ Աշխարհագրագետ Ռուբեն Գալչիյանը նկատում է․
«Շատ ջրեր կան, որ հոսում են դեպի Ադրբեջանի։ Ադրբեջանի աշխարհագրական դիրքը այնպես է, որ մենք բարձրադիր ենք, իրենք՝ ցածրադիր։
Գետը բնական սահման է՝ ասում է մասնագետը։ Դրա հունը հնարավոր է փոխել, բայց Հայաստանի տարածքում գետի հունը Ադրբեջանը չի կարող փոխել ՝ բացատրում է մասնագետը։
«Ադրբեջանը փորձում է մեր բոլոր գետերի վրա քանակական և որակական խնդիրներ առաջացնել։ Որոտան գետը Որոտան բնակավայրից հեռու է։ Այդ գետի ջրերը Շամբի ջրամբար են լցվում, նաև՝ վայրկայնում 18 խորանարդ մետր ջուր գնում է դեպի Ադրբեջան, շատ մաքուր ջուր է, միևնույնն է, նրանք նորից իրենք խնդիրներ են առաջացնում։ Իսկ էկոլոգիական հոսքը ընդամենը չորսից հինգ մետր խորանարդ է։ Մենք կարող ենք 12 խորանարդ մետր ջուր այնտեղից վերցնել, հետ մղել դեպի Գորիսի տարածաշրջան և այլ տեղեր, որոնք ջրի խնդիր ունեն։ Էլի բողոք, մենք ինչ էլ անենք, մեկ է, Ադրբեջանը բողոքում է»։
Բնապահպան Օլեգ Դուրգարյանը նշում է՝ Ադրբեջանի՝ հայկական գետերի վերաբերյալ ժամանակ առ ժամանակ բարձրացրած աղմուկը իրական հիմք չունի։ Եթե անգամ անդրսահմանային որևէ գետ աղտոտված է, այն ավելի շատ երկրի ներսում է խնդիրներ ստեղծում, քան երկրի սահմաններից դուրս։ Գետը հոսելով ինքնամաքրվում է՝ բացատրում է Դուրգարյանը։
«Ադրբեջանն իր գետերի վրա շատ ջրամբարներ է կառուցում, որոնց սակավացնում են ջրային ռեսուրսները, հատկապես այնպիսիները, որոնք պետք է թափվեն Կասպից ծով։ ՀԷԿ –եր է շատ կառուցում։ Ադրբեջանում արտադրություններ կան, որոնք աղտոտում են գետերը։ Դրա մասին երբեմն բարձրաձայնում են ադրբեջանցի ակտիվիստները, որոնք այլևս Ադրբեջանում չեն գտնվում։ Դրա մասին Ադրբեջանը պարզապես քիչ է խոսում։ Կարելի է նաև համարել, որ Ադրբեջանը տարածաշրջանի և ջրային ռեսուրսների, Կասպից ծովի առումով ամենաաղտոտող երկրներից մեկն է»։
Հայ մասնագետներն ընդգծում են՝ այսօր առավել քան երբևէ կարևոր է ջրային ռեսուրսների ճիշտ ու արդյունավետ կառավարումը։