ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Զգուշավոր լավատեսություն. ԱԳ նախարարը` խաղաղության պայմանագրի վերջնական տեքստի մասին

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը կմասնակցի Ադրբեջանում ընթացող COP 29 գագաթնաժողովին և ելույթ կունենա։ Մինչ այդ COP 29-ի շրջանակներում ակտուալ է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի թեման։ Հարցը քննարկվում է առանց Երևանի։ Ադրբեջանական կողմից նշվում է, որ դեկտեմբերից Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր գործընթաց կսկսվի պայմանագրի տեքստի շուրջ քննարկումները շարունակելու ուղղությամբ։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանն էլ շեշտում է, որ զգուշավոր լավատեսություն ունի վերջնական համաձայնեցված տեքստ ունենալու հարցում։

Երևանի չմասնակցելը Ադրբեջանում ընթացող COP-29-ին կարծես հանգիստ չի տալիս Բաքվին։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն կրկին անդրադարձել է հարցին ու լրագրողներին ասել, որ Բաքուն հրավեր ուղարկել է Հայաստանին՝ մասնակցելու COP29-ին, իսկ մասնակցել-չմասնակցելու որոշումը Երևանի ընտրությունն է։

Գագաթնաժողովի հենց առաջին օրը ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը լրագրողներին ասել էր, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության գագաթնաժողովին մասնակցելու որոշում դեռ չկա։ Նա նշել էր՝ հնարավոր է և՛ գնալ, և՛ չգնալ։ Թեև գագաթնաժողովի թեման կլիմայի փոփոխության հարցերն են, հայ-ադրբեջանական թեման երեք օրվա ընթացքում ամենօրյա քննարկման նյութ է։ COP-29-ը շարունակվելու է դեռ մինչև նոյեմբերի 24։

REUTERS

Հաջիևի խոսքով դեկտեմբերից Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր գործընթաց կսկսվի խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ քննարկումների ու բանակցությունների շարունակման ուղղությամբ։ Նա ասել է, որ փաստաթղթի տեքստում որոշակի հարցեր դեռ կան և փորձագիտական մակարդակով քննարկումներն ու բանակցությունները շարունակվում են։

«Քանի որ հայկական կողմը ժամանակին չի արձագանքել խաղաղության պայմանագրի տեքստի մեր առաջարկին, այս համատեքստում մենք ուշացած ենք համարում գործընթացը, հետևաբար հավանաբար դեկտեմբերից նոր գործընթաց կսկսվի»։

Հայակական կողմը մի քանի օր առաջ է ստացել խաղաղության պայմանագրի 11-րդ խմբագրված տարբերակը։

Ադրբեջանի նախագահի օգնականը նաև հայտարարել է, որ Կազանում ԲՐԻԿՍ-ի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը դրական ազդակներ է ստեղծել բանակցությունները շարունակելու համար։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ բյուջետային քննարկման ժամանակ անդրադառնալով խաղաղության պայմանագրի հարցում համաձայնության հավանականությանը, նշում է, որ զգուշավոր լավատեսություն ունի այդ առումով․

«Իհարկե, խաղաղության պայմանագիրը կա մեր և Ադրբեջանի միջև հարաբերությունների համատեքստում։ Այստեղ դեռևս մնացել են մեկ-երկու ձևակերպումներ և հոդվածներ, որոնց շուրջ աշխատանքները շարունակվում են ավելի ինտենսիվ, քան նախորդ շրջանում։ Ես կասեի, նույնիսկ ավելի համագործակցաբար, ավելի կառուցողական մթնոլորտում։ Եվ կրկին, ինչպես անցած անգամ պատգամավորներից մեկը նկատեց, ես կուզեի զգուշավոր լավատեսություն հայտնել, որ մենք իսկապես շատ մոտ ենք նրան, որ կունենանք վերջնական համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստ»:

Անհրաժեշտության դեպքում Թբիլիսին պատրաստ է ավելի լուրջ դերակատարում ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները խթանելու գործում, բայց դա կախված է գործընկերների հետ խորհրդակցություններից, COP-29 շրջանակներում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Մինչ Թբիլիսին կրկին իր աջակցությունը կամ միջնորդությունն է առաջարկում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խորհրդարանում պարզաբանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղու ապաշրջափակման և դրա գործարկման ուղղությամբ ինտենսիվ բանակցություններ են ընթանում։

Կարդացեք նաև

Back to top button