Երևանում նոյեմբերի 15-ին կայանալու է «Սիլիկոնյան լեռներ» (Silicon Mountains 2024) տեխնոլոգիական գագաթնաժողովը․ օրակարգում տնտեսության մեջ արհեստական բանականության կիրառության և մարտահրավերների հարցերն են։ Արդեն 7-րդ անգամ անցկացվող գագաթնաժողովի հետ մեծ հույսեր են կապվում։
Որո՞նք են այն հիմնական մարտահրավերները, որոնք Հայաստանի ՏՀՏ ոլորտը պետք է հաղթահարի, և ինչպիսի՞ լուծումներ են նախատեսվում դրանց համար։ Այս հարցին անդրադառնալով՝ ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը նկատում է․
«Այսինքն, այստեղ գալիս է էլի կիբերանվտանգության խնդիրը, առաջնային։ Մենք նոր տեխնոլոգիաներ ներմուծելով պետք է շատ մեծ ուշադրություն դարձնենք և շատ պատասխանատու լինենք նաև կիբերանվտանգության տեսանկյունից։ Մենք պետք է շատ զգույշ լինենք և շատ պրոֆեսիոնալ մոտենանք այս հարցին»։
Փոխնախարարի խոսքով՝ թվայնացման առաջընթացը պահանջում է վստահելի համակարգեր, որոնք կարող են պաշտպանել անձնական տվյալները:
ԱԲ-ի վերաբերյալ քննարկվում են նաև հավանական ռիսկերը, ինչպես նաև կրթական ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը: ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը նշում է, որ ԱԲ զարգացման հետ համաչափ պետք է աճի նաև աշխատողների կրթական մակարդակը: Նա չի կիսում այն վախերը, թե ԱԲ-ն տանելու է մարդկանց համար աշխատատեղերի կրճատումների կամ կործանման։
«Կարծում եմ, այդպիսի խնդիր չկա, քանի որ ինչքան էլ արհեստական բանականությունը զարգանա, ինչ-որ մեկը պետք է նրան ղեկավարի։ Այսինքն, այդտեղ ընդամենը մեծ ճնշում է գործադրում կրթական համակարգի վրա, որ արդեն աշխատակիցները շատ ավելի կրթված պետք է լինեն. ինքը կարող է աշխատի մի ժամ, բայց մնացած 7 ժամը պետք է սովորի։
Գագաթնաժողովի ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի կրթական ծրագրերին: Օրինակ, «Step AI» ծրագիրը, նախատեսված ավագ դպրոցի աշակերտների համար, կվերապատրաստի երիտասարդներին, իսկ համագործակցության արդյունքում նաև կտարածվի երկրի դպրոցներում: Այս մասին նշեց ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։
«Այս տարի մենք ակնկալում ենք մոտավորապես 1000 մասնակից և սկսելով 2017 թ.-ից, սկսելով 100, 150 մասնակցից, մենք արդեն ընդլայնել ենք մասնակիցների ցանկը։ Տեխնոլոգիական այս միջոցառումը դարձել է արդեն շատ սիրված և պահանջված ու սպասելի»։
Այս գագաթնաժողովը նպատակ ունի նպաստել Հայաստանում տեխնոլոգիական նորարարությանը և մասնավոր ու պետական ոլորտների գործակցությանը: Կազմակերպիչները համոզված են, որ հաջողվել է ստեղծել բացառիկ հարթակ։